...

Որ չասեն՝ հաջող, Վալոդիկ

Որ չասեն՝ հաջող, Վալոդիկ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Դեռևս ուշ չէ: Հայտնի ճշմարտություն է այն, որ իրական քաղաքականությունը տողատակերում է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության տողատակերից, անձամբ ես հասկանում եմ հետևյալը. եթե պաշտոնական Երևանը, ինչ-որ կերպ, հետ վերցնի, կամ գոնե խմբագրի 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Նիկոլի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ներառյալ Արցախը) ճանաչելու հայտարարությունը, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի կրկին վերադառնալ Արցախի կարգավիճակի հարցին»:

Սա բարդ խնդիր է: Մի հիմար քարը փոսն է գցել, հարյուր խելոքով չեն կարողանում հանել, այ էս պահն է: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախով հանդերձ: 

Հիմա ով էլ լինի իշխանության, շատ բարդ է լինելու այդ հայտարարությունից հետ կանգնելը: Որովհետև հենց նման բան հայտարարվի, դա Ադրբեջանի կողմից կընկալվի որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության դեմ, ագրեսիա իր ինքնիշխանության դեմ: Եվ դա կարող է նոր պատերազմի առիթ հանդիսանալ: 

Այսինքն` մինչև նման բան հայտարարելը նախ պետք է դիվանագիտական երկար, ծանր աշխատանք իրականացնել, ենթադրենք` ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությունը ստանալ, միջազգային կառույցներից այնպիսի բանաձևեր կորզել, որոնք հնարավորություն կտային Արցախի կարգավիճակի վերաբերյալ նոր դիրքորոշում հայտնել: Ինչ-որ չի երևում, որ մեր իշխանություններն ունակ են նման քաղաքականություն իրականացնել: Այսինքն, եթե ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ ինչի՞ պիտի փոխեն դիրքորոշումը: 

Բայց սա հարցի մի կողմն է: Պուտինի հայտարարությունների մեջ այլ տողատակեր էլ կային, բացի նրանից, որ ասում է, թե Հայաստանն է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, մենք ի՞նչ անենք: Նույն խոսքի մեջ Պուտինն ակնարկում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում խնդիր ունի: Այսինքն, եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է, որ Արցախի հարցը փակվում է: Իսկ եթե փակվում է, նշանակում է, որ ռուսների ներկայությունն այնտեղ դառնում է ավելորդ և անիմաստ: Նրանց մանդատի երկարաձգման հարցը կարող է ընդհանրապես չքննարկվել, Ադրբեջանը կհայտարարի, որ մենք ու Հայաստանը, որպես երկու սուվերեն պետություններ, իրար հետ համաձայնության ենք եկել, հաջող, Վալոդիկ: 

Կարծում ենք, Պուտինը սա էր ակնարկում, որ ասում էր. Արցախում մեր խաղաղապահ զորքերը պետք են, որ գոնե թույլ չտան հայերի էթնիկ զտումներ: Արցախում իրենց ներկայությունը պահպանելու հարցը Ռուսաստանին ավելի շատ է մտահոգում, քան թե Հայաստանի ճանաչել, չճանաչելը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ