...

Ուստա, «Համմերը» փողը չի տվել

Ուստա, «Համմերը» փողը չի տվել

Գովազդային դեպք

Այս շաբաթվա վերջակետը «Համմերը» դրեց: Նիկոլ Փաշինյանի կաբինետի դեմով քշեց, հետո բարեփոխված ոստիկանները փորձեցին կանգնեցնել, չստացվեց... 

Ոստիկանների համար ընդհանրապես ծանր շաբաթ էր: Որտեղ պետք է ցույց տան, որ ոստիկան են, ցույց չեն տալիս, 50 հոգով մեկին չեն կարողանում կանգնեցնել, որտեղ պետք է ցույց չտան, որ ոստիկան են, բռնում, քաղմասում փաստաբաններ են ծեծում: Գուցե սխալ դասընթացներ են անցել, կամ ճիշտ չեն բացատրել նրանց, թե որտեղ ոնց պետք է վարվել:

Ինչ ուզում եք ասեք, բայց Վլադիմիր Գասպարյանի օրոք մեր ոստիկաններն ավելի ձիգ էին, ու ավելի բարեփոխված, քան էս խոխեքը: Ինչ-որ չենք հիշում, որ քաղմասերում մարդկանց ծեծեին, առավել ևս փաստաբաններին: Ու նման ղժժալու իրավիճակներում չէին հայտնվում, ինչպես «Համմեր» որսացողները:

Մեզ թվում է, որ այդ «Համմերի» վարորդը ոգևորվել է ՃըՃըվ Արոյի թոռների հերոսություններից: Տեսել է, որ այդ թոռները ամիսը մեկ մեքենաներով վոյաժներ են անում Երևանի փողոցներում, մայթերում, կարմիր լույսի տակ 100 են բացում, մեքենաներ ջարդուխուրդ անում, մեկ-մեկ էլ ոստիկանների վրա են քշում, ու անկախ նրանից ոստիկանները կզոհվեն, թե ոչ, մնում անպատիժ: Երևի մտածել է՝ բա ես ումի՞ց եմ պակաս: Ու կայֆի տակ եկել է Երևան՝ կայֆավատ լինելու: Ստացվել է:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս դեպքից հետո «Համմերի» պահանջարկը տասնապատկվել է: Կայֆավատ լինել ցանկացողները հերթ են կանգնել այս մեքենան ձեռք բերելու համար: Հոյակապ գովազդ էր:

Հումանիտար հարևան ենք

Արցախի մասով. արդեն երկրորդ ամիսն է, ինչ փակ է: Մենակ Կարմիր Խաչն ու ռուսական խաղաղապահ ուժերն են ինչ-որ հումանիտար օգնություն հասցնում այնտեղ: Բայց ոչ Հայաստանի իշխանությունները: Դա հասկանալի է, քանի որ եղած հումանիտար օգնությունը Թուրքիա են հասցնում: Արցախի վախտը չի: 

Զուտ վիճակագրության տեսանկյունից, Հայաստանը Թուրքիային ավելի շատ հումանիտար օգնություն է ուղարկել, քան Արցախ: Մնում է, որ թուրքերն այս վիճակագրությունը գնահատեն: Ինչպես նաև գնահատեն Հայաստանի իշխանությունների ամենօրյա հաղորդագրությունները: Ժամը մեկ հայտարարում են, որ Թուրքիային օգնություն են ուղարկել, ու հայ աշխատավոր զանգվածները միահամուռ ողջունում են այդ քայլը:

Փոթորիկ ջրի բաժակում

Գյուղացի Համբոյի.... ըըը, ընդդիմության տանը կռիվ է ընկել: Հերթական անգամ: Բայց այս դեպքում կռիվը մի թեթև անցել է կարմիր գծերը: Սերժական ու քոչարյանական ուժերն իրար են դնգստում: Իրար մեղադրում են սրա-նրա պրոյեկտը լինելու մեջ, հիշել են Միշիկի, Սաշիկի, Լյովիկի հարստանալու հանգամանքները, կեղտեր է, որ հանում են ջրի երես: 

Այս գզվռտոցի առաջամարտիկները Նարեկ Սամսոնյանն ու Նաիրի Հոխիկյանն են: Չեն էլ ալարել, ամեն մեկը ժամից ավել լայվով մեղադրանքների տարափ է տեղացել մյուսի վրա: Բան ու գործ չունեն, ինչ է: Երևի չունեն: Լիքը մարդ կողքից նայում, ասում է, դո՞ւք եք ընդդիմությունը: Իշխանությունն էլ պոպկորնը վերցրած հանգիստ հետևում է, թե ոնց են իրար մերկացնում ընդդիմության ճամբարները: Իսկ այդ ընթացքում Ռուսաստանը հայտարարեց, որ Կովկասից գնացողը չի, ձեզ խելոք պահեք: Впрочем, это совсем другая история: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ