...

Ուրախանալու հերթական առիթը

Ուրախանալու հերթական առիթը

Տարիներ առաջ՝ 2015-ի նոյեմբերին, երբ Սիրիայի սահմանի մոտ թուրքերը ռուսական Սու-24 խոցեցին, և ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սկսվեցին, Հայաստանում համարյա համազգային տոն սկսվեց: Մի այնպիսի ոգևորվածություն էր տիրում, թե բա հեսա ռուսները թուրքերին կպատժեն, Հայաստանին կզինեն, ինադու Ղարսի պայմանագիրը կչեղարկեն: Ինչ ասես, որ չէին գրում, թե սա ինչ օգուտ է բերելու Հայաստանին ու հայերին:

Թե ինչ օգուտ տվեց այդ ամենը Հայաստանին, հնագետները թող պարզեն, բայց կարճ ժամանակ անց ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեցին, իրենք իրար հետ տարբեր հարցերում, այդ թվում՝ սիրիական, համաձայնություններ ձեռք բերեցին, հետո տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ բազմաթիվ պայմանագրեր կնքեցին, այդ հարաբերությունների մակարդակն առ այսօր պահպանվում է: 

Հիմա նորից պատմությունը կրկնվում է. երեկվանից համացանցում ու մեդիադաշտում ուրախության նոր ալիք է բարձրացել. այս անգամ պատճառը ադրբեջանա-իրանական հարաբերություններն են: Ասում են, որ դրանք լարվել են, Իրանը զորք է կուտակել Ադրբեջանի սահմանին, Իրանը չի ներելու, որ իր վարորդներին ադրբեջանցիները կալանավորել էին Որոտան-Գորիս ճանապարհին և այլն: Այս ոգևորվածների մեջ նույնիսկ կոչումով մի քանի քաղաքագետի տեսանք: Մարդ կա՝ գրել էր. ջաաան, Իրանը մեր կողքին է:

Թե Իրանը ինչպես է մեր կողքին, ոչ ոք չի ասում: Ենթադրենք, թե Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվել են: Մեզ ի՞նչ: Այսօր սրվել են, վաղը նորից կկարգավորվեն: Մենք ինչի՞ց ենք ուրախանում: 

Ռուսներն ու թուրքերը հազար անգամ իրար հետ պատերազմել են, հազար անգամ էլ՝ հաշտվել, ու շատ հաճախ այդ ամենից հենց հայերն էին տուժում: Ոգևորված հայերը: 

Հիմա իրանցիներն ու ադրբեջանցիները գուցե խնդիրներ ունեն, բայց դրանք իրենց խնդիրներն են, ոչ թե՝ մերը: Կամ ի՞նչպես կարող ենք դիվիդենտներ շահել նրանց հարաբերություններից, եթե չունենք նորմալ իշխանություններ, չունենք արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն, որպեսզի նման իրավիճակներում կարողանային ադեկվատ գործողություններ իրականացնել:

Ու արդեն քանի հարյուր տարի է, նույն մտածելակերպը. օտարները իրար հետ տալիս-առնում են, մենք ուրախանում ենք, հետո գլուխներս բռնում, թե բա ինչի՞ այսպես եղավ, որ տուժեցինք:  


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ