...

Ռուսաստանը մի փոքր էլ բացեց խաղաքարտերը

Ռուսաստանը մի փոքր էլ բացեց խաղաքարտերը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ հստակ տվյալներ ծառայությունը ստացել է նաև Մերձավոր և Միջին Արևելքի գործընկեր երկրների հատուկ ծառայություններից։

«Այդ տվյալները մենք ստացել ենք մի ամբողջ շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի գործընկեր ծառայություններից»:

Նարիշկինը նաև հաստատել է թուրքական հետախուզության մասնակցությունը արցախյան պատերազմին: «Մենք տեսնում ենք այդ աշխատանքի առանձին էլեմենտներ»:

Երեկ այսպես ասած՝ դիվանագիտական հրետակոծություն սկսվեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց հակամարտության գոտում մինչև արմունկները արյան մեջ թաթախված ջիհադիստների առկայության մասին, Ալիևը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, ռուսները նրան պատասխանեցին:

Իսկ այժմ ռուսական հետախուզական ծառայության ղեկավարի մակարդակով է շեշտվում ահաբեկիչների և թուրքական հետախուզական մարմինների առկայության մասին: 

Հասկանալի է, որ արցախյան պատերազմում վարձկան ահաբեկիչների և Թուրքիայի անմիջական մասնակցության մասին ռուսական իշխանությունները տեղյակ էին պատերազմի հենց առաջին իսկ օրվանից, եթե ոչ՝ դրանից առաջ, բայց հիմա են այսպես բացահայտ և ամենաբարձր մակարդակով դրա մասին հայտարարում: Մինչ այդ էլի ասում էին, բայց՝ հնարավորինս դիվանագիտական ձևակերպումներով, ակնարկներով:

Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին ռուսական իշխանությունների տոնայնությունն այս հարցում ավելի կկոշտանա: Ռուսաստանն արդեն չի թաքցնում՝ իրադարձությունների նման զարգացումը, այսինքն՝ ահաբեկիչների և թուրքերի նման մեծածավալ առկայությունն իր հարավային սահմանների մոտ չի հանդուրժելու:

Նարիշկինը պարզ զգուշացրեց: Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նման զգուշացումներից հետո Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց՝ ռազմաօդային և հրթիռային հարվածներ հասցնելով Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների տեղակայման բազաներին:

Այս օրերին որոշակիորեն փոխվել է նաև ռուսական լրատվական և փորձագիտական շրջանակների տոնայնությունը՝ արցախյան հակամարտության վերաբերյալ: Ահաբեկիչների գործոնը անընդհատ շոշափվում է վերլուծություններում, ռեպորտաժներում և լրահոսում: 

Եվ սա դեռ՝ միայն Ռուսաստանի դեպքում: Իրանն էլ է արդեն բացահայտ խոսում ահաբեկիչների վտանգի մասին՝ այս դեպքում իր հյուսիսային սահմանների մոտ: Այսինքն՝ տարիներով ձևավորված կայուն ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում փոխվել է, ինչը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի համար կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ