...

Մեր պարտության թարմ մեղավորը

Մեր պարտության թարմ մեղավորը

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում, զուգահեռ դաշնակցային համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ, այստեղ շատերը համոզմունք հայտնեցին, որ փաստորեն 44-օրյա պատերազմը Ռուսաստանի «դաբրոյով» է եղել, որ ռուսները Ադրբեջանին քարտ-բլանշ են տվել, որ պատերազմ սկսի ու բավարարել են Ալիևի պահանջները, փոխարենը Ալիևից ինչ-որ զիջումներ են կորզել: 

Ընդ որում` մարդիկ կան, որ մի տեսակ, այսպես թեթևացած շունչ են քաշում, որ փաստորեն այս պատերազմում խնդիրը ոչ թե մեր ղեկավարությունն է եղել, սխալ որոշումները, զինվորական ղեկավարության քայլերը կամ ադրբեջանական բանակի սպառազինությունների տեխնոլոգիական առավելությունները, այլ բացառապես ռուսների աջակցությունը: 

Կան այնպիսիները, որ ասում են. եթե Պուտինն ուզեր, 10 օրում Արցախի հարցը կլուծեր, Ղարաբաղի անկախությունն էլ կճանաչեր: Որ... Բայց չի լուծել, չէ՞: Ոչ էլ ճանաչել է Արցախի անկախությունը:

Ու եթե նույնիսկ համարենք, որ 44-օրյա պատերազմը բացառապես ռուսների պատճառով ենք պարտվել, դա մեր ցավին դարմա՞ն է: Որ մեր պարտությունը հիմնավորում ենք չար ու նախանձ ռուսներով, դրանից մեր զոհերին ե՞տ ենք բերելու, տարածքային կորուստները վերականգնելո՞ւ ենք: Հա, ռուսներն են արել. հետո՞... դրանից այս իրավիճակը փոխվելո՞ւ է, նոր ստատուս-քվո՞ է հաստատվելու:

Մեզ մոտ առայժմ այդ տարրական կանոնն իսպառ մերժվում է. գործել սեփական հնարավորությունների սահմաններում: Այսինքն՝ որոշումներ կայացնելիս ոչ թե պետք է հիմնվես նրա վրա, թե քանի հազար տարվա ազգ ես, պատմականորեն ինչքան ճնշված ես եղել, թուրքը բարբարոս է, թե ոչ, Էրդողանն ու Պուտինը շան որդիներ են, թե ոչ, այլ հաշվարկես, թե ինչ հնարավորություններ ունես, տնտեսական, մարդկային, դաշնակցային, ստրատեգիական ինչ ռեսուրսներ ունես և այդ հաշվարկների հիման վրա որոշես՝ ի՞նչ կարող ես անել և ի՞նչ չես կարող անել: Սա կարելի է մաթեմատիկորեն մոդելավորել, որովհետև հաշվարկելի է: Կարելի է նաև շախմատում մոդելավորել:

Պատկերացրեք` մեկը շախմատում նավակը տանում, դնում է հակառակորդի վերջին հորիզոնականում, օրինակ՝ h8: Բայց ինչ որ պահի պետք է նավակը ետ քաշի, որ հակառակորդը չուտի: Իրեն կողքից զգուշացնում են, ասում են՝ նավակդ ետ քաշի, կուտեն: Ասում է՝ չէ, ոչ մի դեպքում, մի քայլ անգամ չեմ նահանջի, էդքան չարչարվել եմ, որ նավակս ստեղ հասցնեմ: Հետո հակառակորդը այդ նավակը ուտում է, ասում է՝ չէ, գիտե՞ք, հակառակորդը չէր ուտի, այ, կողքից մեկը հուշել է, օգնության ձեռք է մեկնել: Բայց չի ասում, որ իրեն զգուշացրել են, որ նավակդ ուտելու են, եթե ճիշտ չգործես: Ու ինքն այդպես զրկվում է նավակից, ծանր վիճակում է հայտնվում, բայց շարունակում է ասել, թե էն կողքից որ չհուշեին, մի բան էլ ինձ օգնեին, հաստատ պարտիան կկրեի: 

Թվում է, տարրական բան է, բայց հիմա էլ նոր տրենդ է պտտվում համացանցում. եթե Ռուսաստանը մեզ օգներ, չէինք պարտվի, եթե Ռուսաստանը ուզեր, եթե Ռուսաստանը ցանկանար... Այսինքն՝ մենք մեր քայլերը, քաղաքականությունը, որոշումներն իրականացնում ենք այն հաշվարկով, թե Ռուսաստանն ինչ ՊԻՏԻ անի, որ մեր ուզածը ստացվի: 

Այս ամենը այսպես էլ կմնա, քանի դեռ մեզ համար 1+1-ը համառորեն հավասար է 3-ի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1837 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ