...

Իսկ Ծառուկյանի հետ կիսվե՞լ եք

Իսկ Ծառուկյանի հետ կիսվե՞լ եք

Նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի լուր ունեմ բոլոր նրանց համար, ովքեր հարաբերական անվտանգ Հայաստանում կամ բարեկեցիկ «դրսերում» կարծում են, որ պատերազմը վերջացել է։

Ոչ, պատերազմը չի վերջանում, երբ պարզապես բղավում ես Ապագա Կա, պատերազմը չի վերջանում, երբ սխալները և անհաջողությունները վերագրում ես լոկ «սևերին» կամ «ղարաբաղցիներին», պատերազմը չի վերջանում, երբ թշնամուն պատրաստ ես հանձնել Հայրենիքիդ մի մասը կամ խոնարհ ընդունես թշնամու պայմանները, պատերազմը երբեք չի վերջանա, եթե պատրաստ ես քո զոհված հերոսների սխրանքը,պատիվը և արժանապատվությունը փոխանակես շինծու «խաղաղության» հետ»։

«ՉԻ». Մենք էլ մի լուր ունենք պարոն Աբովյանի համար: Գուցե բաց է թողել, գուցե զբաղվածության պատճառով ուշադիր չի եղել, բայց իր կուսակցական առաջնորդը արդեն մի քանի անգամ հանդիպել է «Ապագա կա» բղավողին, ջերմ զրուցել և տառացիորեն մի քանի օր առաջ էլ հայտարարել, որ չի միանա Փաշինյանի հրաժարականը պահանջողներին:

Հիմա եկել և այս ամենը մեզ ասելով՝ ի՞նչ նպատակ եք հետապնդում: Երևի ճիշտ կլինի՝ խելք խելքի տաք, թե ձեզնից ով ինչ է սպասարկում: Գուցե ինքն էլ տեղյակ չէ քաղաքական իրավիճակից: Եթե տեղյակ լիներ, գուցե լրիվ ուրիշ վարքագիծ դրսևորեր. հաներ ու մի քանի միլիոն դոլար հատկացներ բանակի վերազինման համար, իսկ տանեցիներին էլ բացատրեր, որ հիմա ավելի համեստ պիտի ապրեն:

Իսկ եթե կիսվել եք, բայց բանի տեղ չեն դրել, ուրեմն ճիշտ կլինի, որ դուրս գաք այդ կուսակցությունից, որպեսզի ձեր պես հայրենասեր և իրատես մարդը չասոցացվի նման անհեռատես, միայն սեփական կարիքների մասին մտածող ուժի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ