Կառավարությունը հայտարարել էր, որ տարին փակվելու է տնտեսության 7 տոկոս աճով, մինչդեռ տնտեսագետները պնդում են, որ Հայաստանի տնտեսությունում առաջընթաց չեն նկատում: Արդյոք ընթացիկ տարվա ինը ամսվա կտրվածքով կատարվե՞լ են կառավարության տված մեծ խոստումները, «ՉԻ» հետ զրույցում պարզաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
- Խոստումներ ենք տվել հարկային եկամուտների 20-25 տոկոս աճի, առաջին ինն ամսվա կտրվածքով ունենք 21,4 տոկոս հարկային եկամուտների աճ: Տվել ենք խոստում կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացման, ինչը անում ենք: 2020 թվականի հունվարի 1-ից 23 տոկոսով կբարձրանա նվազագույն աշխատավարձը: Տվել ենք խոստում՝ նպաստների և կենսաթոշակների ավելացման մասով և արդեն 2019 թվականի հունվարի 1-ից 16 հազարից բարձրացրել ենք 25 հազար հինգ հարյուրի: 2020 թվականի հունվարի 1-ից 560 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նպաստը և կենսաթոշակը կավելանա 10 տոկոսով: Տվել ենք խոստում՝ ուսուցիչների, զինվորականների, առողջապահական ոլորտի աշխատողների, ԱԻՆ աշխատակիցների, ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, ինչը իրականացրել ենք 10-40 տոկոսով: Կախված ոլորտներից, եկող տարի բարեփոխում ենք իրականացնելու պետական կառավարման համակարգում: Նշեմ, որ 1,8 տոկոս գնաճի պայմաններում, Կենտրոնական բանկի սահմանած 4 տոկոս գնաճից մենք զգալի ցածր գնաճ ունենք, հետևաբար սա ցույց է տալիս, որ մենք ցածր գնաճով կարողանում ենք բնակչության իրական եկամուտները ավելացնել, ինչի շնորհիվ մարդկանց կենսամակարդակը 2020 թվականին ավելի բարձր կլինի, քան 2019-ին:
- Այսինքն, Դուք համարում եք, որ ժողովրդի կենսամակարդակը բա՞րձր է:
- Ես չեմ համարում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձր է, բայց համարում եմ, որ 80 հազար դրամ ստացող հրշեջին, եթե մենք կարողանում ենք 130 հազար դրամ վճարել, ապա դա զգալիորեն այդ մարդու կյանքում էական բարեփոխում է: Ես համարում եմ, որ 55 հազար դրամ ստացող 85000 քաղաքացու, երբ որ մենք վճարելու ենք այսուհետ 68 հազար դրամ, այսինքն՝ 23 տոկոսով ավելի, այդ մարդկանց կյանքում էականորեն բան ենք փոխում: Կարծում եմ, որ 40 հազար դրամ կենսաթոշակ ստացողի թոշակը, երբ դառնում է 44 հազար դրամ, ապա այդ կենսաթոշակառուի կյանքում ինչ-որ բան փոխվում է, չնայած բավարար չէ: Սրանք քայլեր են, որ մենք անում ենք և շարունակաբար անելու ենք:
Մելանյա Ծառուկյան