Ազգային Ժողովը հերթական նիստում 113 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ընդգծում է, որ այս օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք նախկինում բիզնեսի վարման համար էական խոչընդոտ էին:
- Առցանց առևտրով կամ ապրանքների առաքմամբ զբաղվող կազմակերպություններն այլևս ստիպված չեն լինի խախտել ՀԴՄ կտրոնի տրամադրման կանոնը, քանի որ կարող են մինչև առաքում սկսելն ունենալ տպված կամ գեներացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոն: Օրենքի կիրառման ապահովման նպատակով ՊԵԿ-ը ստեղծել է հատուկ ծրագիր:
Նախագծով առաջարկվել են նոր հասկացություններ, ինչպիսիք են էլեկտրոնային ՀԴՄ և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, որոնք գալիս են փոխարինելու ավանդական ՀԴՄ սարքին և ՀԴՄ կտրոնին: Հուսով եմ՝ առաջիկայում դրանց կիրառման շրջանակը էականորեն կավելանա՝ ընդգրկելով նաև ոչ առցանց առևտուրը:
Նախագծով կարգավորվում է այն օրենսդրական բացը, որն առկա էր շրջիկ առևտրի կազմակերպման ժամանակ ՀԴՄ սարքերի կիրառման կանոնների հետ: Այստեղ ևս հստակ կարգավորումներ են տրվել, և մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են առանց խոչընդոտների իրենց տնտեսական գործունեությունը ծավալել՝ ելնելով հարկային օրենսդրության հիմնադրույթներից: Էլեկտրոնային ՀԴՄ-ն այսուհետ կդառնա ուղեկցող փաստաթուղթ:
Հուսով եմ, որ ապագայում ամբողջ տնտեսությունը կամ գոնե դրա մեծ մասը ամբողջապես կանցնի էլեկտրոնային ՀԴՄ-ի և էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի, ու մեր տնտեսվարողները այլևս ստիպված չեն լինի 150-160 հազար դրամ արժեցող ՀԴՄ սարք ձեռք բերել, վճարել նրա սպասարկման համար, այլ ընդամենը կգնեն էլեկտրոնային ՀԴՄ ծրագիրը, և հարցը այդպես կկարգավորվի: Նշեմ, որ հնարավորինս նվազագույնի է հասցվելու մարդկային գործոնը, նվազելու են նաև նախկինում եղող ծախսերը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը:
- Պարոն Պապոյան, փաստորեն խոսքը առցանց առևտրի մասին է: Արդյոք կորոնավիրուսի համավարա՞կն է ստիպել գնալ նման կարգավորումների:
- Պետք է ասեմ, որ մինչ համավարակը՝ դեռ նախորդ տարի էինք աշխատում այս օրենքի նախագծի շուրջ: Իմ տեսակետը միշտ էլ եղել է կանխիկ առևտրի ծավալների էական կրճատման և էլեկտրոնային ՀԴՄ սարքերի կիրառման ճանապարհով գնալը։
Այս համատեքստում ես անցյալ տարի ներկայացրել էի անկանխիկ աշխատավարձերի մասին օրենսդրական նախաձեռնությունը և սեպտեմբերին հանդիպել էի ՊԵԿ ղեկավարության հետ: Այնուհետև ՊԵԿ-ին գրավոր առաջարկել եմ մշակել էլեկտրոնային հավելված, որը հնարավորություն կունենա գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:
Հանդիպման արդյունքում ՊԵԿ-ը մշակել է արտաքին տնտեսական գործունեության իրականացման էլեկտրոնային տարբերակը և արդեն սկսել են աշխատել դրա շուրջ: Իսկ համավարակի պայմաններում արդեն ստիպված էինք արագացնել այդ գործընթացը: Ստեղծված իրավիճակը ապացուցեց, որ մենք իրավացի ենք՝ որքան շուտ ազատվենք կանխիկ գումարներից, այնքան ավելի պատրաստ կինենք բազմաթիվ ապագա մարտահրավերներին:
- Չե՞ք կարծում, որ հանրության ստվար մասը պատրաստ չէ անկանխիկ գործարքների: Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն օգտվել կանխիկացման քարտերից:
- Պետք է նշեմ, որ վերջին երկու տարիներին տեմպերը ավելանում են, քարտերի ծավալները մեծանում են: Ճիշտ է, այդ առնչությամբ անելիք ունի նաև պետությունը, կա նաև անկանխիկ գործարքների մշակույթի տարածման խնդիր։
- Ձեր խմբակցության պատգամավորներից Վարազդատ Կարապետյանը դեմ քվեարկեց օրենքի նախագծին: Ի՞նչ հիմնավորում ուներ նրա «դեմ» դիրքորոշումը:
- Պարոն Կարապետյանը առաջարկում էր, որպեսզի շրջիկ առևտրի կետերը չնշեն, թե ինչ ապրանք են վաճառում, բայց դա սկզբունքային առումով խնդրահարույց էր, որովհետև պրակտիկայում խնդիր է առաջացնում, հնարավորություն է ընձեռում հարկեր թաքցնել, պետական բյուջե հարկեր չվճարել, և մենք, գիտակցելով, որ դա որոշակի ջանքեր է պահանջում տնտեսվարողից, հատուկ ներդրեցինք նման կարգավորում: Մինչ այդ մենք խորհրդակցել էինք ՊԵԿ-ի և բիզնեսի ներկայացուցիչների հետ և հանգել էինք եզրակացության, որ ցավոք սրտի բազմաթիվ անբարեխիղճ տնտեսվարողներ կօգտվեն առիթից և հսկայական գումարների հարկեր չեն վճարի պետական բյուջե՝ օգտվելով նման սողանցքից: Մենք պնդեցինք և ներառեցինք այն դրույթը, որի համաձայն պետք է նշվի, թե ինչ ապրանք է վաճառվում շրջիկ առևտրի կետերում:
Մելանյա Ծառուկյան