...

Կինոյի տնից մինչև դիսլայքեր

Կինոյի տնից մինչև դիսլայքեր

Օրերս քաղաքագետ Աննա Դավթյանը հարցազրույց էր տվել Factor-ին, որտեղ անդրադարձել էր տարածաշրջանում առկա իրավիճակին, Սյունիքին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բաց թողնված հնարավորություններին:

Այս առթիվ մեկ այլ քաղաքագետ՝ Արման Գրիգորյանը, գրել էր. «Էս պահին յութուբի վրա էս հարցազրույցի տակ 25 լայք կա, 50 դիսլայք (այժմ այդ հարաբերակցությունը 96-56 է՝ «հօգուտ» լայքերի.- խմբ.)։ Մեր հասարակության վիճակի մասին ավելի պերճախոս փաստ հնարավոր չի ցիտել»։

Դիտելով Աննա Դավթյանի հարցազրույցը, կարող ենք նշել, որ արտառոց որևէ բան չի ասել: Այսօրվա իրավիճակի և սրան հանգեցրած պատճառների մասին քաղաքագիտական այբուբենային մտքեր է հայտնել, որ պետք է իրատես լինել և գործել՝ հաշվի առնելով սեփական հնարավորությունները, ռեսուրսները: Ու սա արժանանում է դիսլայքերի և ցածր դիտումների:

Վստահ ենք՝ եթե քաղաքագետն ասեր, որ պետք է վերադարձնենք մեր բոլոր կորցրած տարածքները, մինչև Քուռ հասնենք, Վիլսոնի քարտեզը ճոճեր, ասեր, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ամբողջ ունեցվածքը պետք է խլել, դատել, Նիկոլի հետ Լինչի դատաստան տեսնել, ապա և՛ լայքերի թիվը հազարապատիկ շատ կլիներ, և՛ իրեն էլ կփառաբանեին, կգովեին, կասեին. հալալ է, էս ինչ հայրենասեր աղջիկ է, լավ բաներ է ասում: 

Բայց դե, չի ասել: Դրա համար էլ բացասական է հանրության արձագանքը: Որովհետև մինչև հիմա առավելապաշտությունը գերիշխում է մեր հասարակության գիտակցության մեջ, «Մահ կամ ազատությունն» ու «Ոչ մի թիզը» խեղդում են ցանկացած բանական միտք: Հիմա դա արտահայտվում է դիսլայքերով:

1997 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը այս նույն այբուբենային ճշմարտություններն էր հրապարակում, բանականության կոչ անում, բացատրում առավելապաշտության և իրատեսության տարբերությունները, դիսլայքեր չկային, բայց կար Կինոյի տուն, դաշնակցա-աժմական մամուլ, կար ոտից-գլուխ փչացած, դեգրադացված մտավորականություն, հիմնականում գիտական կենացներ ստեղծած ակադեմիական շրջանակներ, որոնք այսօրվա դիսլայքերի հոգևոր հայրերն են: 

Թվում էր, թե 2020-ի պատերազմի ծանր պարտությունը վերջապես կսթափեցնի մեր քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին, հանրությանը, կստիպի վերանայել պետականության, իրատեսության և ծավալապաշտության հանդեպ ունեցած մոտեցումները, կստիպի ուղեղն աշխատեցնել, կփորձեն հասկանալ, թե ինչը հանգեցրեց այս ողբերգությանը: Ոչ մի նման բան, ոչ ոք իրեն պատասխանատու չի համարում, մինչև հիմա իրար փորձում են ապացուցել, որ մածունը սև է: Սև է, որովհետև այդպես ենք ուզում, պահանջում: Իսկ քանի որ դեռ չենք սթափվել, նշանակում է, մեզ նորանոր փորձություններ են սպասվում: Այսինքն՝ այդ փորձություններն ամեն օր պատահում են, բայց դրանք շարունակական են լինելու և ավելի մեծ փորձանքների ենք ռաստ գալու:

Երեկ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառում էր Մատենադարանում, որտեղ բավական ուշագրավ ելույթ ունեցավ հայ գործարար Նուբար Աֆեյանը:

«Շատ ցավալի պահ ենք ապրում։ Կոլեկտիվ դավաճանության երկու աղբյուր կառանձնացնեի։ Առաջինն այն է, որ որպես ժողովուրդ՝ մենք դարձանք անհավատ։ Նկատի չունեմ կրոնը։ Մենք մեր ապագայի հանդեպ անհավատ եղանք։ Մենք հավատում ենք անցյալին, նրանց, ովքեր պետք է գան մեզ օգնեն, բայց ոչ ապագային:

Երկրորդ՝ առաջինին շաղկապված հանգամանքն այն է, որ մենք պարբերաբար վերապրողի մտայնության ծուղակի մեջ ենք։ Շարունակաբար խոսում ենք ցեղասպանության, անարդարության մասին, ինչը մեզ ծուղակ է գցել, և մենք մնում ենք վերապրածի կարգավիճակում: Մարդիկ չեն հասկանում, որ եթե որպես աղքատ վերապրես, մնում ես աղքատ։ Վերապրելն ապագա ստեղծելու զոհողություն է պահանջում։ Մենք որպես ազգ կոլեկտիվ կերպով չհավատացինք մեր ապագային։ Կարող ենք քննարկել, թե ով է պատասխանատուն՝ կառավարություն, եկեղեցի, բոլորը. բոլորը պետք է կառուցեն մեր ապագան, ոչ թե մնան անցյալի և ներկայի ծուղակում»։ 

Գործարարի այս խոսքը մի քիչ հույս է ներշնչում, որ ողջամտությունը և սթափությունը կարող է միավորել հայության առավել ողջամիտ և սթափ շրջանակներին՝ հայկական պետականության կործանման ընթացքը կանգնեցնելու համար: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ