...

Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն

Կիսաքանդ, հողե շինությունից՝ նոր կառուցված տուն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ գործընկերության շնորհիվ, այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Այս ընտանիքն ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով, Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ և մութ պատերից ազատվելու հույսով՝ Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։

Ընթացիկ տարվա գարնանը, Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին և թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը։

«Երբ գնեցի կիսակառույցը՝ միայն պատեր էին։ Այնքան աշխատանք կար անելու, բայց այնքան քիչ հնարավորություն։ Կարողացա միայն տանիքը կառուցել ու կանգ առա: Ձեր աջակցության շնորհիվ, վերջապես մեր երազանքն իրականացավ։ Մենք արդեն սեփական տուն ունենք: Ապրելու համար արժանավայել պայմաններ  և  լավ ապագայի հավատ», - ասել է ընտանիքի հայրը՝ Կորյունը։

«Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք փակուղային են թվում և միշտ չէ, որ հեշտ են հաղթահարվում: Երբ մարդն ամբողջությամբ տրվում է այդ վիճակին՝ կորցնում է լուծում գտնելու ցանկությունն ու ճանապարհը: Դա էլ տանում է հուսահատության. մինչդեռ պետք է միշտ հիշել, որ երբ ամպերը ցրվեն՝ արև է լինելու: Մենք շատ ենք առնչվել երկար տարիներ կոտրված հոգեբանությամբ ապրած ընտանիքների հետ: Ձգտել ենք այս ծրագրի միջոցով նրանց վերադարձնել ինքնավստահությունն ու արժանապատիվ կերպով խնդիրը հաղթահարելու կամքը: Կարող եմ վստահաբար ասել, որ դա մեզ հաջողվել է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սահմանապահ համայնքներում այս ծրագրով լուծվում է միանգամից մի քանի խնդիր. հարմարավետ պայմաններով ապահովվելով՝ ընտանիքները մնում և արարում են հայրենի հողում, պահում են սահմանը, շենացնում ու զարգացնում համայնքը։ Այս ընտանիքի դժվարություններն արդեն անցյալում են։ Այժմ պետք է միայն առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Տավուշի մարզում կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 50 տուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ