...

Կողմերից մեկը պետք է դիմի վճռական գրոհի

Կողմերից մեկը պետք է դիմի վճռական գրոհի

Արդեն երկու օր է, ինչ ՔՊ-ն և ԲՀԿ-ն վերսկսել են միմյանց վրա «կրակելը»: Երեկ արդեն փոխհրաձգությանը միացան նաև մեծ տրամաչափի զինատեսակները: Եթե բացենք չակերտները, որոնք առանձնապես ոչ մեկի համար գաղտնիք չեն, ապա Փաշինյանը Ծառուկյանին հիշեցրեց, թե ինչ է նա արել եկեղեցու տարածքում, ուստի իրավունք չունի խոսել հավատքից, Ծառուկյանը վարչապետին անվանեց հոգեկան հիվանդ, իսկ արդեն երեկոյան Փաշինյանը ընդդիմախոսին մեղադրեց գրել չիմանալու մեջ:

Եթե Հայաստանը լիներ արևմտյան ժողովրդավարության ավանդույթներով երկիր, ապա կարելի էր ասել, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Մերձավոր Արևելքի ամենակայացած ժողովրդավարությունում՝ Իսրայելում, գրեթե ամեն օր նույն բանն է տեղի ունենում վարչապետի և ընդդիմության ղեկավարների միջև: Այնտեղ նույնիսկ երբեմն նմանատիպ «հաճոյախոսություններ» իրար նկատմամբ շռայլում են կոալիցիոն գործընկերներ վարչապետը և փոխվարչապետը:

Բայց Հայաստանը ուրիշ է, մենք դեռ զարգացման այդ փուլում չենք, որ նմանատիպ վիրավորանքները մնան մամուլի էջերում և հեռուստաընկերությունների եթերներում: Այս ամենը պետք է հանգուցալուծվի և հանգուցալուծվի կողմերից մեկի կապիտուլյացիայով:

Իշխանությունը չի կարող մի քանի ամիսը մեկ հիշեցնել 40 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին և բավարարվել դրանով: Դա կարող է միայն լրացուցիչ ֆոն ծառայել կոնկրետ պատժիչ գործողությունների համար:

Այսինքն՝ վճռական գործողություններից առաջ հակառակորդին նաև բարոյական վնասներ հասցնել: Մոտավորապես այսպես. մեկին հարվածելուց առաջ նաև հայհոյում են: Բայց առնվազն ծիծաղելի են դառնում նրանք, որոնք հայհոյում են, ստանում պատասխան հայհոյանքը և դրան ոչինչ չի հաջորդում: Հունիսին իշխանությունը որոշակի քայլեր ձեռնարկեց Ծառուկյանի հանդեպ, սակայն դրանք բավարար չէին, որպեսզի նա հերթական անգամ փակի քաղաքականության էջը:

Բոլորն արդեն վաղուց գիտեն Ծառուկյանի զգուշավորության, սեփական բիզնես կայսրությունը ամեն գնով պահպանելու նրա մտահոգության մասին: Ամենայն հավանականությամբ այս անգամ նրան հրահրում են շատ ավելի հզոր ուժեր: Այդպիսի ուժեր կան Հայաստանից դուրս, որոնք հորդորում են Ծառուկյանին դիմանալ ճնշումներին՝ խոստանալով ապագայում էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել իր բիզնեսի համար: Հակառակ պարագայում Ծառուկյանը վաղուց էր նորից ներկայացել կառավարություն և հիշեցրել, թե որքան էր ոգևորվել հեղափոխությամբ և ցանկացած պահի կրկին պատրաստ է ջուր մատակարարել հեղափոխական ուժի կարիքների համար:

Բայց, ինչպես ասում են՝ կպել ես, պետք է խաղաս: Իշխանությունը պետք է անի անհնարը և չեզոքացնի դրսից հովանավորվող ուժերին և նրանց լոկոմոտիվը հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» անունը կրող միավորմանը: Այս իրավիճակը չի կարող ձգվել մինչև հերթական ընտրություններ: Հակամարտող կողմերը չունեն այդ ռեսուրսները, որ դեռ երեք տարի իրար վրա «կրակեն» և 2023 թվականին գան ընտրությունների:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1061 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ