...

«Բարգավաճ Հայաստանի» ապամոնտաժումը պետք է սկսել այսօր

«Բարգավաճ Հայաստանի» ապամոնտաժումը պետք է սկսել այսօր

«Բարգավաճ Հայաստանը» 15 տարի Հայաստանի երկրորդ քաղաքական ուժն է: Այդպես է եղել ընտրակեղծարարության ժամանակաշրջանում, այդպես ստացվեց նաև ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների պարագայում: Բայց սա միայն առաջին հայացքից է դիտվում իբրև պարադոքս:

2015 թվականին Սերժ Սարգսյանը հնարավորություն ուներ գետնին հավասարեցնելու «Բարգավաճ Հայաստան» միավորումը: Բայց նա չգնաց այդ քայլին, որովհետև քաղաքական իրավիճակը և ծրագրերն այլ էին: Նա նախընտրեց քաղաքական ծնողական իրավունքներից զրկել Ծառուկյանին, իսկ նրա սաներին՝ որդեգրել: Նա հասկանում էր, որ իր ստեղծած համակարգում չի կարող իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն և վակուում, ինչպիսին կառաջանար «Բարգավաճ Հայաստանի»՝ քաղաքական քարտեզից վերանալու դեպքում: «Բարգավաճը» պետք էր ապագա խորհրդարանական խճանկարում՝ իբրև ուժ, որն անհամեմատ ավելի քիչ ջանքերով կկարողանար իրենով անել դժգոհ, սակայն պայքարից խուսափող ընտրազանգվածի ձայները: Այդպես էլ եղավ: 2017 թվականին «Բարգավաճը», շատ ավելի քիչ ֆինանսներ ծախսելով, քան հանրապետականը, ստացավ վերջինիս ձայների 2/3-րդի չափ ձայներ:

2018 թվականին «Բարգավաճ Հայաստանը» շատ ավելի վատ ցուցանիշներ կգրանցեր, եթե վերջին պահին Ծառուկյանը չկողմնորոշվեր և հաշտության հուշագիր չստորագրեր Փաշինյանի հետ: Հուշագրից օրեր առաջ՝ Երևանի ավագանու ընտրություններին, այդ կուսակցությունը ստացավ 5 տոկոս ձայն, իսկ մեկ ամիս անց՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արդեն 8.5 տոկոս ձայն: Ներկայումս իշխանությանը շատ են մեղադրում այդ հուշագրի համար՝ մոռանալով, որ դա միակ ճանապարհն էր առանց ցնցումների խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար:

Այս անգամ հասարակությունը չի ընդունի որևէ կոմպրոմիս և կիսալուծումներ: Եթե իշխանությունն իսկապես ցանկություն ունի առողջացնելու քաղաքական դաշտը, ապա «Բարգավաճի» կազմաքանդումը պետք է իրականացվի մինչև վերջ և ոչ այնպես, ինչպես արեց Սերժ Սարգսյանը: Այս տեսակի աշխարհընկալում և կենսագրություն ունեցող ուժերը պետք է անհետանան քաղաքական դաշտից: Փաշինյանը որևէ դեպքում չպետք է տրվի «Բարգավաճ Հայաստան» անօրինական կառույցը մինչև վերջ չապամոնտաժելու գայթակղությանը:

Քաղաքական այդ ուժի ապամոնտաժումը պետք է սկսվի այսօրվանից: Կոշտ, բայց օրենքի սահմաններում պետք է խոչընդոտվի Ծառուկյանի ձեռնարկատիրական ռեսուրսի օգտագործումը քաղաքական նպատակների համար: Չպետք է թույլ տալ, որ նա իր փրկության համար օգտագործի իր բազում ձեռնարկությունների աշխատակիցներին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ