...

Երկու քարի արանքում գտնվողին պետք է ավլել քաղաքական դաշտից

Երկու քարի արանքում գտնվողին պետք է ավլել քաղաքական դաշտից

Հեղափոխությունից հետո ընդամենը մեկ համապետական հանրահավաք է տեղի ունեցել: Դաշնակցությունը հանրահավաք հրավիրեց 2019 թվականին, որին մասնակցեցին նաև շատ հանրապետականներ։ Հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, ներկա էր 1000-2000 ցուցարար: Բողոքի ակցիաներ հաճախ են տեղի ունեցել, բայց հստակ քաղաքական օրակարգով հանրահավաք տեղի չի ունեցել:

Հիմա խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը խոստանում կամ գուժում է (ըստ քաղաքական նախասիրության) մեծ հանրահավաք և ընդհանրապես թեժ աշուն:

Ինչու սկզբում նշեցինք այն փաստը, որ հանրահավաքներ վաղուց տեղի չեն ունեցել: Դա շատ կարևոր ելակետ է հասկանալու համար այսօրվա վիճակը: Հանրահավաքներ տեղի չեն ունեցել, որովհետև չկար և շարունակում է չլինել հանրային պահանջարկ: Եթե հասարակությունը լուրջ հիասթափություն և գործող իշխանություններից ազատվելու պահանջ ունենար, ինչպես նկարագրում են ռևանշիստների մեդիաները, ապա մեծ ընդմիջումից հետո, Վահան Բաբայանի հանրահավաքին 100 մարդու փոխարեն, կմասնակցեր 3000-5000 մարդ: Սակայն սա նույնպես չէր լինի ամուր փաստարկ, թե կա մեծ դժգոհություն, բայց, այնուամենայնիվ, կլիներ ազդանշան՝ մարդիկ այնքան դժգոհ են, որ մասնակցում են անգամ Վահան Բաբայանի հանրահավաքին:

Հանրահավաքների և թեժ աշնան ողջ ոդիսականը կապված է ռևանշիստների կողմից մեկ մարդու «տամարը» մտնելու հետ: Այդ մարդը վաղուց է հաշտվել, որ իր քաղաքական ակտիվությունը իր համար միայն խնդիրներ է ստեղծում, սակայն չօգտվեց 2018-ի ընձեռած հնարավորությունից, շարունակեց քաղաքականություն խաղալ և հիմա կրկին հայտնվել է երկու քարի արանքում:

Մի կողմից՝ նախկինները և առաջին հերթին՝ Քոչարյանը ստիպում են Ծառուկյանին գնալ վա-բանկ և վերցնել իշխանությունը: Մյուս կողմից՝ իշխանությունն է, որ Ծառուկյանին գործնական քայլերով բացատրում է, թե վերջնական քայլ անելուց և անխուսափելի պարտությունից հետո, այս անգամ չի ներելու: Չի ներելու, ինչպես Ծառուկյանին ներեց Սերժ Սարգսյանը 2015-ին և ինչպես Փաշինյանը նրան ներեց 2018 թվականի հոկտեմբերին:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված Ծառուկյանի չշտապելը, մի կողմից՝ իբր մարզեր այցելելը, մյուս կողմից՝ վճռական քայլն անընդհատ հետաձգելը: Հիմա էլ ԲՀԿ-ական շրջանակներից ավետում են, որ դարի հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:

Ծառուկյանը հասկանում է, որ իրեն ուրիշի համար կրակից շագանակներ հանող են դարձնում: Ծառուկյանը հասկանում է, որ իր անցյալով և ներկա քաղաքական պատրաստվածությամբ, հայ ժողովուրդը իրեն չի հանդուրժի երկրի ղեկավարի պաշտոնում: Ուստի լավագույն սցենարով, ինքը դառնալու է գործիք՝ Փաշինյանին մեկ այլ անձով փոխարինելու գործում, և դեռ հայտնի չէ, թե այդ մեկը ինչպիսի հարաբերություններ կկառուցի նույն Ծառուկյանի հետ՝ իշխանությունը վերցնելուց հետո:

Ծառուկյանը չի շտապում՝ ցանկանալով, որ հակամարտող կողմերի վճռական ընդհարումը տեղի ունենա առանց իր մասնակցության և արդեն եզրափակիչ փուլում ինքն անցնի այն կողմը, որն առավել մեծ շանսեր ունի հաղթելու: Գրեթե այնպես, ինչպես արեց 2018 թվականի գարնանը:

Իշխանությունը սխալվեց 2018 թվականի գարնանը, երբ Բարգավաճին չարժանացրեց ՀՀԿ-ի ճակատագրին: Իշխանությունը սխալվեց, երբ 2018-ի հոկտեմբերին ներեց Բարգավաճի հակահեղափոխական քայլը: Իշխանությունը կսխալվի հիմա, եթե նախընտրի չսրել իրավիճակը և փորձի առանձին համաձայնության գալ Ծառուկյանի հետ: Լինի օլիգարխ, խոշոր սեփականատեր թե կրթության մասին մտահոգվող, Ծառուկյանի ներկայությունը քաղաքական դաշտում լրջագույն խոչընդոտ է Հայաստանի քաղաքական համակարգի կայացման համար, ուստի գործող իշխանության մեծագույն արժանիքն այն կլինի, եթե այդ տարրը ընդմիշտ հեռանա քաղաքական ասպարեզից:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ