...

Թե ինչպես էին լուսավորականներն ընկել «դոդի բախչեքը»

Թե ինչպես էին լուսավորականներն ընկել «դոդի բախչեքը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «կլասիկ» եղանակով խուսափեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու հարցում հստակ դիրքորոշում արտահայտելուց՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Դրանով հանդերձ, ինչպես պաշտոնական հայտարարություններով, այնպես էլ առանձին պատգամավորական ելույթներով լուսավորական պատգամավորները «կլասիկ» ձևով իրենց պաշտպանության տակ էին առել Ծառուկյանին ու ԲՀԿ-ին։ 

Իսկ գիտե՞ք՝ ինչու. ոչ թե ի սեր Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, ոչ էլ հանուն արդարության ու արդարադատության (քանի որ նրանք շատ լավ գիտեն օրենքի ու օրինականության հետ Ծառուկյանի ունեցած բազմաթիվ ու բազմանդամ խնդիրների մասին), այլ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ու իշխանական թիմի։

Հարցը շատ կոնկրետ էր դրված. հարուցված են մի քանի քրեական գործեր, ներկայացված են ծանր մեղադրանքներ, խոսք է գնում պետությանը պատճառված հսկայական վնասների մասին, փաստական ապացույցներ կան ընտրական կաշառքների մասսայական դեպքերի մասին, այդ ամենում շոշափվում է Գագիկ Ծառուկյանի անունը, և ահա գլխավոր դատախազը դիմել էր խորհրդարանին՝ հնարավորություն տալ իրավապահ մարմիններին Ծառուկյանի մասով քննել այդ գործերը, պարզել նրա մեղավորության կամ անմեղության աստիճանը։

Իսկ ի՞նչ են պատասխանում լուսավորականները այդ շատ հստակորեն ձևակերպված ու կոնկրետ հարցին։ Պատկերավոր ասած՝ նրանք ամեն կերպ խուսափում էին այդ կոնկրետ հարցից ու իրենց քցում, այսպես ասած, «դոդի բախչեքը»։

Օրինակ, Անի Սամսոնյանին հետաքրքրում էին ոչ թե Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները, այլ այն, որ քրեորեն պատժելի է ինչպես կաշառք ստանալը, այնպես էլ կաշառք վերցնելը ու հետաքրքրվում էր՝ կաշառք ստանալու գործով արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք առաջադրվել է, թե ոչ: Կոնկրետ հարցի լղոզման դասական օրինակ։

Լուսավորական Գևորգ Գորգիսյանը՝ մոռանալով, թե ինչ համար էին հավաքվել, հիշել ու հիշեցնում էր 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունները, որոնք պետք է քննարկվեին, սակայն դատախազը ետ էր վերցրել դրանք:

Կոնկրետությունից հեռանալու «կլասիկ» օրինակ ցուց տվեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Փոխանակ անդրադառնալու հարուցված քրեական գործերին, ներկայացված մեղադրանքներին, նա իր ելույթի 99 տոկոսը նվիրեց Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի, «Իմ քայլի» ու «Բարգավաճ Հայաստանի» փոխհարաբերությունների, քաղաքական շփումների, մեկուկես տարի առաջվա քաղաքական անցուդարձի, իշխանության անկեղծության ու ազնվության մասին պատմական էքսկուրսին։ Տպավորություն էր, որ խորհրդարանի դատին էին հանձնված ոչ թե Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքները ու որպես մեղադրյալ նրան ներգրավելու հարցը, այլ Փաշինյան-Ծառուկյան առնչությունների քաղաքական խճանկարը։

Իհարկե, քաղաքական տեսակետից այդ ամենը շատ հետաքրքիր ու կարևոր թեմաներ են, բայց, ա՛յ լուսավորականներ ջան, խոսքը բնավ այդ մասին չէ։ Ախր, հարցերը լղոզելն էլ պետք է գոնե տեխնիկապես գեղեցիկ լինի և իր չափն ու սահմանն ունենա։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ