...

Ալեն Սիմոնյանի երազը

Ալեն Սիմոնյանի երազը

Ինքը սիրո և համերաշխության քարոզ է տանում: Արդեն բարիշել է Արթուր Վանեցյանի հետ, ջերմ, ընտանեկան հարաբերություններ ունի հետը: Բայց Արթուր Դանիելյանի հետ հլը որ չի ստացվում: «Ընկեր, մինչև գլխով չխփեմ երեսիդ, քյաստըմ տվող չկա»,- ստատուսով պատասխանում է Արթուրը:

Հաջորդը հաշտվում է Ռոբերտ Քոչարյանի հետ և հայտարարում, որ հավատում է Ռոբի անմեղությանը: «Բայց չէ՞ որ այն ժամանակ դուք ասում էիք, որ Քոչարյանն է «Մարտի 1»-ը կազմակերպել»,- զարմացած հարցնում են լրագրողները: «Դե, էն ժամանակ իր փաստարկները համոզիչ չէին, բայց էս վերջին դատից հետո իր խոսքն ինձ համոզեց»,- ուսերը թոթվում է ինքը:

Մտնում է խորհրդարան, Էդմոն Մարուքյանն է դեմը դուրս գալիս, փաթաթվում են, պաչպչվում, իրար գրկած, հուշերի մեջ ընկնում. «Բա հիշո՞ւմ ես, Էդմոն, մեր պրոյեկտ վախտերը, հիշո՞ւմ ես»,- ժպտալով հարցնում է ինքը: «Է՜, Ալեն ջան, բա էն մոմենտը հիշո՞ւմ ես, որ իրար դավերյա չէինք անում, մտածում էի, դուք եք մեր տակը փորում, դուք էլ մտածում էիք, թե մենք ենք Միշիկի հետ տալի-առնում: Արա´, էդ ինչ օրեր էին»,- ասում է Մարուքյանն ու նորից գրկում իրեն: 

Մտնում է դահլիճ: Անի Սամսոնյանը հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին: «Պրն վարչապետ, սա խայտառակություն է: Արսեն Թորոսյանը հրաման է տվել, որ մինչև 95 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է միրուքները թրաշեն, որ կորոնավիրուս մեջը չմնա: Ինչո՞ւ իրեն գործից չեք հանում»: «Դուք տեսել ե՞ք հրամանը»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը: «Չէ, չեմ տեսել, բայց Հուլիոս Մակեդոնացի օգտատերն այդ մասին ֆեյսբուքում գրել էր»:

«Տիկին Սամսոնյան, էդ ֆեյսբուքից դուրս եկեք, տեսեք ինչ է կատարվում երկրում: Գոնե գիտե՞ք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում 453 կիլո ճագարի միս ենք արտահանել, կիլոն 2600 դրամով: Էն օրն էլ երկու գրուզավիկ սխտոր ենք ուղարկել Վրաստան, ընդհանուր 217 հազար դոլարի: Էկել եք, որ մեր տոնը փչացնե՞ք»,- զայրանում է վարչապետը: 

Ներս է մտնում Գագիկ Ծառուկյանն ու վրա տալիս. «Ո՞ւր ա, ո՞ւր ա էդ Արայիկ Հարությունյանը: Էդ ի՞նչ ա ուզել ասի, յանի նենց գիրք են տպելու, որ ոչ ոք օտարներին չբռնաբարի»:

«Պրն Ծառուկյան,- տեղից պատասխանում է Արայիկ Հարությունյանը,- ձեր ասած գիրքը, հեսա, նայեք, տպվել է 1979 թվականին, հետո 2000 թվականին վերահրատարակվել է, մոռացե՞լ եք»:

Այդ պահին դահլիճ է մտնում Յոժը և ամբիոնից հայտարարում. «ՔԱՔ-ը ձեր հետ է, ձեր մեջ»,- վերարկուն բացում, նորից փակում է ու լուռ հեռանում: Լուսավորները զարմանում են, բհկականները՝ զայրանում, իմքայլականները կարկամած սպասում են, թե վարչապետը ոնց կարձագանքի: Նիկոլ Փաշինյանը հեգնանքով ժպտում է, բոլոր իմքայլականներն էլ են միաձայն հեգնանքով ժպտում: 

Ինքը հեգնական ժպիտով դուրս է գալիս խորհրդարանից, ոտ-ոտ իջնում Բաղրամյանով: Թարսի պես, այդ պահին Արթուր Դանիելյանն է մայթով իրեն ընդառաջ բարձրանում: «Բարև»,- ասում է ինքը....

Արթնանում է տրավմատոլոգիայի բաժնում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ