...

Ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն են․ մնացածը գաղտնիք է

Ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն են․ մնացածը գաղտնիք է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը, պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցին՝ հիմա ԼՀԿ-ն քաղաքական դաշտում ի՞նչ նիշա է զբաղեցնում, ընդդիմադի՞ր ուժ է համարվում, իշխանակա՞ն, պրոիշխանակա՞ն, պատասխանել է․ ««Լուսավոր Հայաստանն» իշխանական ուժ չէ, քանի որ չունի իշխանական լծակներ, այն ընդդիմադիր է: Պարզապես հիմա, քանի որ քաղաքական դաշտն աղճատված է, ընդդիմադիր լինելու համար պետք է անպայման ունենալ թալանած ավար և հայհոյել իշխանությանը։ Իսկ մենք էդ երկու տրամաբանության մեջ չենք տեղավորվում, դրա համար միշտ մեծ վերապահումով եմ մոտենում այդ տրամաբանության մեջ տեղավորվող մարդկանց»։

Իսկ ի՞նչ վերապահումներ ունի Խաժակյանը այն ուժերի մասով որոնք՝ 

1․ իշխանություն չունեն, բայց ընդդիմադիր ընտրազանգվածի վստահությունն էլ նրանց նկատմամբ զրոյին մոտ է, 
2․ որոնց լիդերներին իշխանությունը պաշտոն է առաջարկում, և նրանք համաձայնում են
3․ և որոնց պաշտոնավարում-առաքելությունը պետությունը հայտարարում է գաղտնագրված՝ հասարակությունից թաքցնելով նրան հուզող հարցադրումների պատասխանները։

Ընդամենը օրեր առաջ «Aravot.am»-ը հիշեցրել էր, որ 2022 թվականի մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին նշանակեցին հատուկ հանձնարարություններով դեսպան: Կայքի լրագրողը փորձել էր պետական գերատեսչություններից՝ ՀՀ կառավարությունից և ԱԳՆ-ից ճշտել հատուկ հանձնարարություններով դեսպանի կատարած աշխատանքի, արձանագրած արդյունքների և ծախսած գումարների մասին տեղեկատվությունը: Հարցադրումների շարքն այսպիսին էր՝ մանրամասնել, թե պաշտոնավարման օրվանից առ այսօր ի՞նչ գործուղումների է մեկնել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, գործուղումների ի՞նչ ժամկետներ են սահմանվել, որո՞նք են եղել առիթները, նպատակները և դրանց ֆինանսական հաշվետվությունները: Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից փոխանցել էին, որ «…հայցվող տեղեկությունները ենթակա են գաղտնագրման…»։ Իսկ կառավարությունից որևէ արձագանք 5-օրյա ժամկետում չի տրվել։

Հանելուկ է։ Ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն են։ Անհասկանալի հիբրի՞դ են, թե՞ կլասիկ պատգամավորացուների ֆաբրիկա՝ ճաշակի հարց է, բայց որ պահպանվում են պետության կողմից՝ փաստ է։ Դե ոչ, պետական հուշարձան չեն, բայց հատուկ պահպանության տակ են, այս պահին՝ ոչ թե Վատիկանի, այլ Հայաստանի։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ