«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հանդես է եկել մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև նույն օրը այդ միջադեպի մասին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ու հնչեցրած գնահատականներին։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նույն թեմային անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Բնականաբար, նրանք տեղի ունեցածը գնահատել են զուտ իրենց տեսանկյունից ու իրենց հարմար անկյան տակ՝ նաև միակողմանի ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե իբր նա արդարացրել է իր կուսակից Սասուն Միքայելյանի արարքը. «Իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն իսկ «լեգիտիմացված» է»։
Մինչդեռ պետք է ընդամենը լսել ելույթը, որտեղ վարչապետը տեղի ունեցածը համարել է անձամբ իր ու սեփական թիմի ամենամեծ պարտությունը, նաև ներողություն է խնդրել կատարվածի համար։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ միջադեպի պատճառահետևանքային կապերին՝ լուսավորականների պահվածքը համարելով սադրիչ գործողություններ։
«Լուսավոր Հայաստանի» հայտարարության մեջ առավել ուշագրավ են այն հատվածները, որտեղ որակումներ է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այդ որակումները որևէ կերպ չեն տարբերվում այն բառապաշարից ու արտահայտություններից, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու շրջանակներն արդեն երկու տարի օգտագործում են նոր իշխանության հասցեին, իրենց ջրալի ու ստահոդ ելույթներով փորձում ապացուցել, թե իբր հեղափոխական իշխանությունը բռնապետական է, երկիրը՝ ավտորիտար, ճնշում են բոլոր ընդդիմախոսներին ու այլևայլ հեքիաթներ։
Զորօրինակ, «Լուսավոր Հայաստանի» հայտարարության համապատասխան հատվածներից մեկը. «Սույն միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության և քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության և անպատժելիության արատավոր սկզբունքները։ Սա ամբողջատիրական մտածողության դրսևորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է»։
Հեղափոխության օրերին հեղափոխական մթնոլորտից քիթը թաշկինակով փակող լուսավորական Գևորգ Գորգիսյանն էլ ավելի առաջ է գնում և խոսում Հայաստանում հաստատված դիկտատուրայի մասին. «Մեզ մեր մանդատները տվել են ՀՀ քաղաքացիները՝ դիմակայելու Նիկոլ Փաշինյանի դիկտատուրային»։
Պատկերացնո՞ւմ եք սույն պատգամավորի մտքի մակարդակն ու ֆանտազիան. ըստ նրա տրամաբանության, պարզվում է, հեղափոխական տարում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները իրենց ձայն են տվել, որպեսզի պայքարեն «Փաշինյանի դիկտատուրայի» դեմ։ Իրականում «Լուսավոր Հայաստանի» քվեները հեղափոխության տրամաբանության մեջ տրված ձայներ են, քանի որ ձայն տվածների մեծ մասն ընտրությունների օրերին այս կուսակցությանն ընկալել է որպես հեղափոխական ուժին աջակցած ու դաշնակից կուսակցություն։
Ինչպես նախկինները, այնպես էլ երրորդ ճանապարհի ջատագովները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ եթե Հայաստանում բռնապետության անգամ մի տոկոս լիներ, ապա իրենք հնարավորություն չէին ունենա խոսել դրա մասին, շատերն էլ ամեն օր հաթաթաներ չէին տա ու բռնության կոչեր չէին հնչեցնի իշխանության հասցեին։
Համլետ Կիրակոսյան