...

Լուսավորականներին ձեռք է տալիս առճակատումը, միայն թե … խիարը թարս չբուսնի

Լուսավորականներին ձեռք է տալիս առճակատումը, միայն թե … խիարը թարս չբուսնի

«Իմ քայլը» խորհրդարանական դաշինքի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև առճակատումը իր խորքում քաղաքական բնույթի մի շարք նրբերանգներ ու հնարավոր դրդապատճառներ ունի, որոնք, մեծ հաշվով, պայմանավորված են նախ՝ առաջիկա քաղաքական զարգացումներով, ապա՝ հետագայում իշխանության համար պայքարի սցենարներով։

Այդ նրբերանգներից մեկը ընդդիմադիր դաշտում առաջնային դիրքեր գրավելու միտումն է, այսինքն՝ պայմանական ասած, թիվ մեկ ընդդիմադիր ուժ հռչակվելը։ 

Նկատելի է, որ երկու տարի շարունակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ու իր կուսակիցներն այն միտքն են զարգացնում, թե ռոբասերժական ուժերն այլևս իրենցից վտանգ չեն ներկայացնում (իրականում շատ էլ լավ ներկայացնում են, ու դա չնկատելը քաղաքական կարճատեսություն է) և կարիք չկա նրանց վրա մեծ ուշադրություն դարձնել, բանավիճել, հակադրվել, առճակատման գնալ։ Նրանց կարծիքով, երբ այդ ուժերին մեծ ուշադրություն է դարձվում, նրանք կարևորություն են ստանում ու ինքնաբերաբար դառնում հիմնական ընդդիմադիր շրջանակ։

Այս պնդումը կարող էր ճշմարտանման լինել, եթե չլիներ մի մեծ բայց։ Ռոբասերժական ուժերի հետ իշխանությունն ու հանրությունը մղում են ոչ թե քաղաքական բանավեճ, այլ՝ իրավական-արդարադատական։ Նրանց քաղաքական ժամանակն արդեն անցյալում է, ու այս իմաստով ոչ մարուքյանականները, ոչ էլ հանրությունը մտահոգվելու խնդիր չունեն։

Լուսավորականների մտահոգության ներքին դրդապատճառն ու ցանկությունը մեկն է՝ դառնալ իշխանության հիմնական ընդդիմախոսն ու ընդդիմադիրը։ Դա է պատճառը, որ, մեղմ ասած, նրանք «խանդի տեսարաններ» են սարքում բոլոր այն պարագաներում, երբ առաջ է գալիս քաղաքական բանավեճ իշխանության ու մեկ այլ ուժի միջև։ Օրինակ, այդպես եղավ ամիսներ առաջ՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված։

Այսօր ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանի հետ բանավիճելիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի իրեն հարվածեն, որպեսզի ինքը կարևորվի: Ինքը դա արել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, արել է «Իմ քայլի» հետ, իր նպատակը դա է եղել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խմբակցության բոլոր քայլերը միտված են իրենց կարևորությունը շեշտելուն ու ընդդիմադիր առաջին ուժ հռչակվելուն։ Այդ նպատակին հասնելու համար նրանք դեմ չեն նաև սադրանքների դիմաց ֆիզիակական հարվածներ ընդունելուն, որը, նրանց պատկերացմամբ, իրենց բերելու է «ճնշվող» ու «հետապնդվող» ընդդիմադիրների դափնին։ 

Ուղղակի, քանի որ հայաստանյան քաղաքական ու հանրային տրամադրությունների այսօրվա մթլնոլորտը էական փոփոխություններ է կրել, լուսավորակականները սխալվեցին իրենց հաշվարկներում, իսկ Էդմոն Մարուքյանը վերջին ուղիղ եթերի ժամանակ իր պահվածքով, շարժուձևով, դիմախաղերով ու բառապաշարով իսպառ կորցրեց «կլասիկ» քաղաքական գործչի դիրքը՝ անցնելով «ճ» կլասի գործիչների կարգին։

Հ.Գ. Վերը նկարագրված սցենարը բնավ չի նշանակում, թե ԼՀԿ-ն ու իր առաջնորդն այս խաղը տանում են ինքնուրույն։ Մեծ հաշվով, դա կարող է լինել նաև միշիկական մեծ խաղի կարևորագույն դետալներից մեկը, քանզի նկատելի է, որ փեսա Միշիկը ևս որոշալիորեն փորձեր է անում ռոբասերժական ավանդական համակարգից անջատ քայլեր անել։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ