...

ԼՀԿ-ն զերծ մնաց օեկացումից ... առայժմ

ԼՀԿ-ն զերծ մնաց օեկացումից ... առայժմ

Սահմանադրական փոփոխությունների փաթեթի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու ԲՀԿ ստորագրահավաք-դիմումին այս պահին չմիանալը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բացատրում են անձերի ու որոշակի քաղաքական խմբերի շահերին ծառայելուց զերծ մնալու հանգամանքով։ Նկատի ունեն Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի քննվելիք գործը ու ռոբասերժական շրջանակների մոլեռանդությունը ՍԴ-ի ներկայիս կազմը պահպանելու գործում։

Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում էր, թե կուսակցության որոշումից հետո նախկինների գրոհը իրենց վրա համոզեց, որ այդ շրջանակներին հետաքրքրում են ոչ թե երկրի սահմանադրականությունը, օրինականությունն ու օրենքները, այլ անհատական ու խմբակային շահերը։

Մանե Թանդիլյանի այս հայտարարությունն առավել քան զարմանալի է։ Ամբողջ կուսակցությունով, պատգամավորական թիմով նո՞ր միայն հասկացան ու համոզվեցին, թե որն է այդ մարդկանց ու խմբերի իրական նպատակները, ու թե ինչի են նրանք ձգտում՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ու ՍԴ-ի ներկայիս կազմը պահպանելու գործում։

Արդեն մեկուկես տարի ՍԴ-ի հարցով այդ մարդիկ ու խմբերը իրենց իրական նպատակներն այնքան անթաքույց են ի ցույց դնում, որ վերլուծական ու դիտողական հատուկ կարողություններ պետք չեն դա հասկանալու համար։ Այս մասին քաղաքական հարթակներում բազմաթիվ վերլուծություններ են արվել, հարյուրավոր հոդվածներ գրվել (նաև՝ ՉԻ-ում), փաստեր ու փաստարկներ բերվել։

Անգամ ինքը՝ Հրայր Թովմասյանն է հրապարակավ հայտարարել վերջին բաստիոնի, խրամատի մասին, ընդգծված քաղաքական հայտարարություններ արել՝ ապացուցելով, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքը մնացել է իր քաղաքական թիմի՝ ՀՀԿ-ի շահերի արտահայտիչ։

Եթե լուսավորականները նոր են այս ամենը հասկացել, ապա շատ տխուր է իրենց վիճակը։ Այստեղ արդեն կլասիկան էլ չի փրկի։

Մի դիտարկում էլ նախկինների կողմից «Լուսավոր Հայաստանի» վրա ջղաձիգ հարձակումների, գրոհների մասին։ Այդ նախկիններից մեկը հայտարարում է, թե ԲՀԿ-ի նախաձեռնությանը չմիանալով՝ ԼՀԿ-ն դարձավ ՕԵԿ ու գնաց ինքնաոչնչացման։

Սա թյուր կարծիք է։ «Լուսավոր Հայաստանը» ՕԵԿ կդառնար ու վերջնական ինքնաոչնչացման կգնար, եթե միանար այդ նախաձեռնությանը ու տապալեր Սահմանադրական դատարանի կազմը փոխելու հարցը։

Արթուր Բաղդասարյանն ու իր «Օրինաց երկիրը» ի՞նչ պատճառով ինքնաոչնչացան։ Որովհետև դավաճանեցին իրենց ձայն տված ժողովրդին, դեմ գնացին վերջինիս կամքին ու ի հեճուկս իրենց ընտրողների՝ միացան Սերժ Սարգսյանին, որին դեմ էին այդ մարդիկ։

«Լուսավոր Հայաստանի» ընտրողներն այս կուսակցությանը բնավ ձայն չէին տվել նրա համար, որ իրենց ընտրյալները միանային նախկինների քաղաքական գծին ու սպասարկեին վերջիններիս քաղաքական շահերը, առավել ևս՝ նպաստեին Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու գործին։ ԼՀԿ-ի ընտրողները հեղափոխական արժեհամակարգի, նախկիններին մերժած քաղաքացիներն են, ու եթե լուսավորականները քայլ անեին դեպի նախկինների քաղաքական շահերը, դա կնշանակեր դավաճանել իրենց ընտրողներին և գնալ օեկացման ու ինքնաոչնչացման ճանապարհով։

Առայժմ «Լուսավոր Հայաստանը» զերծ մնաց այդ ճանապարհից։ Իսկ թե ինչ կլինի վաղը, իրենց որոշելիքն է։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ