««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանն ընդդեմ «Առաջին լրատվականի» հայց են ներկայացրել դատարան։ Պատգամավորները լրատվամիջոցից պահանջում են հրապարակային հերքել, իրենց ձևակերպմամբ, զրպարտություն համարվող փաստական տվյալները, որը հրապարակել է կայքը: Հիշեցնենք, որ խոսքն այն հրապարակման մասին է, որտեղ նշված է, թե ԼՀԿ պատգամավորները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քաղաքական հարցեր քննարկել»,- գրում է «Հրապարակ» թերթը:
«ՉԻ»․ Հետաքրքիր է «Լուսավոր Հայաստանի» տրամաբանությունը: Օրինակ՝ այդ կուսակցության իրավաբանության գուրուներն ինչպե՞ս են բացատրելու՝ ինչ տարբերություն 2015 թվականի և 2020 թվականի Սերժ Սարգսյանի միջև:
Ինչո՞ւ 2015 թվականին Էդմոն Մարուքյանը լայն ժպիտով շտապեց Բաղրամյան 26, մասնակցեց ֆոտոսեսիային, լեգիտիմացրեց Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները, իսկ հիմա չեն կարող այցելել Ձորաղբյուրի ամառանոց՝ տեսակցելու թոշակառու մարդուն: Ի վերջո, մեծ մարդ է, փեսան հետապնդվում է, իր վերաբերյալ նույնպես քրեական գործեր կան հարուցված, գուցե այցելել են, ինչպես կայցելեին ծերանոց:
«Լուսավոր Հայաստանը» որոշել է հատիկ առ հատիկ Հայաստանի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց դատի տալ՝ պահանջելով, որ հերքեն, թե Միքայել Մինասյանի պրոյեկտն են: Թերևս այդ երկարատև և ծախսատար գործընթացի փոխարեն, եթե իսկապես ցանկանում են, որ իրենց այլևս չկապեն Մինասյանի հետ, ճիշտ կանեին հենց վերջինիս դատի տային, երբ նա վերջին խոսքերով արտահայտվեց Մարուքյանի մասին: Բայց ոչ, ԼՀԿ-ն զսպեց իրեն՝ էլ ավելի ամրապնդելով մարդկանց կասկածները: