...

5 շրջաններում գումարներ ծախսելու իմաստը

5 շրջաններում գումարներ ծախսելու իմաստը

Երեկ Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին հատվածի հիմնական թեման Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսներն էին: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, ասաց, որ քննարկվել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ըստ որի՝ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին մեր վերահսկողության ներքո, իսկ Արցախը ստանում էր անկախ պետության կարգավիճակ:

Նույն բանը, ի դեպ, երեկ Քաշաթաղում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։

Եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։

Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։

Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։

Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»:

Ի պատասխան Մարուքյանի այս խոսքերի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 168.am-ին տված հարցազրույցում ասել է. «Արդյո՞ք միտումնավոր է Էդմոն Մարուքյանը խեղաթյուրում նախագահի հարցազրույցը: Արդյո՞ք նա իրոք չի հասկացել, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը: 

Իրոք, զարմանալի է, որ պարոն Մարուքյանի համար մի քանի ՀԷԿ-երը, որոնք մնալու էին այդ տարածքներում, ավելի կարևոր են, քան Արցախի Հանրապետության անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը:

Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել»:

«ՉԻ». Այնտեղ Մարուքյանը խոսել էր նաև Զանգելանի և Ղուբաթլուի մասին, բայց Աշոտյանը պատասխանել է միայն Քելբաջարի և Լաչինի մասով: Մինչդեռ դա հետաքրքիր հարցադրում է. եթե բոլոր դեպքերում 5 շրջանները վերադարձվելու էին, ինչի՞ համար էին այդ տարածքներում ներդրումներ կատարվում: Դեռ Լաչինում ու Քելբաջարում ներդրված ահռելի գումարների մասին չենք խոսում: 

Հասկացանք, որ այդ շրջանները պահում էինք բանակցություններում Արցախի համար նպաստավոր կարգավիճակ և միջազգային երաշխիքներ ստանալու նպատակով, բայց այնտեղ գումարներ ծախսելու իմաստը ո՞րն է եղել: 

Դե, եթե գումարներ կային, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե դրանք ուղղվեին Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում պաշտպանական և ինժեներական հզոր բնագծեր կառուցելուն: Ինչը չի արվել կամ թերի է արվել, այնքան թերի, որ մի քանի օրում այդ հատվածը գրավվեց: 

Սերժ Սարգսյանի հարցազրույցը շատ ծավալուն է, բազմաթիվ հարցադրումներ է առաջացրել, և դրանցից մեկն էլ սա է: 

Թե չէ Մարուքյանի վարչապետական նկրտումները ոչ մեկին հետաքրքիր չեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ