...

Կոնկրետ ասեք, որ մեղավորը Սերժն էր

Կոնկրետ ասեք, որ մեղավորը Սերժն էր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 6 ամիս է, ինչ չեմ կարողանում քնել։ Չեմ ուզում քնել։ Իսկ առավոտյան՝ չեմ ուզում ու չեմ կարում արթնանալ։

Գիշերը չի ստացվում կտրվել իրականություն դարձած ողբերգությունից, իսկ արևածագին՝ դիմադրում եմ վերադառնալ այս դժոխքը։ Մեկ չի ստացվում կտրվել դաժան կյանքից, մեկ ՝ հրաժարվում եմ կրկին առերեսվել չարիքի համատարած գոյությանը։

Երազում Եռաբլուրն եմ տեսնում… Հարցազրույցներին չեմ կարողանում զսպել հույզերս պատերազմի մասին խոսելիս»:

Բնավ չենք կասկածում Արմեն Աշոտյանի անկեղծության վրա: Շատ-շատերս ենք մինչև հիմա նույն ծանր ապրումներն ունենում, շատերս ենք փորձում չհավատալ իրականությանը, գիշերները հաճախ Շուշին ու մեր պայծառ զինվորներն են երազում գալիս: Էս ցավը դեռ երկար ենք կրելու:

Բայց օրերս Արմեն Աշոտյանը մի ուրիշ բան էլ էր գրել, մեջբերում ենք. «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիժվածքը պարտադրեց արտահերթ ընտրություններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում: Ավաղ, ունենք այն, ինչ ունենք:

Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար: 
Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ»:

Հիմա հարց է առաջանում. բա որ այդպես ծանր եք տանում մեր պարտությունները, կորուստները, հիմա ի՞նչն է պատճառը, որ նոր կորուստներից, պարտություններից խուսափելու համար միասնական ընդդիմություն չձևավորվեց: Արմեն Աշոտյանն է ասում, որ մեղավորը ընդդիմությունն է, և ընդդիմադիր ոչ մի ուժ միայնակ չի կարող հաղթել: Մեր մոտ տպավորություն է, որ նա Սերժ Սարգսյանին է մեղադրում, որովհետև Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին էլ էր առաջարկել մի կողմ դնել տարաձայնությունները և համատեղել ուժերն այս ընտրություններում: Հիմա որ Սերժ Սարգսյանը մերժել է այդ առաջարկը, դրանո՞ւմ էլ է Լևոնը մեղավոր: 

Սա մեր 25 տարվա երևի ամենախոսուն երևույթն է. Տեր-Պետրոսյանը մի բան է ասում, առաջարկում, ճիշտ հակառակն են անում, ձախողվում, հետո Տեր-Պետրոսյանի վրա են մուննաթ գալիս: Իհարկե, Արմեն Աշոտյանի մուննաթն այս դեպքում անհասցե է, բայց ո՞վ է մեղավոր, որ միացյալ ընդդիմություն չստացվեց: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Արմեն Աշոտյանը գիտի՞, թե սոցցանցերում քոչարյանականները ինչեր են գրում Սերժ Սարգսյանի հասցեին: Ինչ վիրավորանքներ ու հայհոյանքներ: Մենք նույնիսկ տեսել ենք, որ Սերժ Սարգսյանին կապիտուլյանտ են համարել՝ 2018-ի հրաժարականի համար, մարդ կա, որ գրում է, թե Նիկոլին Սերժն է բերել, կամ Սերժը Նիկոլի հոգևոր հայրն է: Իհարկե, քոչարյանականներն ու նրանց լրատվամիջոցները հարյուրապատիկ ավելի շատ գրում են, թե Նիկոլը Լևոնի հոգևոր զավակն է, բայց դուք մտածեք, թե ինչու են Սերժ Սարգսյանին այսքան հարվածում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ