...

Իհարկե կվերադառնաք, Միշիկը բարեգործ չէ

Իհարկե կվերադառնաք, Միշիկը բարեգործ չէ

ԼՀԿ-ն երեկ խորհրդարանում ասուլիս էր հրավիրել։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք վերադառնալու են ԱԺ բնականոն աշխատանքին: «Բայց պիտի ուշադիր լինենք՝ կարող է հետևից խփեն»,- հավելեց պատգամավորը՝ խոսելով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Մարուքյանն ընդգծեց, սակայն, որ ոչ ոք չի կարող խմբակցությանը շեղել իր օրակարգից։

«ՉԻ». Այն, որ պետք է վերադառնային, կասկած չէր հարուցում: Ի վերջո, Միքայել Մինասյանը շատ առաքինություններ ունի, բայց հաստատ երբեք որպես բարեգործ չի դիրքավորվել: Առավել ևս այս խառնակ իրավիճակում, երբ վճռական թռիչքից առաջ մոբիլիզացրել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերին: Ուստի նման պայմաններում Մինասյանը չէր կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին կլիներ խորհրդարանական ուժի անգործությունը: Մինասյանին առանձնապես հետաքրքիր չէ, որ այս վճռական պահերին ոմանք նեղացած են կամ վախեցած:

Ինչ վերաբերում է հետևից խփելուն: Այո, դա անթույլատրելի է: Բայց դա խորհրդարանական էթիկետի միակ կանոնը չէ: Նմանապես անթույլատրելի է հայհոյելը, հատկապես՝ մայր հայհոյելը: Անթույլատրելի է ձեռքերը բռնած մարդուն ոտքերով հարվածելը: Անթույլատրելի է հայտարարելը՝ ափսոսում եմ մի քանի վայրկյանը, որ պետք է օգտագործեմ քո վրա: Լավ կլիներ, Մարուքյանը և նրա խմբակցության անդամները սերտեին այս տարրական կանոնները: Հակառակ պարագայում մշտապես տհաճ իրավիճակներում են հայտնվելու:

Վերջերս Մարուքյանը շատ է սիրում «վերլուծություններ» անել ռեգրեսի մասին: Իր և «Լուսավոր Հայաստանի»՝ իբրև խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ռեգրեսի ցայտուն օրինակ է: Անգամ ընտրությունները կեղծած, այսինքն՝ իշխանությունը զավթած խմբի մասին նախորդ ընդդիմությունը այսպիսի հռետորաբանություն ու ագրեսիվ վարք իրեն թույլ չէր տալիս: «Լուսավոր Հայաստանի» այսօրվա պահվածքը ընդդիմության ռեգրեսի լավագույն ապացույցն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ