...

Միշիկի ուշագրավ նամակը

Միշիկի ուշագրավ նամակը

Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող թոհուբոհի մեջ մի տեսակ աննկատ մնաց մի իրադարձություն, որին չենք կարող չանդրադառնալ: Խոսքը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի նամակի մասին է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Արդեն գիտեք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմիացավ Սահմանադրական դատարան դիմելու՝ ԲՀԿ-ի ստորագրահավաքին, որով պետք է վիճարկվեր ՍԴ-ի երեք անդամների լիազորությունների դադարեցման օրենքը: 

2-3 օր է, ինչ լուտանք, հայհոյանք ասես, որ չտեղաց «լուսավորների» հասցեին: Ամենաշատը բաժին հասավ Էդմոն Մարուքյանին: Բայց Միքայել Մինասյանի նամակը կամ գրառումը՝ ուղղված նրան, առանձնահատուկ էր: 

Տեքստի ոճը զարմանալի է: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ տղամարդ իր սիրեցյալ կնոջն է նամակ գրել և նրան մեղադրել դավաճանության մեջ: Եթե գրառման մեջ հանենք Միքայել Մինասյանի և Էդմոն Մարուքյանի անունները, տեղը գրենք՝ Պողոս և Քիրիստինե, ապա նման պատկեր է ստացվում: Միքայել Մինասյանի նամակից այն տպավորությունն է, որ Մ. Մարուքյանը հավատարիմ ծառայել է նրան, բայց հետո՝ դավաճանել:

Հաջորդը՝ տեքստի բովանդակությունն է: Չափազանց էժանագին, ցածր մակարդակ ունեցող մարդու գրառում է: Չգիտես ինչու, Միքայել Մինասյանը Մարուքյանին անունով է դիմում՝ Էդմոն, կարծես հարյուր տարվա ընկերներ լինեն: Միգուցե, այդպես էլ կա, բայց նման դիմելաձևը հատուկ է անկիրթ մարդկանց, մանավանդ, որ խոսքը գնում է խորհրդարանական խմբակցության ղեկավարի մասին: Լավն է, վատն է, կապ չունի: 

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում: Իր նամակում Միքայել Մինասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է անում Էդմոն Մարուքյանի հասցեին: Դրանցից մի քանիսը մեջբերենք:

1.    «Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը»:

2.    «Դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան»:

3.    «Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն»:

4.    «Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում»:

Եվ այսպես, ի մի բերենք. Միքայել Մինասյանը Էդմոն Մարուքյանին անվանել է «ստրուկ», «խամաճիկ», «խղճուկ կցորդ», «անարժանապատիվ», «տզրուկ»: 

Իսկ հետաքրքիրն այն է, որ «Լուսավոր Հայաստանից» ոչ ոք չի պատասխանել Միքայել Մինասյանին: Միհրան Հակոբյանին պատասխանել են, Արման Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին: Անվանական պատասխանել են, իսկ ահա Միքայել Մինասյանին՝ ոչ: Ինչն անտրամաբանական է: Երբ նման արտահայտությունների համար կարող են նույնիսկ դատի տալ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Գևորգ Գորգիսյանը թուր կտրած մեզ դատի է տալիս՝ չգիտենք ինչի համար, Լևոն Զուրաբյանին են դատի տալիս, որ իրենց «պրոյեկտ» է անվանել, իսկ Միքայել Մինասյանի դեպքում ծպտուն չեղավ: Թե՞ ընդունում են, որ ստրուկ ու խղճուկ ստրուկ են: Մի հատ վերջը կողմնորոշվեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ