Վերջին երկու օրերին խորհրդարանում ու փողոցում տեղի ունեցող միջադեպերը (Ազգային ժողովում իմքայլական Ալեն Սիմոնյան - լուսավորական Էդմոն Մարուքյան լեզվակռիվը, փողոցում՝ Ալեն Սիմոնյան - անադեկվատ Արթուր Դանիելյան ծեծկռտուքը) զուտ կենցաղային բնույթի պատահական դիպվածներ չի կարելի համարել։ Ըստ ամենայնի, դրանց ետևում քաղաքական խորը դրդապատճառներ պարունակող շերտեր են թաքնված։ Սա այն նույն համատեքստում է, ինչ գրել էինք օրեր առաջ՝ ներկայում քաղաքական կյանքում ակտիվացման տեսանելի ու անտեսանելի որոշակի գործընթացներ են տեղի ունենում կամ նախապատրաստվում։ Այս օրերին կատարվողը, ըստ ամենայնի, այս մեծ շղթայի առանձին օղակներն են։
Հայաստանի իշխանությունը ձեռնամուխ է եղել անօրինական ունեցվածքի բռնագանձման գործընթացին։ Հանրապետությունում նման ունեցվածքի մեծ քանակություն կա, որը գտնվում է բացառապես մերժված իշխանավորների ու նրանց շրջապատի ձեռքում։
Իրավապահ մարմինները մեղադրանք են ներկայացրել նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին՝ կաշառք ստանալու համար։ Նա ու իր որդին մեղադրվում են նաև տարիներ շարունակ մաֆիոզ կառույցներ ու կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու և ղեկավարելու մեջ, որում, բնականաբար, ներգրավված են եղել նախկին իշխանության ու վերջինիս հետ կապված մի շարք անձինք։
Անօրինական ունեցվածքի «մեծն մաեստրո» է Սերժ Սարգսյանի վատիկանացած փեսա Միքայել Մինասյանը։ Նա ներգրավված է կոնկրետ քրեական գործերում ու թաքնվում է Վատիկանում, որտեղից ամեն օր «հեղափոխական» շարադրություններ է գրում։
Նախկին իշխանության ներկայացուցիչներին, նրանց սպասարկող շրջանակներին ու լրատվամիջոցներին ակնհայտորեն նյարդացրել է անօրինական ունեցվածքի բռնագանձման հեռանկարը։ Նյարդային այդ վիճակը հասկանալի է. նախկին իշխանավորները զրկվելու են տարիների թալանից ու կուտակած միլիոններից, նրանց սպասարկողները՝ իրենց ծառայության համար առատ վարձատրությունից։
Մեծ հաշվով, նախկինները՝ զրկված լինելով քաղաքական ռեսուրսից ու հանրային աջակցությունց, այսօր իշխանության դեմ տարատեսակ գրոհները կազմակերպում են զուտ տնտեսական ու ֆինանսական մեծ լծակներ ունենալու շնորհիվ։ Այդ լծակները կորցնելու դեպքում նրանք մնալու են ձեռնունայն։
Ի՞նչ կապ ունեն Ալեն Սիմոնյանը, ԼՀԿ-ն, Արթուր Դանիելյանը ու նրանց միջև տեղի ունեցած միջադեպերը այս ամենի հետ։
Իշխանական շրջանակներից Ալեն Սիմոնյանը առավել ակտիվներից է «հեղափոխական» փեսայի անօրինական գործողությունների մասին բարձրաձայնողների շարքում։ Օրերս էլ էր այդ մասին գրառում արել։
Հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ տարիներ շարունակ ԼՀԿ-ին կապում են Միքայել Մինասյանի հետ։ Անադեկվատներն ու դրանց առաջնորդ Արթուր Դանիելյանի կապը մի քանի ոլորտային մագնատ Միքայել Մինասյանի հետ արդեն խոսակցությունների մակարդակում չեն։ Այդ կապի գործնական դրսևորումներին ականատես ենք լինում գրեթե ամեն օր։
Ուրեմն, բնավ պատահական չպետք է համարել վերջիններիս ագրեսիվ ու սադրիչ գործողությունները Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Փեսա Միշիկի ականջը կանչի։
Համլետ Կիրակոսյան