...

Վերադարձ քուչայական խորհրդարանի ժամանակներ

Վերադարձ քուչայական խորհրդարանի ժամանակներ

«Իմ քայլը» - «Լուսավոր Հայաստան», ավելի ճիշտ՝ խորհրդարանական այս երկու խմբակցությունների առանձին պատգամավորների միջև (մասնավորապես, իմքայլական Ալեն Սիմոնյանի ու լուսավորական Էդմոն Մարուքյանի) ժամանակ առ ժամանակ ծավալվող բանավեճերն ու վիճաբանությունները, ձևի առումով, սպառնում են դառնալ պերմանենտ ու խորհրդարանական առօրյայի անբաժանելի մաս։ Իսկ բովանդակային տեսանկյունից դրանք արդեն վաղուց դուրս են եկել քաղաքական ու քաղաքակրթական տիրույթից ու հետևողականորեն մղվել առօրեական լեզվակռվի ասպարեզ։ 

Երեկ այդ լեզվակռիվը բարձրացավ մեկ այլ՝ «քուչայական» մակարդակի վրա՝ ստանալով տղայական-փողոցային դրսևորումների տեսք։ Իրար հասցեի հնչող «անբարոյականի վաստակ», «այ հոգնած», «քաղաքական տրյապկա» արտահայտությունները խորհրդարանի փոխխոսնակի ու քաղաքական «կլասիկ» գործչի մասին պատկերացումների, նոր տիպի խորհրդարան ունենալու ակնկալիքների փլուզում է։ 

Թվում էր՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետք է որ վերջնականապես հրաժեշտ տված լինեինք շմայսաթոխմախական բարքերին ու խոսելաձևերին, սակայն՝ ոչ, դրանց ականատես ենք լինում նաև հետհեղափոխական Ազգային ժողովում։ 

Ականատես ենք լինում, որ դարձ է կատարվում ի շրջանս յուր՝ դեպի խորհրդարանական «հին ու բարի» ժամանակներ, երբ այնտեղ տնօրինություն էին անում «չանա ջարդողներն» ու «պպզողները» և մշտապես զվարճացնում թամաշայասեր հանրությանը։

Ընդ որում, հատկանշական է, որ երեկ տեղի ունեցածի գլխավոր «հերոսները», այսպես ասած, շարքային, սովորական պատգամավորներ չեն, այլ քաղաքական գործընթացներում վճռորոշ մասնակցություն ունեցող քաղաքական թիմերի հանգուցային դեմքեր, որոնք, ըստ էության, ինչ-որ չափով արտահայտում են տվյալ քաղաքական ուժերի ընդհանրական դիմագիծը ու արժեհամակարգը։

Տվյալ պարագայում կարևոր էլ չէ, թե ինչից սկսվեց երեկվա «բազարը», ով էր սկսողը, ով՝ շարունակողը։ Էական չեն նաև միջադեպին հետևած ներողությունների շարքը, պատճառահետևայքային շղթան, բացատրությունները, պատճառաբանություններն ու արդարացումները։ 

Կարևորն ու մտահոգիչը այն տխուր երևույթն է, երբ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ խորհրդարանը, վերադառնում է «քուչայական» ավանդների ժամանակաշրջան։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ