...

Խիստ «սկզբունքային» ընդդիմախոսներն ու վանքի հավերը

Խիստ «սկզբունքային» ընդդիմախոսներն ու վանքի հավերը

Կառավարությունն այսօր մեկ ամսով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը: Այն շարունակվելու է մինչև հունիսի 13-ը:

Հայտնի շրջանակները զոռ տալով իրենց երևակայությանը՝ տարատեսակ հետին մտքեր են տեսնում ու աներևակայելի դրդապատճառներ հորինում կառավարության այս որոշման տակ։

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, կոռուպցիոն ռեժիմի անխոնջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, օրինակ, կարծում է, թե այս որոշմամբ իշխանությունը նպատակ ունի լուծել երկու հարց. ա) «հետաձգել հանրաքվեի հարցը՝ մինչև մի բան «մոգոնեն» ու բ) քաղաքացիներին «զրկել հավաքների հիմնարար ազատությունից՝ արդեն անհամաչափ երկար ժամանակ»։

Ուզում է ասել՝ իշխանությունը վախենում է Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվեի հեռանկարից ու կազմակերպվելիք հանրահավաքներից։

Այստեղ են ասել՝ ով խոսի՝ խոսի, գոնե դուք մի խոսեք. հատկապես՝ հանրաքվեից, առավել ևս՝ հանրահավաքներից։

Հանրաքվեից իշխանության վախի մասին խոսում է մի շրջանակի ներկայացուցիչ, որը (որոնք) սարսափելով այդ հանրաքվեից՝ մեծ թափով պայքարում էին դրա դեմ, իսկ հետո, երբ նշանակվեց հանրաքվեն, չհամարձակվեցին քաղաքական մակարդակով ու լիարժեք «Ոչ»-ի ճակատ ձևավորել և կոռուպցիոն իրավապաշտպաններով ստեղծեցին կիսատ-պռատ մի խմբակ։ 

Ընդ որում, այդ խմբակն էլ իր քարոզը տանում էր ոչ թե քաղաքացիների հետ ուղղակի շփումներով ու հանրահավաքներով, այլ համակարգչային էկրանների հետևից ու իրենց մամուլի էջերից։ Իսկ ինչո՞ւ փողոց դուրս չէին գալիս ու հանդիպում մարդկանց հետ։ Շատ պարզ պատճառով. որովհետև գիտեին, որ քաղաքացիները չեն գնալու ու տապալվելու են իրենց կազմակերպվելիք հանրահավաքները։

Ու հիմա այս մարդիկ խոսում են հանրահավաքներից իշխանության վախերի մասին։ Իբր իրենք այնքան մարդաշատ հանրահավաքներ անելու կարողություն ու ռեսուրս ունեն, որ իշխանությունը «վախենում է» դրանցից ու թույլ չի տալիս։ Վանքի հավերի ծիծաղն էլ է գալիս այս մտքից:

Ինչ վերաբերում է հետաձգված հանրաքվեին։ Եթե իշխանությունը հանկարծ որոշի, ասենք, մեկ ամիս հետո անցկացնել հանրաքվեն, ապա այս նույն շրջանակները մեծ վայնասուն են բարձրացնելու, թե՝ ահա տեսեք, քաղաքական հարցեր լուծելու նպատակով իշխանությունը գնում է արկածախնդրության ու կորոնավիրուսի պայմաններում վտանգում քաղաքացիների առողջությունը:

Ահա այսպիսի «սկզբունքային» ընդդիմություն ու ընդդիմախոսներ են բաժին հասել այսօրվա իշխանությանը։

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ է արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու իշխանության որոշումը համարում հակաիրավական ու դրա հետևում տեսնում քաղաքական նպատակահարմարություն։ Բնականաբար, իր պնդումը ապացուցելու համար նորից ընկնում է օրենքների տառերի, ստորակետների, բութերի, փակագծերի ու չակերտների ետևից։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ