...

Մարուքյանենց օրհասական վիճակը. Նիկոլի ու Միշիկի արանքում

Մարուքյանենց օրհասական վիճակը. Նիկոլի ու Միշիկի արանքում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր «կլասիկ» քաղաքականության ձեռքը լրիվ կրակն է ընկել։ Հայրենի քաղաքականության սույն «կլասիկ» գործիչն իրեն այդպես էլ չի կարողանում գտնել քաղաքական դաշտում և դրա ոչ մի անկյունում։ Սահմանադրական հանրաքվեն էլ ավելի է դժվարացրել Մարուքյանի վիճակը՝ ընդհանրապես նրան ու յուր կուսակցությանը խճճելով քաղաքական դաշտի ոլորաններում ու դիրքավորումներում։

Այսօր խորհրդարանում հրավիրած մամլո ասուլիսում Էդմոն Մարուքյանը մի քանի «կլասիկ» մտքեր է հայտնել, որոնք ի ցույց են դնում նրա վիճակի օրհասականությունն ու բարդությունը։

Ասում է՝ սահմանադրական հանրաքվեի գործընթացի մեջ չպետք է լինեն ճամբարներ, պետք է լինի միայն մեկ ճամբար՝ ԱՅՈ-ինը, իսկ ՈՉ-ի ճամբար պետք չէ։ 

Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդպես ասում. որովհետև, ըստ նրա, «իշխանությունն սպասում է, որ ճամբարներ լինեն, ինքն այդ ճամբարների վրա իր հրետանիով, հետևակով, ատելության քարոզիչների բանակներով գնան այդ ճամբարը ոչնչացնեն։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար։ Պետք է լինի միայն ԱՅՈ-ի ճամբար, ՈՉ-ի ճամբար չպետք է լինի։ Ինչո՞ւ, որովհետև իշխանությանն օդի պես պետք է, որ ինչ-որ մարդիկ ՈՉ-ի քարոզչություն տանեն, որ ինքն էդ մարդկանց ասի՝ դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, ելույթներ ունենան, որից բոլորն արդեն հոգնել են։ Բայց եթե չի լինում ՈՉ-ի ճամբար, թող միայն ԱՅՈ-ն քարոզեն, մեր ժողովուրդն էլ կորոշի՝ կգնա կամ չի գնա»։

Ահա այսպիսի կլասիկ մտքեր կլասիկ գործչից, որը, ըստ էության, ասում է, թե իրենք չեն մասնակցելու ՈՉ-ի քարոզարշավին, հետն էլ բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ձեռնպահ մնալ և չմասնակցել ՈՉ-ի քարոզարշավին: Նրա մեկնաբանությամբ, իրենց այս դիրքորոշման պատճառն իբր այն է, որ զերծ մնան ատելության քարոզի թիրախ դառնալուց։ 

Ինչ վերաբերում է ատելության քարոզին։ Էդմոն Մարուքյանը հաստատ խառնել է ատելություն, բռնություն քարոզողների իսկական հասցեները։ Ատելության քարոզի առաջամարտիկները բոլորովին այլ ճամբարում են, որը Մարուքյանը չի նկատում կամ չի ուզում նկատել։ Դա այն ճամբարն է, որտեղ մեկ առ մեկ կրկնում են Մարուքյանի ասածները սահմանադրական հանրաքվեի մասին, կամ Մարուքյանն է նրանց կրկնում։ Այս պարագայում էական չէ, թե ով ում է կրկնում։ Կարևորը՝ ասելիքն է, որը նույնական է։

Մարուքյանի հայտարարությունը, թե «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցելու Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, մեկ իրական դրդապատճառ ունի. իրեն ու իր կուսակցությանը ապահովագրել բացահայտորեն, անթաքույց նախկինների ճամբարում հայտնվելու հեռանկարից, քանի որ դա ճակատագրական նշանակություն կարող է ունենալ Մարուքյանի ու ԼՀԿ-ի՝ առանց այն էլ բարդ ու անհասկանալի քաղաքական կարիերայի մեջ։

Սահմանադրական փոփոխությունների պատմության հետ կապված՝ հիշարժան է Էդմոն Մարուքյանին վերաբերող մի դրվագ. երկրի սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված ներկայիս հանրաքվեն հակասահմանադրական ու հակաիրավական համարող Մարուքյանի լուսանկարն ու ձեռքսեղմումը սահմանադրության փոփոխություններով իր իշխանությունը հավերժացնելու օպերացիան ձեռնարկած Սերժ Սարգսյանի հետ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ