...

Հրայր Թովմասյանի «դուքյանի» շուտափույթ կազմաքանդումն անհրաժեշտություն է

Հրայր Թովմասյանի «դուքյանի» շուտափույթ կազմաքանդումն անհրաժեշտություն է

Հեղափոխությանը կողմնակից քաղաքական ու հասարակական մի քանի շրջանակներ կան, որոնք ընդունելով, որ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը անհրաժեշտություն է, միաժամանակ որոշակի վերապահումներ են հայտնում սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։ Նրանց մեկնաբանությամբ, ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեն վերաբերելու է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի, որի փոփոխությունը միայն հատվածական լուծում է տալու և չի ենթադրելու դատաիրավական համակարգի ընդհանրական բարեփոխում ու առողջացում, առավել ևս՝ գործող անհաջող Սահմանադրությունից հրաժարում։ 

Նրանք մի կողմից համարում են, որ իշխանությունը դանդաղել է սահմանադրական փոփոխությունների հարցում, մյուս կողմից գտնում են, որ մի լոկալ հարցով սահմանադրական հանրաքվե անցկացնելով՝ շտապողականություն է դրսևորվում, քանի որ՝ եթե արդարադատության նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որը գլխավորապես վերաբերելու է դատաիրավական համակարգին, ապա էլ ինչ կարիք կար այս լոկալ հանրաքվեն իրականացնել։

Հնչած դատողություններում ճշմարտություններ կան, հատկապես համակարգային ու արմատական փոփոխությունների հարցում իշխանության դանդաղկոտության առումով։ Անշուշտ, իշխանությունը կոնկրետ Սահմանադրական դատարանի մասով հարցը պետք է լուծեր շատ շուտ՝ հեղափոխությունից անմիջապես հետո։ Այդ հարցը հեղափոխական օրենքներով լուծելու բոլոր հնարավորություններն այդ օրերին կային։ Սակայն դա չարվեց, և այսօր ունենք այն, ինչ ունենք ու պետք է ելնենք ներկայիս իրավիճակից և իրողություններից։

Իսկ իրողությունն այն է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի առկայության պայմաններում հնարավոր չէ որևէ ամբողջական սահմանադրական փոփոխություն և դատաիրավական համակարգի բարեփոխում։ Ներկայիս Սահմանադրական դատարանն ու դրա գործող անդամները՝ որպես սահմանադրական մարմին և մերժված իշխանության քաղաքական շահերի արտահայտիչ, ընդդիմանալու են այդ փոփոխություններին, տարատեսակ խնդիրներ ու իրավական ճգնաժամեր են ստեղծելու այդ գործընթացում։ Էլ չասենք Մարտի 1-ի գործով դատավարության ու Ռոբերտ Քոչարյանի հարցով Հրայր Թովմասյանի «դուքյանի» հնարավոր «սյուրպրիզների» մասին։  

Սահմանադրական դատարանի հարցի լոկալ լուծումն ու ռոբասերժական ռեժիմի խրամատի կազմաքանդումն անհրաժեշտություն է՝ դատաիրավական ու սահմանադրական ընդհանրական փոփոխությունների ճանապարհին։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ