...

Հրայր Թովմասյանը պետք է ամաչի իր խայտառակ գործունեության համար

Հրայր Թովմասյանը պետք է ամաչի իր խայտառակ գործունեության համար

Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը երեկ լրագրողներին ասում էր. «Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով, ընդամենը պետք է ասեմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացում ունեցա»: Նկատի ունի նախօրեին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումն ու քվեարկությունը։

Հրայր Թովմասյանը ամոթի զգացում ապրելու շատ բան ունի, սակայն կապված իր կենսագրության ու գործունեության էական դրվագների հետ՝ ինչպես անձ, այնպես էլ՝ իրավաբան։ Թվարկենք դրանցից ընդամենը մի քանիսը։

Նա պետք է ամոթի զգացում ունենա իր կենսագրության կտրուկ վայրէջքի համար։ Ժամանակին լինելով քաղաքացիական հասարակության իրավական հատվածի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ իր գործունեությամբ ձեռք էր բերել հանրության սերն ու հարգանքը, ընկալվում էր որպես օբյեկտիվ, արդարության համար պայքարող, մարդու իրավունքների պաշտպանությանը հետամուտ, ժողովրդավարության համար պայքարող, քրեաօլիխարխիկ ռեժիմին ընդդիմացող անձ ու մարտիկ։ Հետո կտրուկ շրջադարձ կատարեց, անդամագրվեց օլիգարխիկ ՀՀԿ-ին, շատ լավ ինտեգրվեց այդ կուսակցության՝ հասարակության համար մերժելի արժեհամակարգին, ընդունեց ՀՀԿ-ական ամենավատ բարքերը, այնուհետ իր վրա վերցրեց իշխող բանդայի բոլոր քաղաքական ու քրեական հանցագործությունը իրավական շղարշով պատելու, իրավական հարթության մեջ դրանք դզել-փչելու, կոծկելու «սուրբ» գործը։

Հրայր Թովմասյանը պետք է ամաչի, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո հայտարարություններով դատապարտելով ու մեղադրելով ռոբասերժական իշխանություններին՝ այդ ոճրագործության, զոհերի, ժողովրդի վրա կրակելու, ծեծելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու համար, ՀՀԿ-ական դառնալուց հետո 180 աստիճանով փոխեց դիրքորոշումը ու սկսեց քննադատել այդ օրերի ընդդիմությանն ու ժողովրդին՝ արդարացնելով ռոբասերժական ռեժիմին, որն արդեն հարազատ էր իր համար։

Հրայր Թովմասյանը պետք է ամոթից գետինը մտնի, որ ակտիվ, հանգուցային դերակատարություն ունեցավ իրենց «անփոխարինելի», «միակ», «իմաստագույն», գրեթե Չերչիլ Սերժ Սարգսյանին վերարտադրելու, երրորդ անգամ պետության ղեկին նստեցնելու ամոթալի օպերացիայում, այդ նպատակով լայն մասնակցություն ունեցավ սահմանադրական փոփոխություններին, գրեց (մի քանի իր նմանի հետ) հատուկ Սահմանադրություն։ Ձեռի հետ էլ այդ Սահմանադրության մեջ հատուկ գլուխ ներմուծեց, որով իրեն ինքնահռչակում էր Սահմանադրական դատարանի գրեթե ցմահ նախագահ, այն դեպքում, երբ դա հակասում էր հենց իր գրած Սահմանադրության ոգուն ու բովանդակությանը։

Վերջապես, Հրայր Թովմասյանը պետք է ամաչի իր գրած խայտառակ, անգրագետ Սահմանադրության համար, որը լի է հակասություններով, իրարամերժ դրույթներով, իրար բացառող հոդվածներով, կիսալուծումներով, քաղաքական ճգնաժամեր ստեղծող կարգավորումներով, ավելի ճիշտ՝ չկարգավորումներով։ Երկու տարվա ընթացքում բազմաթիվ իրավիճակներ են ստեղծվել, երբ հրայրթովմասյանական Սահմանադրության անհստակության, թափթփվածության պատճառով առաջացել են քաղաքական ու իրավական ճգնաժամեր, իրավաբանական համայնքն էլ՝ երկու բանակի բաժանված, իսկական պատերազմ է սկսել, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը, դրույթը ինչպես պետք է կարդալ ու մեկնաբանել, ու ամեն մեկը կարդացել ու մեկնաբանել է իր ուզածի պես։ Այդպիսի տարընթերցումների համար Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրությունը լիուլի հնարավորություններ տալիս է։

Հրայր Թովմասյանն ահա պետք է ամաչի իր գործունեության այս թվարկված ու չթվարկված բազմաթիվ դրվագների համար։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ