...

Ասք «քաջարի» Հրոյի մասին

Ասք «քաջարի» Հրոյի մասին

Սահմանադրական դատարանի գահընկեց արված նախագահ Հրայր Թովմասյանը, անխոս, անձնական ողբերգություն է ապրում։ 

Հանաք բան չէ, մարդը տարիների ջանքեր թափեց իշխանական վերնախավ ներխուժելու համար, բազում ծառայություններ մատուցեց իշխանությանը, տքնաջան աշխատանքով Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն ձևեց, որպես փոխհատուցում՝ այդ Սահմանադրության մեջ հատուկ իր համար գլուխ հարմարեցրեց, որով մինչև խոր ծերություն ապահովելու էր երկրի ամենաբարձր պաշտոններից մեկում՝ Սահմանադրական նախագահի աթոռին իր գոյությունը։ Սակայն, ինչպես ասում են, մուրազը փորում մնաց, շաբաթն էլ ուրբաթից շուտ եկավ։

Սահմանադրական դատարանի նախագահի աթոռին բազմելուց օրեր անց Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը մերժեց իր հարազատ իշխանությանն ու իշխող համակարգը, երերաց նաև իր տակի աթոռը, քանի որ այն ի սկզբանե խախուտ էր, որովհետև քաղաքական աճպարարությամբ ու իրավաբանական ժուլիկությամբ էր տիրացել այդ աթոռին։

Աթոռի վրա մի լավ ճոճվելուց հետո իր զավթած Սահմանադրական դատարանը հայտարարեց մերժված համակարգի վերջին բաստիոն ու խրամատ, իրեն էլ՝ «քաջարի» դիրքապահ ու խրամատավոր, ու բոլոր մերժվածների հետ «անվեհեր» ու «հերոսական» կեցվածքով անցավ այդ դիրքի ու բաստիոնի պաշտպանությանը։ Ձեռի հետ էլ սկսեց օգնության կանչեր հնչեցնել առ հյուսիս ու արևմուտք։

Երբ հեղափոխությունը հասավ Սահմանադրական դատարան, «քաջարի» դիրքապահ ու խրամատավոր Հրայրը խուճապի մեջ ընկավ։ Զգաց, որ խրամատը փլվում է իր ոտքի տակ, դիրքերը քանդվում են, մերժվածների բանակը ի զորու չէ որևէ կերպ պաշտպանություն կազմակերպել, հյուսիսից ու արևմուտքից էլ օգնության ձեռք չկա, անգամ իրեն միշտ հասնող Բուքիքյոն դիվանագիտորեն, այսինքն՝ գեղական կարգով հասկացրեց՝ Հրո, ինձնից վազն արի։
«Ի՞նչ անել». ինքն իրեն հավերժական հարցը տվեց ՀՀԿ-ական վերջին «քաջարի» դիրքապահը ու ինչ-որ ելք, ավելի շուտ՝ կիսաելք գտավ։ Արագ ձևակերպեց ու գնաց արձակուրդ, այլ կերպ ասած՝ շատ «հերոսական» ձևով լքեց այլևս ինկած բաստիոնը՝ դրա քանդված դիրքերի առաջ թողնելով փխրուն Ալվինա Գյուլումյանին։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ