...

Նահանջ՝ լոլոներով

Նահանջ՝ լոլոներով

Սահմանադրական հանրաքվեն անօրինական ու հակասահմանադրական համարող գործիչները հերթով հրաժարվում են մասնակցել այդ գործընթացին։ Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էր, այսօր՝ ՀՀԿ-ի իրավաբանության հայր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ 

Երկուսի հրաժարվելու պատճառաբանությունն էլ շատ պարզունակ է ու արհեստական։ Մարուքյանն ասում է, թե հրաժարվում է մասնակցել սահմանադրական հանրաքվեի գործընթացին, որպեսզի զերծ մնա ատելության խոսքի թիրախ լինելուց։ 

Դավիթ Հարությունյանն էլ հայտարարում է, թե սահմանադրական հանրաքվեն հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ, դա հակասահմանադրական գործընթաց է, և ինքը «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությանը չի մասնակցի, որովհետև չի կարող մասնակցել հանցագործությանը։

Մինչդեռ պետք է հակառակը լիներ. եթե մարդը համարում է, որ տեղի է ունենում անօրինական բան, առավել ևս՝ հանցագործություն, պետք է ինչ-որ ձևով ակտիվորեն պայքարեր, որ այդ, այսպես ասած, անօրինականությունը կամ հանցագործությունը տեղի չունենան։ Ասենք, մասնակցել քարոզարշավին, հանգամանորեն բացատրել, թե ինչ անօրինականություն է տեղի ունենում, փաստարկներ ու ուժեղ կռվաններ ներկայացնել դրա վերաբերյալ ու հանրությանը կոչ անել, ենթադրենք, բոյկոտել հանրաքվեն, կամ Ոչ ասել հանրաքվեում ներկայացված տեքստին։ Այսպես ավելի ազնիվ կլիներ, անկախ գործընթացի՝ հետագայում արձանագրվելիք արդյունքից։

Բայց չէ, մարդիկ այդ տրամաբանական ու սկզբունքային ճանապարհով չեն գնում։ Այլ՝ քաշվում են մի կողմ և պատրաստվում լուռ հետևել, իրենց խոսքով ասած, «հակասահմանադրական» գործընթացին ու «հանցագործությանը»։ 

Իսկ գիտե՞ք, թե ինչու են նահանջի այսպիսի դիրքավորում գրավում. որովհետև շատ լավ գիտեն ու հասկանում են, որ իրենց բոլոր փաստարկները ջրալի են լինելու, լուրջ ու համոզիչ կռվաններ չեն ունենալու և իրավաբանական իրենց լոլոներով հերթական անգամ արժանանալու են հասարակության մեծ մասի արհամարհանքին ու մերժմանը։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ