...

Իշխանությունների սխալներն ու նախկինների մանիպուլյացիաները

Իշխանությունների սխալներն ու նախկինների մանիպուլյացիաները

Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախկինների հոգեկան անդորրն է խախտել, ակնհայտ է։ Տարատեսակ վարձկաններ, նախկինում կերակրատաշտի մատույցներում հարմար տեղավորված ու երկու տասնամյակից էլ մի փոքր ավել իրենց բարեկեցությունն ապահոված պաշտոնյաներ հանկարծ մտահոգվել են պետության ու հասարակության շահով և սոցցանցերում գրառումներ են անում, հարցազրույցներ են տալիս, ասուլիսներ հրավիրում, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կործանելու է պետությունը։ Այդ ամենը միայն մի նպատակ է հետապնդում՝ վերադառնալ կերակրատաշտի մատույցներ։ 

Նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը երեկ, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, լրագրողներին ասել է. «Սա հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ»։ Մի զարմացեք, այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը 1998-2007 թվականներին ՀՀ արդարադատության նախարար էր, 2007-2013-ականներին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, 2013թ. սեպտեմբերի 4-ից ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր, 2014-2016-ին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էր, 2017-ից կրկին արդարադատության նախարար էր։ 

Իսկ հիմա տեսնենք, թե սույն պարոնը պաշտոնավարման տարիներին երբևէ հիշել է պետականության ու ժողովրդի մասին, երբ իսկապես պետականությունը վտանգված է եղել, և հանցագործություն են կատարել ժողովրդի դեմ։ Դ. Հարությունյանը, որ 1998-2007-ին ղեկավարում էր արդարադատության գերատեսչությունը, 1999թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործներն անարգել մտան ԱԺ, գնդակահարեցին  ԱԺ նախագահին, վարչապետին, պատգամավորների, այսինքն՝ հանցագործություն էր պետության դեմ։ Մինչ օրս կազմակերպիչները բացահայտված չեն և առանցքային վկաներն էլ կենդանի չեն, կենդանի է մնացել մի երկու ահաբեկիչ։ Որևէ մեկը լսած կա, որ արդարադատության նախարարը գոնե մեկ անգամ բարձրաձայներ, թե պետության դեմ հանցագործություն է կատարված և կազմակերպիչներին պետք է բացահայտել։ Ձեզ նեղություն մի տվեք, նման բան չի եղել։ 

Երբ Քոչարյանը յուրայիններով Հյուսիսային պողոտա էր կառուցում՝ մարդկանց ունեզրկելով, մարդիկ հայտնվում էին փողոցում, շատերն էլ ինֆարկտից ու ինսուլտից հանկարծամահ էին լինում։ Մարդուն սեփական բնակարանից դուրս շպրտելը հանցագործությո՞ւն է, թե՞ չէ։ Դարձյալ արդարադատության գերատեսչության ղեկավարը լուռ էր։  

Անցնենք առաջ։ Իսկ երբ 2007-2013-ականներին ղեկավարում էր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 2008-ի մարտի մեկին մայրաքաղաքի սրտում գնդակահարեցին խաղաղ ցուցարարներին, մարդիկ պարզապես իրենց բողոքն էին հայտնում կեղծված ընտրությունների համար։ Դավիթ Հարությունյանը գոնե մեկ անգամ բարձրաձայնե՞լ է, թե հանցագործություն է կատարվել ժողովրդի դեմ։ Դարձյալ լռել է։ 

Երբ Պողոս Պողոսյանին Քոչարյանի կուկուները քացու տակ գցելով սպանեցին, միայն նրա համար, որ Դավիթ Հարությունյանի տիրոջը սխալ էր բարևել, իսկ Քոչարյանն էլ հայտարարում էր, թե եթե կենդանի լիներ, ինքն էլ բան կունենար ասելու։ Փաստորեն հանգուցյալի բախտը բերել էր։ Դավիթ Հարությունյանը լուռ էր։ 

Ինչպես տեսնում ենք, երկու տասնամյակից մի փոքր պակաս արդարադատության նախարարությունում, ԱԺ պետա-իրավական մշտական հանձնաժողովում դեգերող Դավիթ Հարությունյանը, որը ի պաշտոնե պետք է անհանգստանար և անհանգստանալու պատճառ ուներ, չէր անհանգստանում, որ իսկապես հանցագործություն էր կատարվում պետության ու ժողովրդի դեմ։ Իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, իհարկե, ուշացումով փորձ է արվում երկրում օրինականություն հաստատել, դա Դավիթ Հարությունյանի համար հանցագործություն է պետության ու ժողովրդի դեմ։  

Նախկինների նման ակտիվության պատճառն իշխանությունների աննախադեպ սխալներն են, ինչից հրաշալի են օգտվում ռևանշիստները։ Հիմնական սխալը, որ համակարգային փոփոխություն չի արվել։ ԱԺ ընտրություններից հետո, երբ ունեցան լիակատար իշխանություն, անմիջապես պետք է անցնեին սահմանադրական փոփոխություններին, հիմա արդեն պետք է ունենայինք լեգիտիմ սահմանադրություն, որը կարտահայտեր երկրի և հասարակության շահը, բայց ոչ երբեք իշխանությունների խմբակի։

Հաջորդ սխալը, որը ածանցվում է հիմնական սխալից, հեղափոխության պահանջ էր՝ սոցիալական բաղադրիչը, որը նույնպես անտեսեցին։ Նիկոլ Փաշինյանը, որ քաղաքացուն հպարտ է ասում, դրանից աղքատ քաղաքացին հպարտ չի դառնում, իսկ Նիկոլ Փաշինյանի տեսությունը, թե աղքատությունը գլխում պետք է հաղթահարել, կամ էլ բազմոցին պառկած միլիոնատեր չեն լինում, առայժմ իշխանությունների համար է։ Իրենք իրենց գլխում աղքատությունն էլ հաղթահարեցին, բազմոցին էլ պառկած չմնացին, միլիոնատեր էլ դարձան։ 

Իշխանություններն իրենք իրենց դժվարին կացության մեջ են դրել։ Անչափ դժվար է լինելու հպարտ քաղաքացուն ընտրատեղամաս հասցնելը։ Վստահաբար կարելի է պնդել, որ հպարտ քաղաքացին Փաշինյանին պետք է հարցնի նախարարների միլիոնուկես աշխատավարձի և պարգևավճարների մասին, իսկ Փաշինյանը դարձյալ պիտի թոշակառուին ասի, թե ՀԴՄ կտրոն պետք է պահանջի, որ նոր թոշակը բարձրանա, ինչն ամենևին էլ «ԱՅՈ»-ի օգտին չի լինի։ 

Իհարկե, իշխանությունները դրական գործեր արել են։ Իսկ նախկինները լավ գործերն էլ մանիպուլացնում են իրենց անսպառ ռեսուրսներով։ Օրինակ՝ կրթության համակարգի բարեփոխումները, որ իսկապես անհրաժեշտություն է, տանում են այլ հարթություն, առողջապահության բնագավառի բարեփոխումները համարում են բուժհաստատություններ փակելը, Սորոսի մասին պատմում են առասպելներ, Ստամբուլյան կոնվենցիան, որ իրենք են ստորագրել, Ամուլսարը և այսպես շարունակ։ 

Իշխանությունները պետք է կարողանան հանրամատչելի բացատրել, որ հանրաքվեն արվում է, որ ունենանք լեգիտիմ ՍԴ, որ ծառայի երկրին ու ժողովրդին, և հանրաքվեն է ՍԴ ճգնաժամը լուծելու օրինական ճանապարհը ու փակի ռևանշի ձգտողների ճանապարհը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ