...

Ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում

Ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում

Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման առարկա է դարձել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովների ձևավորման հարցը։  

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներն արդեն ունեն իրենց ներկայացուցիչները։ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։ ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը: Փոխարենը նշանակվել են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ. այս մասին մամուլն արդեն բարձրաձայնել է, ինչը չի կարող չանհանգստացնել հեղափոխական հանրույթին: Բայց արի ու տես, որ իշխանությունները հեչ էլ չեն անհանգստանում։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան կտա։ 

Անհասկանալի է, թե որտեղից այս չհիմնավորված լավատեսությունն իշխանության ներկայացուցչի մոտ, երբ երկրում հեղափոխությունից երկու տարի անց ոչ մի մեղադրյալ դատարանի առջև պատասխան չի տվել: Կամ էլ այդ փախած մեղադրյալների հանդեպ, որ հետախուզում է հատարարվել, ո՞ր մեկն է վերադարձել և կանգնել արդարադատության առջև, որ հանրաքվեի կեղծարար հանձնաժողովականն էլ պատասխան տա։ Էյֆորիա։ Երկնքի՞ց է իջել Վահագն Հովակիմյանը։ Նրանք պայքարում են, որ դատաիրավական համակարգը նույնը մնա, ամեն ինչ անելու են, որ հանրաքվեի «Այո»-ն պարտվի, եթե «Այո»-ն պարտվեց, նրանց ո՞վ պիտի պատժի։

Ընդհանրապես իշխանությունները և մասնավորապես Վահագն Հովակիմյանը պիտի հասկանան, որ ժողովուրդը փողոց էր դուրս եկել և մերժում էր նախկիններին, որ ապրի իրավական երկրում, որ մարտի մեկի սպանդը իրականացնող հանցագործներն իրենց արժանի պատիժն ստանան, մինչդեռ մարտի մեկի գործը փակուղում է։ 

Հետո, իշխանությունները մի անչափ կարևոր բան էլ պիտի լավ հասկանան՝ որ հեղափոխության հաղթանակը մեծապես պայմանավորված էր 2008թ. նախագահական ընտրությունների համաժողովրդական զարթոնքով, որը մեծապես պայմանավորված էր Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձով, ինչը շատ լավ են հասկանում մերժվածները, և դա է պատճառը, որ բոլոր անպատեհ առիթներով մեղադրանք են կարդում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Զարմանալի է, որ այս պարզագույն ճշմարտությունը չեն հասկանում իշխանությունները կամ իրենց չհասկացողի տեղ են դնում։ 

Փաստորեն իշխանությունները հավատարիմ են իրենց կադրային քաղաքականությանը՝ ոնց որ պետական կառավարման համակարգում են մնացել մերժվածները, հիմա էլ հանձնաժողովներում։ Զավեշտ է, չէ՞, որ քսան տարի մերժվածների դեմ անհաշտ պայքարողները տեղ չեն գտել կառավարման համակարգում, որ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են և հեռու են եղել կոռուպցիայից, իսկ հիմա էլ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում։

Տեղամասային հանձնաժողովի անդամ լինելն էլ պաշտոն չէր, որ ՀԱԿ-ի 1285 հանձնաժողովականի ցուցակից միայն 179-ն է նշանակվել։ ՀԱԿ-ը ինչպես միշտ պիտի պայքարեր, որ կեղծիք թույլ չտան։ 

Վերջում մի շատ կարևոր բան էլ պիտի հասկանան իշխանությունները՝ որ ժողովրդի ցանկությունից և լավ օրից չի եղել, որ իշխանության վերին օղակներում հայտնվել են մարդիկ, որ պետք կիլոմետրերով հեռու լինեին այնտեղից, որտեղ որ հայտնվել են, և եթե իրենց անգործության և անվճռականության պատճառով հանրաքվեի «Այո»-ն պարտություն կրեց և շարունակվեց իրավական քաոսը, դա ժողովրդի և պետության պարտությունն է լինելու, և ժողովուրդն իրենց չի ներելու։ Ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ