...

Նիկոլ Փաշինյանի աննախադեպերի շարքից

Նիկոլ Փաշինյանի աննախադեպերի շարքից

Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը որոշել է չորով լուծել «Նաիրիտի» խնդիրը։ «Գործարանի («Նաիրիտի»- Ջ․Ա․) պարտքերի մարմամբ զբաղվում է սնանկության կառավարիչը, որը վերջերս փոխվել է։ Նոր կառավարիչը գործարանում սարքավորումներ չի ապամոնտաժում և չի վաճառում, բայց մեզ հասած տեղեկություններով` պարտքերը մարելու նպատակով կառավարությունը նախատեսում է վաճառել գործարանի տարածքի մի մասը» (Sputnik Արմենիա 30․09․2021թ․):

Նախ փաստենք, որ «Նաիրիտում» առանց սարքավորումների ազատ տարածք պարզապես գոյություն չունի։ Էդ «հանճարեղ» միտքը ո՞ր մեկի ուղեղում է ծնվել։ Վստահաբար կարելի է պնդել, որ էդ «հանճարեղ» մտքի հեղինակը չի էլ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում «Նաիրիտը», թե չէ՝ ո՞նց կարող է մտածել տարածքի մի մասը վաճառելու մասին, երբ ամբողջ տարածքը հագեցած է տեխնոլոգիական սարքավորումներով։ 

Որպեսզի պարզ դառնա, թե՛ իշխանության, թե՛ ընթերցողի համար բերենք մի օրինակ։ Ենթադրենք վաճառել են Կաուչուկի արտադրության (ճապոնական տեխնոլոգիա) տարածքը, որտեղ տեղակայված են երեք արտադրամասեր իրենց օժանդակ կառույցներով և գերթանկարժեք սարքավորումներով։ Տարածքի սեփականատերը եթե կաուչուկ չի արտադրելու (բանական է, որ չի արտադրելու) և ուզում է բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնել (իր սեփականությունն է, ինչ կուզի, կանի), ապա պիտի փորձի ազատվել էդ «անպետք», թանկարժեք, էմալապատ պոլիմերիզատորներից ու չժանգոտվող երկաթից պատրաստված այլ թանկարժեք սարքավորումներից։ Եթե միայն տարածքն են վաճառելու, այդ դեպքում  նաիրիտցիների և պարզապես հպարտ քաղաքացիների մոտ օրինական հարց է առաջանալու՝ էդ սարքավորումներն ո՞վ և ի՞նչ գնով է վաճառելու, ստացված գումարն ո՞ւմ գրպանն է մտնելու և արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում։ Նույնը կարելի է ասել Քլորոպրենի արտադրության (անգլիական տեխնոլոգիա) և մնացած այլ արտադրամասերի համար։ 

Գրեթե անհնար է պատկերացնել, որ թալանի և կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության մտքով նման գործարք է անցնում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ գալիս են նախկինների թալանն ու կոռուպցիան վերացնելու, բայց 3,5 տարվա ընթացքում չկարողացան պարզել «Նաիրիտում» գոյացած պարտքերի ծագումնաբանությունը, իրենց նեղություն չտվեցին թերթել «Hetq.am»-ի 2013թ. էջերը և տեսնել, թե որտեղից են գոյացել գործարանի պարտքերը: Հիմա էլ որերկրորդ անգամ մանդատ են ստացել, մտածում են՝ իրենց ինչ ասես կարելի է և նման ահեթեթություն են մտածել ու փոշիացնում են պետության հարստությունը։ Իհարկե, նախկիններն էին արտադրանք տվող գործարանը պարապուրդի մատնել, բայց գործարանը սնանկ ճանաչելու համարձակություն չունեցան, իսկ սրանք «Նաիրիտը» վերագործարկելու քայլ չարեցին ու քիչ անց գործարանը սնանկ ճանաչեցին, հիմա էլ վերջնականապես են ուզում ազատվել նրանից։ Անըմբռնելի և անընդունելի է տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած գործարանի մի մասը որպես տարածք վաճառելը։ Չլսված ու չտեսնված բան է։ Այ, սա աննախադեպ է։ Եթե կառավարությունը մտածում է տնտեսություն զարգացնելու մասին, բա ո՞նց է ուզում միջազգային շուկայում պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանը մասերի բաժանել և որպես տարածք վաճառել, ինչը մեկ բան է նշանակում՝ փոշիացնել պետության սեփականությունը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   71225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ