...

Խնամիս ու ես

Խնամիս ու ես

Իշխանություններն ու հասարակությունը պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Առայժմ հաջողությունը նկատելի չէ։ Վիրուսի տարածումը ոչ միայն իշխանությունների մեղքով է լինում, այլ նաև մեր՝ քաղաքացիներիս, որ չենք կատարում պարետի որոշումները։ Իսկ մերժվածների համար կորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նորանոր հեռանկարներ է բացում։ Հայտնի բան է՝ գայլն ամպամած օրվան է սպասում։ Անցնելով բարոյականության ու տրամաբանության սահմանները՝ նույնիսկ հայտարարում են, որ ամեն մի մահացածի համար Նիկոլն է պատասխան տալու։ Դաժան բան է կերակրատաշտից զրկված լինելը, կերակրադաշտը ձգողական ուժ ունի և հրաշքներ է գործում՝ բազմաբնակարան շենքերից առանձնատներ է տեղափոխում, բայց նաև վատ ազդեցություն է ունենում տրամաբանության վրա, իրականությունից են հեռանում։  

Մերժվածների առավել ակտիվներից է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որը գրառումներում չի էլ թաքցնում ռևանշի ձգտումը։ Սույն Մարգարիտ Եսայանը 2018թ․ ԱԺ ընտրություններից առաջ հարցազրույցներից մեկում ասում էր, որ պիտի ժողովրդի հետ անկեղծ լինեն և ասեն իրենց սխալների մասին, իսկ հիմա ի՞նչ սխալ, ի՞նչ բան, չորով իշխանություն են ուզում, և վերջ։ Եվ իր «բարձունքներից» սահմանադրական ճանապարհով իշխանության գալը խայտառակ ու փողոցային է համարում։ Սա մի պատճառ ունի։ Իշխանությունների հանցավոր անգործությունը, որ նախկիններն իրենց գործունեության քսան տարիների համար չեն ստացել իրավաքաղաքական գնահատական և մինչև այսօր ՍԴ ճգնաժամը չեն հաղթահարել, դատական համակարգն էլ իրենցն է։  

Եսայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «...Նիկոլը չի գնալու սահմանադրական ճանապարհով, որքան էլ ես և բոլոր ողջամիտ մարդիկ ուզենան։ Նիկոլը չի գնալու սահմանադրական ճանապարհով, որովհետև ինքը չեկավ այդ ճանապարհով։ Ինքը եկավ փողոցային ճանապարհով, եկավ շանտաժով, ստով և լաչառությամբ․․․

Եվ պիտի գնա նույնքան խայտառակ, որքան խայտառակ եկավ․․․․

Նիկոլը պիտի գնա իր եկած ճանապարհով...»։ Այնուհետև համոզմունք է հայտնել, որ նիկոլիզմի ժամանակաշրջանն անցել է․ «Կեցցե այն վաղը, որը մենք միասին պիտի դարձնենք այսօր․․»։ 

Գրառումներից պարզ է դառնում, որ սույն տիկինը ոչ միայն հիշողության հետ խնդիր ունի, որ ժողովուրդը իրենց մերժել է, այլ նաև տրամաբանության, ինչը նույնիսկ այս մի քանի տող գրառումից է ակնհայտ, բայց արի ու տես, որ իրեն ողջամիտ մարդ է համարում: Ո՞ւր է տիկնոջ ողջամտությունը, երբ էս պարզագույն ճշմարտությունը չի հասկանում։ Եթե մի քիչ ողջամիտ լիներ, պիտի հիշեր իրենց ղեկավարման տարիների ավերածությունները, թե ինչ են արել պետության ու հասարակության հետ հանուն իրենց բարեկեցության և լռեր։ 

Տիկին Մարգարիտը, որ ասում է, թե Նիկոլը չի եկել սահմանադրական ճանապարհով, ամենայն հավանականությամբ մի քիչ լավ չի հասկանում, թե ի՞նչ ասել է սահմանադրական ճանապարհով իշխանության գալ։ Տիկնոջը չի կարելի մեղադրել, ինքը սովոր է, որ իշխանության են գալիս՝ ինչքան ուզեն, էնքան խփելով և իրեն թվում է, թե դա է սահմանադրական ճանապարհը։ Քսան տարի այդպիսի «սահմանադրական» ճանապարհով են եկել իշխանության։ Շատ իզուր է փողոցը վարկաբեկում. փողոցում է եղել մի ամբողջ ժողովուրդ, իսկ ինքը և իր կուսակցությունը կերազեին, որ փողոցում նման ընդունելություն ունենային։ Բոլոր դեմոկրատական գործընթացները փողոցի ծնունդ են լինում, աշխարհում ընդունված բան է։

Տիկինը հայտարարում է, թե Նիկոլը պիտի հեռանա իր եկած խայտառակ ճանապարհով։ Այո, Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա իր եկած ճանապարհով՝ այսինքն ժողովուրդը բերել է իշխանության, և ժողովուրդն էլ պիտի հեռացնի։ Ինչպես տեսնում ենք, տիկնոջ տրամաբանությամբ՝ երբ ժողովուրդն է ընտրում, դա խայտառակ ու փողոցային ճանապարհ է։ Այդ դեպքում, որ ասում է, թե նիկոլիզմի ժամանակաշրջանն անցել է, և մենք վաղվա օրը դարձնելու ենք այսօր, էդ «մենքը» ովքե՞ր են։ Ամենայն հավանականությամբ էդ «մենքը» ինքն ու իր խնամի դաշնակ Աղվան Վարդանյանն են իրենց վարկաբեկված կուսակցություններով։ Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից առաջիններից է եղել։ Մարգարիտ Եսայանը մինչև ԱԺ պատգամավոր դառնալն ապրում էր Դավիթաշենի 4-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 8-րդ հարկում, պատգամավորության մեկ ժամկետը չավարտված՝ արդեն 2016թ., սահուն տեղափոխվեց նույն համայնքում գտնվող շքեղ առանձնատուն։ Տիկին Մարգարիտի խնամի Աղվանը նույնպես ապրում էր Դավիթաշենի նույն 4-րդ թաղամասում, էլի բազմաբնակարան շենքերից մեկում, գրեթե նույն ժամանակահատվածում խնամի Աղվանը նույնպես տեղափոխվեց նույն համայնքում գտնվող դարձյալ շքեղ առանձնատուն, որտեղ ապրում է տիկին Մարգարիտի աղջիկը։

Հիմա պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ է խնամիների համար այդքան հրատապ Փաշինյանի հեռանալը և իրենց իշխանության վերադարձը։ Խնամիներին էլ կարելի է հասկանալ, դժվար է, չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ այլևս երբեք չեն ունենալու հրաշքներ գործող մանդատը, գուցե թոռնիկների համար է՞լ պիտի առանձնատներ կառուցեին։ Ոչինչ։ Դիմացեք։ Այդպես էլ է լինում։ Մի ամբողջ ժողովուրդ քսան տարի պահել եք թշվառության մեջ։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ