...

Ոչմիթիզականների զիջումները

Ոչմիթիզականների զիջումները

Երևանում ընթացող Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ։ 

Սա, իհարկե, լավ է, քանի որ ատոմային էներգաբլոկների կառուցումը կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ որոշակի անկախությունը: Բայց միայն որոշակի, կարելի է ասել, նույնիսկ անորոշ, քանի որ 2000-ականներին մեր քոչարյանական իշխանությունը Հայաստանը լիակատար էներգետիկ կախվածության մեջ դրեց Ռուսաստանից: Ինչպես պետք է նորից վերականգնենք մեր այդ անկախությունը, շատ բարդ հարց է:

Իսկ մենք ներկայացնենք 20 տարվա մի հրապարակում, թե ինչպես սկսվեց Հայաստանի ունեցվածքի հանձնումը Ռուսաստանին: Ատոմակայանը դեռ իր հերթին էր սպասում: 

«Շուրջ երկու տարի տևած բանակցություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները երեքշաբթի օրը Երևանում ստորագրեցին վերջապես «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը:

Ստորագրված համաձայնագրով, շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնվեցին Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության և ավտոմատ կառավարման ինստիտուտները: Այս ցանկը երկու երկրների կառավարությունները համաձայնեցրել էին դեռ անցյալ տարի:

Ստորագրվեցին նաև մի շարք այլ փաստաթղթեր, որոնցից մեկով մի քանի ամսով երկարաձգվում է գույքի փոխանցումը ռուսական կողմին: Երկու երկրների բնապահպանության նախարարները ստորագրեցին համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, իսկ անվտանգության ոլորտի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման մասին է:

«Կարծում եմ, 100 միլիոն դոլարը փոքր գումար չէ: Մենք կարծում ենք, քիչ չի վճարված՝ գույքը ճիշտ գնահատելու և վճարելու համար բավարար է», - հաշվարկեց Ռուսաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը պարտավորություն է վերցնում ապահովել այդ ձեռնարկությունների լիարժեք աշխատանքը:

Միխայիլ Կասյանովին այսօր ընդունել է նախագահ Քոչարյանը: Հայաստանի նախագահը զրույցի ընթացքում հատկապես կարևորել է ռուսական ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Միխայիլ Կասյանովը շեշտել է Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների նորմալ և արդյունավետ աշխատանքը ապահովելու հրամայականը:

Գնահատելով ստորագրված համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց. - «Չէի ասի, որ ամենալավ լուծումն է, բայց ամենակարևոր լուծումներից մեկն էր»:

Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատականը ավելի կտրուկ էր. - «Եթե այդ նույն մոտեցումը որդեգրեն նաև այլ երկրներ կամ այլ կազմակերպություններ, ապա Հայաստանից ոչինչ չի մնա»:

«Պարտքը մարվեց, և ձեռնարկությունները մնալու են, գործելու են Հայաստանում և, եթե կարողանանք մենք էդտեղ ապահովել համապատասխան պատվերներ, շուկան արդեն իսկ ապահովված կլինի, աշխատատեղեր կստեղծվեն», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, - «Այս առումով դրական ենք գնահատում», 15.11.2002թ.:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ