...

Պոետը մի քիչ մոլորվել է

Պոետը մի քիչ մոլորվել է

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նորաստեղծ հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է. «Արդեն 60 000 քաղաքացու անվանական ստորագրություն կա ՀՀ-ից և Արցախից, բայց իշխանությունը շարունակում է անհեռանկար գործելաոճը»։ Այնուհետև Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Քոչարյանին նույնացնելով պետության հետ, նրան կալանքի տակ պահելը համարում է անպատվաբեր գործ, ասել է. «Նրան անազատության մեջ պահելն անպատիվ գործ է և չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկանիշը և խարխլում դատական համակարգը: Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ պետությանը: Ամենապարզ ելքը խափանման միջոցը փոխելն է: Սա առաջին տարբերակն է: Իշխանությունը դատավորներին պարտադրում է հակաօրինական գործողություններ: Երկրորդ ճանապարհը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելն է: Արձագանքելով այդ քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է»:

Նրա խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ։ Փորձենք հասկանալ՝ արդյոք ընկեր Աղվանը չի՞ ուշացրել խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելը մի մարդու, ով 10 տարի երկիր է ղեկավարել և շուտով մեկ տարին կլրանա, որ կալանքի տակ է։ Փաստորեն, ընկեր Աղվանը ինքն է ասում, որ մինչև հիմա հանրային պահանջ չի եղել, ինքը նոր ուզում է ձևավորել։ Հանրությունը կարծիք ձևավորել է դեռ 1998-ից, և եթե մինչև հիմա հանրությունը նման պահանջ չունի, ապա դժվար թե ընկեր Աղվանին դա հաջողվի։ Պոետ Աղվանը մի քիչ մոլորության մեջ է։ Իսկ դատավորներին պարտադրանք եղել է Քոչարյանի իշխանության տարիներին, երբ ընդդիմադիր գործիչներին շինծու գործերով բանտ էին ուղարկում, իսկ հիմա էլ ՄԻԵԴ-ը հերթով արդարացման որոշումներ է կայացնում։ 

Ընկեր Աղվանը պետք է հասկանա, որ մեղադրյալին կալանքի տակ պահելն իրավական գործընթաց է և օգուտ ու վնաս չեն հաշվում։ Ամենայն հավանականությամբ  խաղաղ ցուցարարների վրա կրակելը պետության ու քաղաքացու շահն է պահանջել, որ հիմա էլ Քոչարյանին կալանքի տակ պահելը պայմանավորում է պետության ու քաղաքացու շահով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ  Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ, պարզագույն դեմագոգիա է։ Մարդիկ պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ, իսկ իշխանությունները կրակում են սեփական ժողովրդի վրա, նույնիսկ անգրագետ Պողոսին է հայտնի, որ գերագույն գլխավոր հրամանատարն է ասելու, թե ով է հրաման տվել։  

Դառնանք ինչպես ընկեր Աղվանն է ասում՝ ՀՀ-ից և Արցախից 60 հազար քաղաքացու անվանական ստորագրությանը։ Եթե ինչպես պոետն է պնդում, որ այդքան մարդ անվանական ստորագրել է, բա ինչու դատարանի բակում մի քանի պիցցայակերներ են։ Ընդհանրապես, Քոչարյանին աջակցում են նրանք, ովքեր նրա ղեկավարման տարիներին եղել են կերակրատաշտի մատույցներում։ Իսկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրաշալի է բնութագրել, թե ովքեր և ինչու են պաշտպանում Քոչարյանին՝ «Թե՛ հանձնախումբը, թե՛ «Վերնատունը» 20 տարվա մեծ թալանի մեղսագործների իրավունքների պաշտպանության հավաքներ են։ Բնական է, որ այդ մեծ թալանի մեղսակիցները միավորվում են և փորձում են կոլեկտիվ պաշտպանել իրենց իրավունքները և պաշտպանվել քրեական հետապնդումից։ Դա իրենց իրավունքն է» (Factor.am 18․12․2019թ):  

Թե՛ Աղվան Վարդանյանի նորաստեղծ հանձնախումբը, թե՛ «Վերնատունը», եթե համոզմունք ունեն, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի Մարտի մեկի տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հետ, ապա թող կոչ անեն Քոչարյանի պաշտպանական թիմին, որ դադարեցնեն անվերջանալի միջնորդությունները և անցնեն բուն դատական գործընթացին և մեղադրյալ Քոչարյանն ու իր պաշտպանական թիմը ապացուցեն անմեղությունը։ Անցած քսան տարիներին էր, որ դատարաններում անմեղություն ապացուցելը ֆանտաստիկայի նման մի բան էր։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1906 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ