...

Ընկեր Աղվանը երազում է

Ընկեր Աղվանը երազում է

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակ (չնայած դաշնակը նախկին չի լինում) Աղվան Վարդանյանը ծավալուն հարցազրույց է տվել կայքերից մեկին և ասել է, որ հոկտեմբերի 1-2-ին իշխանության թավշյա բռնազավթման հերթական քայլն է եղել (խոսքը 2018թ հոկտեմբերի երկուսի ժողովրդի պահանջով ԱԺ-ն ցրելու մասին է- Ջ․Ա․ ) և վստահեցրել է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու, և դա մնալու է սահմանադրական կարգի տապալման օրինակներից մեկը ու հանրային բարձր էյֆորիա է եղել։ Եվ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը մեկ մարդու կամակատարն է, խամաճիկը՝ պատրաստ իրականացնել նրա ցանկացած թելադրանք։ Ընկեր Աղվանը նաև կարծում է, որ հանրային էյֆորիան կամ վարչապետի ցանկացած հանձնարարություն հանրային մեծ ընկալում չունի։ Դժվարությամբ բայց կամաց-կամաց հանրությունը գիտակցում է իր արածի վտանգավորությունը։ Պոետ Աղվան Վարդանյանը նաև ասել է, որ վարչապետը վտանգ է հայկականության համար։

Ամենայն հավանականությամբ, նախկին պատգամավորը ՀՀ սահմանադրությունը մի քիչ լավ չգիտի, եթե իմանար, որ սահմանադրության հոդված․ 2-ն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա նման բան չէր ասի, որ հոկտեմբերի 1-2-ին իշխանության թավշյա բռնազավթման հերթական քայլն է եղել, և սահմանադրությունն է տապալվել։ 2018թ Հոկտեմբերի 2-ին ժողովրդի պահանջով ցրվել է խորհրդարանը, և նույն ժողովուրդը դեկտեմբերի 9-ին  իր իշխանությունը տվել է Նիկոլ Փաշինյանին։ Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող: Թե ինչպես է մտածել ընկեր Աղվանը, միայն իրեն է հայտնի։ Աղվան Վարդանյանը շատ իզուր հույսը դրել է ժամանակի  վրա. այս պարագայում ժամանակն իրենց օգտին չի աշխատում, եթե նույնիսկ ժամանակի ընթացքում էլ հանրային, իր ասած, բարձր էյֆորիան էլ նվազի, դրանից դաշնակները չեն կարող օգտվել։ Քսան տարին լիուլի էր։ Քսան տարի շարունակ դաշնակները մաս են կազմել կեղծված ընտրություններով իշխանության եկածներին և վայելել են իշխանության բարիքները, իսկ հիմա չգիտես ինչու ընկեր Աղվանը արդար ընտրություններով իշխանության գալը համարում է բռնազավթում։ Աղվան Վարդանյանը  վտանգ չէր տեսնում, երբ չընտրված ղեկավարը, որը ժողովրդի քվեով չէր եկել իշխանության, Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար բանակցությունների էր նստում  և կոնֆլիկտի լուծումը փակուղի էր տանում, իսկ հիմա ժողովրդի քվեով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանից վտանգ   է տեսնում։ Իսկ ներքին կյանքում արյունահեղություններից վտանգ չէր տեսնում։ Հոկտեմբերի 27, Մարտի մեկ, չբացահայտված բարձրաստիճան պաշտոնյաների սպանություներ և այսպես շարունակ։ Ընկեր Աղվանի համար սրանք վտանգներ չէին։ 

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնության կամակատար լինելուն, ապա պոետ Աղվան Վարդանյանը պարզապես պիտի լռի։ Քսան տարի լինելով իշխանությունների կոալիցիոն գործընկերը՝ դաշնակները ու՞մ կամքն են կատարել, եթե ոչ իշխանությունների, եթե իշխանությունների կամքը չկատարեին, ապա կերակրատաշտից կիլոմետրերով հեռու կլինեին։ Եթե Քոչարյանի կամքը չէիք կատարում, ապա ինչո՞ւ Ձեր կուսակից ընկերոջը՝ Պողոս Պողոսյանին Քոչարյանի կուկուները ծեծելով սպանեցին, Դուք լռեցիք, գոնե մի անգամ ձայն չհանեցիք։ Նիկոլ Փաշինյանից վտանգ չի սպասվում, այլ հարց է, թե  քսան տարվա քարուքանդ արած երկիրը Փաշինյանը կկարողանա ոտքի կանգնեցնել, այ դա ժամանակը ցույց կտա։ Լեգիտիմ իշխանությունը վտանգավոր չի կարող լինել։ Իսկ մերժվածների վերադարձն իշխանության, դա արդեն պոետ Աղվան Վարդանյանի երազանքն է։ Ընկեր Աղվանը մոռացել է, որ ԱԺ ընտրություններին անցողիկ շեմը չեն հաղթահարել, և իրենք այլևս իշխանության կցորդ չեն լինելու։ Հանրությունը պարզապես թույլ չի տա։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ