...

Հանրությունը սրանց միասնական ու անվերադարձ է մերժել

Հանրությունը սրանց միասնական ու անվերադարձ է մերժել

Մերժվածները կուսակցություններ են ստեղծում, այնուհետև այդ կուսակցությունները ներկայացնում են որպես նոր միասնական քաղաքական ուժ, և կառավարության հրաժարականն են պահանջում։ Օրերս ստեղծված Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որին նույնպես մեղադրանք է առաջադրված պաշտոնական կեղծիք կատարելու համար, 168 TV- ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է, որ ՀՀ առաջին անգամն է, որ արտախորհրդարանական ուժերն այսքան ուժեղ և այսքան միասնական են, ունեն մեկ հստակ պահանջ, ըստ որի՝ այս կառավարությունը պետք է հեռանա և իրենք ստեղծելու են անցումային կառավարություն։ Անցումային կառավարությունը պետք է կարողանա նաև երկիրը դուրս հանել այս արտակարգ իրավիճակից, իսկ դրա համար արդեն իսկ կա կոնսոլիդացիա. հայտնի քաղաքական ուժերը հավաքվել են մեկ քաղաքական օրակարգի շուրջ, և ինքը չի էլ ուզում առանձնացնել  ո՛չ Արթուր Վանեցյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին, որովհետև այս համախմբման մեջ էական չէ անձը։ Ըստ Բաբայանի՝ նոր կառավարության ձևավորման հարցը պետք է լուծվի քաղաքական ուժերի միացման ճանապահով, ուստի որպես ռեսուրս՝ պետք է դիտարկել ժողովուրդն ու հանրությունը։ «Իսկ Արթուր Վանեցյանն ունի և՛ հանրության, և՛ ժողովրդի աջակցությունը, և դրա վկայությունն է մեր կուսակցության աննախադեպ համալրումը»,- ասել է Արսեն Բաբայանը։ 

Արսեն Բաբայանը, որն ասում է, թե Արթուր Վանեցյանն ունի հանրության ու ժողովրդի աջակցությունը, իր ցանկությունն է հայտնում, ինչն ուզում է որպես իրականություն մատուցել, բայց Արթուր Վանեցյանի դեպքում իրականությունը միանգամայն այլ է։ Արթուր Վանեցյանը, լինելով երկար տարիներ ԱԱԾ-ում, եղել է աննշան մեկը: Թե որտեղից Նիկոլ Փաշինյանը կարգեց դրան ԱԱԾ տնօրեն, մինչև այսօր հանրության համար անհասկանալի ու անընդունելի է, և եթե հավելենք, որ Վանեցյանը եղել է Քոչարյանի մերձավոր շրջապատից, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Վանեցյանի մայրը Քոչարյանի ղեկավարման տարիներին նրա աշխատակազմի պաշտոնյաներից է եղել. միայն այս բաղադրիչը բավարար է, որ, եթե նույնիսկ վարկանիշ ունենար, անմիջապես զրոյանար։ Բայց դե չեղած բանը զրոյանալ չի կարող։ 

Հեղափոխությունից հետո, երբ Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանի կոպտագույն սխալն էր: Պաշտոնավարեց մեկ տարուց ավել, ինչն ապացուցեց նաև ինքը՝ պարոն Վանեցյանը։ Նա այնքան է հեռացել իրականությունից, որ չի պատկերացնում՝ եթե հանրությունը ԱԱԾ տնօրենի դեպքում համարում էր սխալ նշանակում, ո՞նց կարող է իրեն աջակցել, որ վարչապետ դառնա։ Պաշտոնավարման ժամանակահատվածում ում ծանրագույն մեղադրանք էր առաջադրվում, կամ փախած էր լինում, կամ էլ մեղադրանք առաջադրելուց հետո էր փախչում։ Զավեշտն այն աստիճանի էր հասել, որ երկրի ղեկավարի և իր՝ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցն էին գաղտնալսում, ու էդ խեղճ Վանեցյանը չէր կարող բացահայտել: Թե Արսեն Բաբայանը որտեղի՞ց է եզրակացնում, որ հանրությունն ու ժողովուրդն աջակցում են Վանեցյանին, անհասկանալի է։ 

Իսկ ինչ վերաբերում է իրենց կուսակցության շարքերը համալրելուն, ապա սույն պարոնը այդքան էլ իրականությունը չի ներկայացնում։ Հայտնի է կուսակցության խորհրդի կազմը. բոլորը նախկին մերժվածներն են, բացառությամբ Արմեն Դարբինյանի երաժիշտ տիկնոջ՝ Արմինա Դարբինյանի, իսկ Արմեն Դարբինյանը եղել է Քոչարյանի վարչապետներից: Հանրությունը միայն Սերժին չի մերժել, հանրությունը մերժել է անցած քսան տարիների ընթացքում երկիրը քարուքանդ անողներին։ Իսկ միանգամայն այլ է Ծառուկյանի պարագան. եթե չխոսենք մտավոր կարողությունների մասին, ապա Ծառուկյանն ունի մարդկանց խումբ, որոնք ժամանակ առ ժամանակ բրինձ ու մակարոն են բաժանում, և նրանք էլ կարող են աջակցել, իսկ Վանեցյանն էդ էլ չունի։ Իսկ Ծառուկյանի մասին խոսելը՝ որպես երկրի առաջին դեմքի, պարզապես ծաղր կլինի թե՛ երկրի, թե՛ Ծառուկյանի համար, ոչ միայն այն պատճառով, որ քրեական գործեր են հարուցված, այլև միայն նրա համար, որ նման մտավոր կարողություն ունեցող մարդը պարզապես չի կարող երկիր ներկայացնել։ 

Մի բանում Արսեն Բաբայանն անկեղծ է, որ ասում է՝ անձերի խնդիր չէ: Իհարկե, իրենք պահը հարմար են ընտրել. կորոնավիրուսն ամբողջ աշխարհում տնտեսության անկում է արձանագրում, ուր մնաց քսան տարի քարուքանդ արած Հայաստանի տնտեսությունը անկում չունենա: Եվ իրենք իշխանություն են ուզում ու ներկայացնում այնպես, իբրև թե երկիրն են ուզում ծանր վիճակից հանել։ Բայց ո՞վ է հավատում։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես Արսեն Բաբայանն է ասում՝ արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիային, ապա նրանք միշտ էլ կոնսոլիդացված և մերժված են եղել, պարզապես հիմա մի քանի կուսակցությունների տեսքով են հանդես գալիս և նոր կոնսոլիդացիա ներկայացնում։ Որ կողմից էլ նայում ես, նույն մերժվածներն են։ Էն Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որ ստեղծվեց մի տարի առաջ, աջակցում է Քոչարյանին, Ղազինյան Արթուրի երկու ամիս առաջ ստեղծած «Մեկ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես պաշտպանում է Քոչարյանին, սրանց էլ գումարած ՀՅԴ, և Վազգեն Մանուկյանի «Վերնատունը», ամեն ինչ պարզ է դառնում։ Ու սրանք իրենք իրենց ընդդիմություն են հռչակել ու ասում են՝ կոնսոլիդացվում ենք, և նույնիսկ համարձակվում են ասել, թե առաջին անգամն է, որ արտախորհրդարանական ուժերն այսքան ուժեղ և այսքան միասնական են։ Էս ուժերը առանձին չեն էլ եղել, որ հիմա հանկարծ միասնական դառնան, սրանք ամենասկզբից էլ միասնական են եղել, միասնական ու անվերադարձ են մերժվել հանրության կողմից։

Ջավահիր Այվազյան     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ