...

Ռևանշի ճամփան կարող են փակել միայն դատաիրավական համակարգի բարեփոխումները

Ռևանշի ճամփան կարող են փակել միայն դատաիրավական համակարգի բարեփոխումները

Մերժվածներն իրենք իրենց ընդդիմություն են հռչակել և անթաքույց հայտարարում ու սցենարներ են մշակում ռևանշի համար։ Հեղափոխությանը հաջորդած մեկ-երկու ամիսներին նրանք երազում անգամ չէին կարող տեսնել, որ կարող են ընդդիմություն լինել։ Պարզ պատճառով, որ ժողովուրդն իր իշխանությունը չի վստահի իրենց: Բայց արի ու տես, որ հեղափոխությունից երկու տարի անց արդեն սցենարներ են մշակում, Սահմանադրությանն են հղում անում։ Տեսեք-տեսեք, օրինական ճանապարհով են իշխանափոխություն անում։ 

Քոչարյանի աջակից, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը նույնիսկ անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ է ներկայացնում, այն է՝ Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում, որին հնարավոր է հասնել միայն հասարական-քաղաքական լայն համախմբման միջոցով։ Իսկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն էլ հարցազրույց է տալիս կայքերից մեկին, գրեթե նույն սցենարով դարձյալ իշխանափոխություն է ուզում և կուսակցություն է ստեղծում: Կուսակցություն է ստեղծել նաև Արթուր Ղազինյանը։

Սույն պարոններն այնպես են խոսում Սահմանադրության մասին, կարծես իրենց տերը չէր, որ ոտնահարելով Սահմանադրությունը՝ ԺԵԿ-ի թղթով նախագահի աթոռ էր զբաղեցրել իր բոլոր կործանարար հետևանքներով։

Իհարկե, մերժվածների ակտիվությունը մեծապես պայմանավորված է իշխանությունների անհեռատեսությամբ և անգործությամբ։ Տեսնենք, թե Քոչարյանի աջակիցներն ո՞ւմ հետ կարող են իրենց երազած Ազգային համաձայնության կառավարությունը ձևավորել։ Հասարակական-քաղաքական ո՞ր շրջանակներին են համախմբելու։ Սույն պարոնների ստեղծած կուսակցությունները պիտի ունենան նույն ճակատագիրը, ինչ որ ունեցել են Արամ Գասպարի Սարգսյանի, Արամ Հարությունյանի (Նուռ), Գառնիկ Իսագուլյանի կուսակցությունները. սրանք մարդ-կուսակցություններ են, որ միայն Քոչարյանին պետք եղած ժամանակ իրենց գոյությունն են ազդարարում։ 

Քոչարյանի աջակիցները երկու տարի է, տվայտանքների մեջ են։ Հանրությանը հայտնի մի քանի վարկաբեկված ժամկետանց գործիչներից բացի ոչ մի նոր դեմք չկա։ Չթվարկենք։ Հերթապահում են Արմնյուզում և 5-րդ ալիքում։ Ո՞ր մի երիտասարդ քաղաքական գործիչը կուզենա քաղաքական (քաղաքական բառը մեծ վերապահումով է) գործունեություն ծավալել մի քաղաքական ուժի ուժի հետ, որը կապվում է Քոչարյանի անվան հետ, որ վարկանիշն անմիջապես զրոյանա։ Քոչարյանը ղեկավարման 10 տարիներին այնպիսի հետագիծ է թողել, որ հասարակությունը սոսկումով է հիշում։ Դարձյալ չթվարկենք։ Այսինքն՝ հասարակական-քաղաքական լայն համախմբումը բացառվում է։ Մնում է իշխանության ներսի, ինչպես իրենք ասում, «առողջ» ուժերի հետ իրականացնեն պալատական հեղաշրջումը, ինչի արվեստին իրենք հրաշալի են տիրապետում։ Եթե քոչարյանականների հույսը կորոնավիրուսն է, որ տնտեսական անկում է լինելու, գազի գինն է թանկանալու, դարձյալ հաշվարկը սխալ է. ոչ մի պարագայում հանրությունը նախկինների վերադարձ թույլ չի տա: Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պիտի հեղափոխության պահանջները չկատարեն և ռևանշի վտանգը չեզոքացած համարեն։ Քոչարյանականների հույսը հասարակության օր օրի աճող արդարացի դժգոհությունն է, որ հեղափոխության պահանջները չեն կատարվում։

2019թ. մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. 

Առաջին՝ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում գործունեության մասին:

Երկրորդ՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացու իրավունքների խախտումներ արած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:

Երրորդ՝ բոլոր դատավորները, որ գիտեն, չեն կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:

Չորրորդ՝ անցումային արդարադատության ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար:

Հինգերորդ՝ ԱԺ-ում պետք է օրենսդրական աշխատանք կատարվի անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի, պետք է Սահմանադրական փոփոխություններ ու համաժողովրդական հանրաքվեներ անցկացնել: 

Անցել է մեկ տարի, այս խոստումներից ոչ մեկը չի կատարվել։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ էլ հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իրավական համակարգում կան դավաճաններ, դարձյալ համակարգային փոփոխություն չեղավ։ Եթե նույնիսկ նրանց չհաջողվի իրականացնել իշխանափոխության իրենց առաջարկած սցենարը, այլ հասնեն հերթական ընտրությունների, դարձյալ վտանգը մեծ է լինելու, եթե համակարգային փոփոխություն չի լինելու։ Եթե դատաիրավական համակարգը նույնն է լինելու, ապա ընտրակեղծարարներն անելու են այն, ինչ որ արել են 20 տարի շարունակ։ Ընտրակեղծիքների որջերը՝ համատիրությունները թաղի խուժանի հետ մոբիլ են, իրենք էլ տեսնում են, որ եթե երկրում ոչ մի հանցագործ չի պատժվում, իրենց ձեռքերն էլ ազատ են լինելու։ Հեղափոխության վերջնական պարտությունը չգրանցելու համար Նիկոլ Փաշինյանը պիտի կատարի խոստումները և վերջ դնի ու ժամանակ չվատնի 100 ոչինչ չասող փաստերին և լայվերին, կատարի հեղափոխության պահանջները։ Այլ պարագայում դավաճանել կլինի հեղափոխության սկզբունքներին, և պատասխան է տալու հանրության առջև։ Հեղափոխական հանրույթը չի ներելու Փաշինյանին։ Քսան տարվա ստեղծած կոռումպացված համակարգին կոսմետիկան չի օգնի։ Երբ մարդու ներքին օրգանները հիվանդ են, ամենահմուտ կոսմետոլոգն էլ չի օգնի։ Ռևանշի ճամփան կարող են փակել միայն դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Ժամանակն աշխատում է մերժվածների օգտին։ Դասականը կասեր՝ սթափվեք։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1890 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ