...

Կարինե Աճեմյանի ամուսնու համար կյանքի բնականոն ընթացք է եղել

Կարինե Աճեմյանի ամուսնու համար կյանքի բնականոն ընթացք է եղել

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսին, սերիալային դերասան, նախկիններից վաստակավորի կոչում ստացած, ինչպես ինքն է իրեն ասում՝ իրատես մտավորական Արա Դեղտրիկյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է, որ գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման. «Ամեն ինչ ավերվում է»: Իսկ լրագրողի հարցին, թե հեղափոխությունից առաջ իրավիճակն ավելի լա՞վ էր, պատասխանել է․ «Կյանքը բնականոն առաջ էր ընթանում...»։ Այնուհետև վաստակավոր արտիստը խիստ մտահոգված ասել է․ «Հայաստանի ոչ մի ղեկավար այսպես չարություն, ատելություն սերմանելով, այս փոքր ժողովուրդն այսպես պառակտելով՝ չի եկել իշխանության: Այսքան ատելություն, այսքան մաղձ այս փոքր ժողովրդի մեջ որտեղի՞ց...»:

Իհարկե, իշխանությունները, որ սխալներ արել են և անելու են, բնական է, և ոչ մի իշխանություն ապահովագրված չէ սխալներից։ Իշխանությունների հիմնական աններելի սխալն այն է, որ նախկիններին քաղաքական գնահատական չի տվել, և մինչև հիմա դատաիրավական համակարգը նրանց ազդեցության տակ է։ Հանրությունն իշխանություններից դժգոհում է այն բանի համար, որ նախկին թալանչիներն ու մարդասպանները չեն պատժվում, իսկ թե ինչո՞ւ է դրանից դժգոհում Կարինե Աճեմյանի ամուսինը, այդքան էլ հասկանալի չէ։ Իհարկե, իշխանության գալն արյունոտ մարտի մեկով, կեղծված ընտրություններով, որի արդյունքում տիկինը ԱԺ մանդատի տեր է դառնում և իրենց ընտանիքի բարեկեցությունն է ապահովում, իրեն էլ վաստակավորի կոչում է տալիս ու սերիալներում էլ զբաղվածություն ապահովում, դա պառակտելով, չարություն, ատելություն սերմանելով իշխանության գալ չէ, բնականոն առաջ ընթանալ է նշանակում։ Ո՞ւր էր մտավորականի միտքը, երբ քսան տարի իշխանություններն ավերում էին երկիրը, միայն իրենց և իրենց մերձավորների բարեկեցությունն էին ապահովում։ Ապականված էին մեր կյանքի բոլոր բնագավառները՝ նախադպրոցական հաստատություններից մինչև ԲՈՒՀ, առողջապահության համակարգը, դատաիրավական համակարգը, որ շինծու գործերով ընդդիմադիրներին բանտ էին ուղարկում, ու դա տեսնում էր ՀՀ քաղաքացին, չէին տեսնում միայն արադեխտրիկյանները և իրենց նմանները, որ կերակրատաշտին մոտ էին։ 

Մերժվածները շատ են խոսում ժողովրդին պառակտելուց, բայց քսան տարի է, ժողովուրդը պառակտված էր։ Պատկերացնո՞ւմ եք, խաղաղ ցուցարարների վրա կրակելով իշխանության գալը պառակտում ու չարություն սերմանել չէ։ Ո՞նց կարող են զոհն ու դահիճը միասնական լինել, հարուստն ու աղքատը միասնական լինել, երբ հարուստը հարստությունը կուտակել է ժողովրդին աղքատացնելով։ Արա Դեղտրիկյանի նման մտավորականի միտքը փայլատակում է միայն այն ժամանակ, երբ տիկինը զրկվել է մանդատից։ Փոքր ժողովրդի պառակտումից է խոսում. ժողովուրդն ամենևին էլ պառակտված չէ, միասնական փողոց դուրս եկավ ու մերժեց նախկիններին, հիմա էլ միասնական ուզում է, որ նախկիններին քաղաքական գնահատական տան և հեռացնեն քաղաքական ասպարեզից, ինչը կարծես թե մտավորականը մի քիչ լավ չի պատկերացնում։ Նույնիսկ իրատես մտավորական ու վաստակավոր արտիստ պետք չէ լինել հասկանալու համար այս պարզ իրողությունը, հետո էլ ինքն իրեն իրատես մտավորական է համարում։ 

Անկեղծ ասած, Կարինե Աճեմյանի ամուսնու ասածի մեջ ոչ միտք կա, ոչ էլ իրատեսություն։ Իրատես մտավորականն ասում է՝ նախկինում կյանքը բնականոն առաջ էր գնում։ Իրենք մանդատ ունեին։ Կարինե Աճեմյանի ամուսնու համար մանդատ ունենալը բնականոն է եղել։ Ո՞նց կարող էր կյանքը բնականոն լինել, երբ ընտրություններ էին կեղծվում, ապրիլյան քառօրյան վեր հանեց բանակի ողջ թշվառությունը, Սերժ Սարգսյանի ասելով 80-ականների զենքով են կռվել մեր զինվորները, զինվորների մայկա-տռուսիկը, ծխախոտը ծնողների հաշվին էր, սննդի մասին խոսելն անիմաստ է, իսկ հրամկազմը դղյակներ էր կառուցում և շրջում թանկանոց մեքենաներով։ Խաղաղ պայմաններում զինվորներ էին զոհվում, և մինչև հիմա ոչ ոք չի պատժվել։ Հարուցված քրեական գործերն են ապացուցում, թե ինչ թալան է իրականացվել երկրում։ Իրատես մտավորականի համար դա բնականոն է, և ուզում է, որ ժողովուրդն իրեն հարստահարողի հանդեպ մաղձ չունենա։ Նախկինների ավերածությունները տեսնելու համար ամենևին պետք չէ լինել իրատես մտավորական, նույնիսկ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին է հայտնի, բայց Կարինե Աճեմյանի ամուսնու համար կյանքի բնականոն ընթացք է եղել։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2847 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ