...

Կարինե Աճեմյանը սխալ պատկերացում ունի ժողովրդավարության ու տոտալիտարիզմի մասին

Կարինե Աճեմյանը սխալ պատկերացում ունի ժողովրդավարության ու տոտալիտարիզմի մասին

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը կարծիք է հայտնել, որ իրենք պետք  է 2018 թվականին ավելի կայուն գտնվեին և չհանձնվեին ու չի ցանկանում, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, կատարվի նաև Սահմանադրական դատարանի դատավորների հետ:

«Կարծում եմ՝ նրանք կկարողանան չգնալ պրովոկացիաների՝ օրենքով պարտադրվող։ Ես չեմ ուզենա, որ այդ ճնշումները՝ հակասահմանադրական և հակամարդկային, տեղի ունենան նաև Սահմանադրական դատարանի դատավորների ու նախագահի նկատմամբ. սա տոտալիտար երկրներին բնորոշ երևույթ է»,- ասել է նա։ 

Այնուհետև իշխանությունը կորցրածի մտահոգությամբ տիկին Կարինեն անհանգստություն է հայտնել, թե ՀՀ-ն գտնվում է տարածաշրջանում ընթացող թուհուբոհի կենտրոնում, և ՀՀ իշխանությունները՝ մոռանալով այդ ամենը, արտաքին թշնամիների դեմ պայքարի մասին մտածելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են փնտրում, երբ որ Արցախի հարց կա։ Միևնույն է, անկախ ներքին թշնամու փնտրտուքից, երկրում օր օրի մեծանում է բողոքի ալիքը, որն է՛լ ավելի կմեծանա գազի գնի բարձրացմամբ։ 

Սկսենք վերջից։ Հիշում եք, չէ՞, երբ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել, հարցազրույց տվեց «Երկիրմեդիային» և իր միակ հույսը ժողովրդի դատարկ սառնարաններն էին, որ հանրությունը պետք է էյֆորիայից դուրս գա։ Իսկ տիկին Կարինեի հույսն էլ գազի գնի բարձրացումն է, որ օր օրի բողոքի ալիքը մեծանա։ 

Հիմա պարզ է, չէ՞, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացված Վանեցյանի բաջանաղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ինչու է հայտարարում սպառողի համար գազի սակագնի հնարավոր թանկացման մասին այն դեպքում, երբ գազի գինը սահմանին չի թանկացել։ Այնպես որ, գազի գնի թանկացման հայտարարությունն այնքան էլ անմեղ բան չէ, ինչքան կարելի է պատկերացնել։ Նախկինների հույսը հանրության սոցիալական դժգոհությունն է, և իրենք ամեն ինչ օգտագործում են։ Ծննդատների օպտիմալացմանն ասում են՝ փակել, բայց չեն մանրամասնում, որ փակվող ծննդատունն ինչու է այդ վիճակին, որ գյուղական ամբուլատորիայից չի տարբերվում, ինչը իրենց թողած ժառանգությունն է։ Առայժմ իրենց չի հաջողվում մոբիլիզացնել հանրության դժգոհ մասսային։ Բայց դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է ձեռքերը ծալած նստեն, ավելի ճիշտ իրենց բարեկեցությունն ապահովեն՝ կրկնապատկելով աշխատավարձերը, գումարած էլ տարատեսակ պարգևավճարները: Նրանք մոռանում են, որ աղքատ երկրում աղքատությունը թե՛ ՀՀ քաղաքացու համար է, թե՛ իշխանավորի։ Մանավանդ, որ իշխանության են եկել հեղափոխության ճանապարհով։ Վարչապետը մտածելու բան ունի։ Իհարկե քսան տարի, որ Ղարաբաղի խնդրի լուծումը փակուղի տարան միայն իրենց իշխանությունը պահելու համար էր, իսկ կարինեները լռում էին։ Իսկ հիմա Կարինե Աճեմյանին անհանգստացնում է Ղարաբաղի հարցը, ինչը շահարկել է նշանակում։ 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ 2018 թվականին իրենք պետք է ավելի կայուն գտնվեին և չհանձնվեին ու չի ցանկանում, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, կատարվի նաև Սահմանադրական դատարանի դատավորների հետ, ապա տիկին Կարինեն պետք է ուշադիր կարդա ՀՀ սահմանադրության (հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին) և հասկանա, որ իրենց հետ արտառոց ոչինչ չի կատարվել և իրենք չեն հանձնել իշխանությունը, պարզապես ժողովուրդն է իրենցից վերցրել իր իշխանությունը։

Նոր իշխանությունները, ի մեծ տարբերության իրենց, լեգիտիմ են, իշխանության են եկել ժողովրդավարության ճանապարհով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրական դատարանը ծառայել է նախկին իշխանություններին և հիմա էլ է նրանց ծառայում, երբևէ չի ծառայել պետությանն ու հասարակությանը։ Ապացույցը մեկը մյուսի հետևից ՄԻԵԴ որոշումներն են, որ հարկատուներիս հաշվին է վնասի փոխհատուցումը լինում՝ պետությանը հսկայական վնաս պատճառելով։ 

Իհարկե, սա տիկին Կարինեի համար ժողովրդավարություն է, իսկ օրենքով հեռանալը՝ պրովոկացիա, որ հատուկ է տոտալիտարիզմին։ Տիկին Կարինեն ժողովրդավարության և տոտալիտարիզմի մասին մի քիչ սխալ պատկերացում ունի։ Իհարկե, նրան էլ կարելի է հասկանալ, մարդը մանդատ է կորցրել, որ դեռ մի քանի տարի էլ պետք է բարեկեցություն ապահովեր, բայց դա չի նշանակում, որ պետք է կորցնել իրատեսությունը և ասել բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և գումարած դրան՝ իրենց մասին վատ հիշողություններ են արթնացնում։

Ընդհանրապես նախկիները մի բան կարող են անել, տևական ժամանակ հանրությանը չհիշեցնեն իրենց ղեկավարման տարիների ավերածությունները։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ