...

Մի ջրբաժան էլ մեր կողմից

Մի ջրբաժան էլ մեր կողմից

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, գրել է. ««Նառա, դու սու՛ս», - ասաց իմ հարևան Պողոսը, երբ իմացավ, որ իմ նախկին գործընկեր Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել՝ ուղղված «Պողոսի հարևան Բաբկենին», այսինքն՝ ինձ))

Երբ Շարմազանովի և Աշոտյանի տների առաջ դագաղներ էին տանում, դուք ձեր կուսակիցների հետ միասին քննարկում էիք, թե որ պորտֆելները վերցնեք նոր իշխանության հետ կոալիցիա մտնելիս: 

Ի դեպ, Պողոսը սա էլ է հիշում, ինչպես նաև հիշում է, որ ժամանակին իրեն «պաշտպանում էիք», հետո ժեխ անվանում»:

«ՉԻ». Մի հատ եկեք էս թեմային հստակ անդրադառնանք: Նկատի ունենք քաղաքական գործիչների տների առջև դագաղներ, ծաղկեպսակ դնելուն և այլն:

Որովհետև էս երկու օրը շատ ընդդիմադիրներ հիշեցնում են, թե 2018-ին ոնց են Փաշինյանի աջակիցները Շարմազանովի և Աշոտյանի տների առջև դագաղներ դրել, դատապարտում են դա, խոստանում վրեժ լուծել:

Ապշեցուցիչն էն է, որ դագաղների պատմությունը հիշեցնողների մի մասը 2008 թվականին ինքն է նույն բանն արել: Առաջինը քոչարյանականներն են հուղարկավորության ծես կազմակերպել, ծաղկեպսակներով, սև ժապավեններով, ու արել են դա Լևոն Տեր-Պետրոսյանի տան առջև: Այս երևույթն առաջինն իրենք են կյանքի կոչել: Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը քոչարյանականներից ժառանգել է այդ ամոթալի ակցիան և կիրառել հանրապետականների դեմ: Ձե՛զ ենք ասում, Նիկոլ Փաշինյանին Լևոնի հոգեզավակներ անվանողներ: 

15 տարի է անցել, Առաջին նախագահի տան առջև ծաղկեպսակ դնողներից, հուղարկավորություն կազմակերպողներից ոչ ոք մինչև հիմա զղջման բառ չի ասել, ներողություն չի խնդրել, չի ասել՝ ղալաթ եմ արել, կներեք: Չէ, մի բան էլ հիմա ասում են՝ հիշո՞ւմ եք ոնց էին Նիկոլի ժեխերը 2018-ին դագաղ դնում Շարմազանովի տան առաջ: 

Այսքան ժամանակ նախկին իշխանություններից մենակ մի հոգի է դատապարտել 2008թ. Տեր-Պետրոսյանի տան առջև կազմակերպած հուղարկավորության ակցիան՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Այ, ինքը խոսելու տեղ ունի: Կարող է 2018-ն էլ քննադատել, 2023-ն էլ դատապարտել: 

Իսկ էն մնացածը, էն որ հիմա բարոյականության դասեր են տալիս, Աստվածաշնչից մեջբերումներ են անում, սկզբունքներ են խաղացնում... բայց երկերեսանիության ծովում լող են տալիս: Այ, ընկերներ, գոնե ձեններդ կտրեք, էլի: Եթե դուք 2008-ի խայտառակ ակցիան նորմալ եք համարում... հանգիստ, հանգիստ, չասեք, թե մենք տենց բան չենք ասել, որովհետև էդ դուք եք, որ շաբաթը մեկ ինչ-որ ջրբաժանների մասին եք հայտարարում. ով որ չդատապարտի էսինչ երևույթը, էսինչ մարդուն, ով որ հանդիպի էսինչ պաշտոնյային, վերջ, ուրեմն նա եսիմինչի տղա է, ով որ դագաղ է դրել 2018-ին, ուրեմն նրան հիշեցնելու ենք Չաուշեսկուից բռնած, վերջացրած Սադամով, ինչ-որ բանով: Իսկ 2008-ի մասին խոսք չկա: Այսինքն՝ դա նորմալ էր, դրա մասին խոսելու կարիք չկա, կամ էլ անհարմար է, ահագին գաղափարակիցներ կկորցնեն, տակը բան չի մնա: Բա մի հատ էլ ջրբաժան 2008-ի համար գծեք:

Ուրեմն, գնացեք, Կարինե Աճեմյանից օրինակ վերցրեք, հետո կտեսնենք: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ