...

Քոչարյանը ճիշտ կանի վերանայի իր կադրային քաղաքականությունը

Քոչարյանը ճիշտ կանի վերանայի իր կադրային քաղաքականությունը

Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ինչը ռևանշիստների ճամբարում խուճապ է առաջացրել: Այնքան են վախեցած, որ կորցնելու են իշխանության վերադառնալու իրենց միակ հենարանը, որ նույնիսկ իրենց «ոչ»-ին չեն ուզում տիրություն անել, նույնիսկ շտաբ չեն ձևավորում։  

Անկեղծ ասած, ճիշտ էլ անում են։ Եթե  համատիրություններում փող չեն բաժանելու, դպրոցներում ծնողների ցուցակ չեն կազմելու, հիմնարկներում անձնագրեր չեն հավաքելու, շտաբ ձևավորում են, որ ի՞նչ անեն։ Մյուս կողմից էլ, երբ իշխանության երկու թևերում փոփոխություն եղավ, իսկ դատական իշխանությունը մնաց նախկինների հսկողության տակ և սկսվեց մեղադրյալների բռնել-բաց թողնելու գործընթացը, այդ ժամանակ էլ մերժվածները «ոչ»-ի քարոզն սկսել էին իրենց մեդիա ռեսուրսներով, էլ շտաբ բացում են, որ ի՞նչ անեն։ Իրենց հիմնական նպատակն է, որ Քոչարյանը խուսափի արդարադատությունից, երկրում անկայունություն լինի, ինչի ապացույցն էլ անվերջ ձգձգվող Մարտի մեկի գործով դատավարությունն է. մի դեպքում մեղադրյալներից մեկի պաշտպանն է բացակայում, դատը հետաձգվում, մյուս դեպքում՝ մի ուրիշ մեղադրյալի թարգմանիչն է բացակայում և մի ամբողջ շաբաթով դատը հետաձգվում, և այսպես շարունակ։ 

Իրենց համար շահեկան է նման դատական համակարգ ունենալը, և եթե գլխավոր դատարանը մնա նույնը, ենթադրվում է, որ իրավական քաոսը շարունակվելու է։ Օրումեջ Քոչարյանի աջակիցները հավաքվում են «Հայելու առաջ», բայց հայելու մեջ իրենց չեն տեսնում, և իրենց թվում է, թե «ոչ» են քարոզում, իրականում հեռուստադիտողի հակառակ կարծիքն են ձևավորում։ Օրինակ՝ Մենուա Հարությունյանը լուրջ դեմքով ասում է, որ գալու է ժամանակը, որ կանգնեցնեն Քոչարյանի արձանը, Արամ Գասպարի Սարգսյանն էլ ասում է, որ Արցախի  հարցը պետք է լուծի Արցախի հերոսը և պատերազմի մասնակիցը, իսկ Լարիսա Ալավերդյանն էլ, ի նշան գործընկերների հետ համերաշխության, խորհրդավոր տմբտմբացնում է գլուխը և հավելում, որ իրենք պետք է ժողովրդին բացատրեն, թե սահմանադրական փոփոխությունները հակաիրավական են, հակապետական են։ Ու սրանց թվում է, թե ինչ-որ մեկը պիտի լսի իրենց ու «ոչ» ասի։ Էյֆորիա։ Իսկ Քոչարյանի առաջամարտիկ կայքն էլ թուրքերենախառը բառապաշարով անդրադարձել է Ղարաբաղի խնդրի լուծմանը և ասել է. «...Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված վետո կիրառեց (խոսքը վերաբերում է Լիսաբոնին- Ջ.Ա.), բայց Երևան վերադառնալուն պես սկսեց քարոզել, որ պետք է գնալ փուլային տարբերակով, այսինքն՝ գնալ միակողմանի տարածքային զիջումների և Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել անորոշության մեջ։ Դա փաստացի նշանակում էր վերադարձ մինչև պատերազմը եղած ստատուս քվոյին։ Այլ կերպ ասած՝ դա կապիտուլյացիա էր։ Տեր-Պետրոսյանի կապիտուլյացիոն այդ մոտեցումը մերժեցին Ղարաբաղում։ Մերժեց նաև ՀՀ իշխանության ներսի հակաքիրվայական թևը և քաղաքական ընդդիմությունը։ Տեղի ունեցավ 1998-ի իշխանափոխությունը։ Դրանից հետո իշխանությանը հաջողվեց հետ պտտեցնել Լիսաբոնյան խայտառակ գործընթացը»։ 

Անկեղծ ասած, նման դեմագոգիան պատվաբեր չէ ոչ մեկի համար, նույնիսկ՝ Քոչարյանի։ Քոչարյանը շատ իզուր էլ սրանց պահում է, պիտի վերանայի իր կադրային քաղաքականությունը։ Իրենց տիրոջը հարգելով՝ ընդհանրապես պետք է մոռանային Լիսաբոնի գոյության մասին։ Պարզ պատճառով։ Լիսաբոն հիշողն անմիջապես հիշում է նաև Ստամբուլը։ 1996 թվականին Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց, իսկ Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց խարտիան և ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նույնիսկ անգրագետ Պողոսին էլ պարզ է, որ կապիտուլյացիոն մոտեցումը Քոչարյանինն է։ Թե այս պարզ ճշմարտությունը ինչո՞ւ չեն հասկացել Քոչարյանի գրագետները, անհասկանալի է։ Դեմագոգիան շարունակելով էլ՝ փոխզիջման անունը դնում են միակողմանի զիջում։ Չեն էլ ասում, թե Ստամբուլի խարտիային Ղարաբաղը մերժե՞լ է, թե՞ չէ։ Ղարաբաղի համար ընդունելի՞  էր Ստամբուլը։ Չենք առարկում, իսկապես Քոչարյանը, որ ստորագրեց Ստամբուլյան խարտիան և հետ պտտեցրեց Լիսաբոնյան գործընթացը։ Չարաբաստիկ 1998 թվականից հետո էր, որ Քոչարյանը Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, Ղարաբաղը սուբյեկտից դարձրեց օբյեկտ, երկու երկրների միջև դարձրեց տարածքային վեճի առարկա։ Առաջին անգամ ազատագրված տարածքները Քոչարյանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց «օկուպացված տարածքներ», իսկ Քոչարյանն էլ հանրությանը բացատրեց օկուպացիոն բառի ստուգաբանությունը, ինչպես որ ինքն էր հասկանում և համեմատեց ինքնաթիռում զբաղված զուգարանի հետ։ Բանակցությունները վեր էին ածվել Ալիև-Քոչարյան անպտուղ հանդիպումների և Ղարաբաղի խնդրի լուծումը բարեհաջող տարավ փակուղի։ 

Էս բաները տեղի են ունեցել հանրության աչքի առջև, այս և նման ապատեղեկատվությունները հակառակ ազդեցությունն են ունենալու «ոչ»-ի համար։ Ո՞րն է ելքը։ Տիկին Անժելան հանուն հարազատ եղբայր Հրայրի պետք է կարճ ժամանակով դադարեցնի եթերը, մինչև քարոզարշավի ավարտը, իսկ Քոչարյանն էլ վերանայի իր կադրային քաղաքականությունը։ Իսկ «այո» ասողները գիտեն, որ իրենց «այո»-ն որոշիչ է լինելու դատական համակարգի քաոսին վերջ դնելու համար։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ