...

Հանրաքվեն ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխանեցնելու համար է

Հանրաքվեն ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխանեցնելու համար է

Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, և հանրային քննարկումների օրակարգը մինչև ապրիլի 5-ը անխուսափելիորեն կառուցվելու է հետևյալ հարցի շուրջ` ինչ ասել հանրաքվեին` «այո», թե «ոչ»:

Հանրաքվեի անցկացման խնդրով «մտահոգները», որոնք սպասարկելու են «ոչ»-ի քարոզչությունը, այս օրերին հորդորում են հանրությանը կամ բոյկոտել այս միջոցառումը, ինչի հետևանքով ընտրողների բավարար մասնակցություն չապահովելու դեպքում այն կտապալվի, կամ էլ, մասնակցելու դեպքում, անվավեր դարձնել քվեաթերթիկները` այսպիսով խաչ քաշելով անհրաժեշտ քվեների ապահովման վրա. ըստ ՀՀ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը (25 տոկոսը): Իսկ մենք ուզում ենք հիշեցնել Սահմանադրության մեկ այլ հոդված, որով սահմանվում է մարդու ազատ գործելու իրավունքը` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: 

«Այո» քարոզելն ավելի դժվար է լինելու, քան «ոչ»-ը

Թե ինչի շուրջ պետք է կառուցեն իրենց քարոզչությունը «ոչ»-ի ճամբարի «պիոներները», որոնց կազմն արդեն հայտնի է, կարելի է ենթադրել հեղափոխությունից հետո նրանց ցուցաբերած հանրային վարքագծից: Նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ տարատեսակ ՀԿ-ներ ղեկավարող այս գործիչների, իրավաբանների համույթը անցած մի քանի ամիսներին ստանձնել էր Հրայր Թովմասյանի հանրային պաշտպանի դերը: Ուստի բնական է նրանց մղումը՝ ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ-ն մնա անսասան: Նրանք նաև այն գործիչներն են, որոնք երդվյալ «ոչ»-ականներ են, քանի որ «չէ», «նայն», «նյետ» են ասում գործող իշխանությանն ընդհանրապես, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին` մասնավորապես: Չպետք է թերագնահատել նաև այսպես ասած «սողացող ոչ»-ի քարոզչությունը, որը «տակից», հին ու «բարի» ընտրական ավանդույթներով իրականացնելու են բոլոր այն ուժերը, որոնք դեմ են արտահայտվել հանրաքվեին, սակայն գերադասել են մի կողմ քաշվել: Այնպես որ, իշխանությունը պետք է զգոն լինի և բնում խեղդի ընտրակաշառքով հանրաքվեի արդյունքների վրա ազդելու ցանկացած փորձ: Հանրաքվեին «այո» ասած կուսակցություններն առայժմ երկուսն են` «Հայ ազգային կոնգրես» և «Հանրապետություն»:   

Նկատենք, որ «այո»-ի ճամբարի քարոզչությունն ավելի բարդ է լինելու, քանի որ նախ պետք է մինչև ուղնուծուծը հերքվի «ոչ»-ի քարոզչության գլխավոր պնդումը` «հանրաքվեն հակասահմանադրական» է: Ապա պետք է հնարավորինս համոզիչ, հանրամատչելի շարադրվեն հօգուտ «այո»-ի կռվանները: Նախ, այս փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար բավական է հղում անել գործող Սահմանադրության` ՍԴ-ի կազմավորմանը վերաբերող ձևակերպումներին: Նախկին իշխանությունից ժառանգություն մնացած ՍԴ-ն ոչ միայն չի վայելում լեգիտիմություն, այլև դրա կազմի ճնշող մեծամասնությունը չի պաշտոնավարում ըստ Սահմանադրության կարգի: Այսինքն, հանրաքվեն ոչ թե ՍԴ յոթ անդամներից ձերբազատվելու, այլ այն Սահմանադրության տառին և ոգուն համապատասխանեցնելու խնդիր է լուծելու: 

Հրայր Թովմասյանի ընկերն ավանսով «այո» է ասել հանրաքվեին 

Գործող Սահմանադրության «հայրերից» մեկը` Թովմասյանի հին ընկեր Վարդան Պողոսյանը, օրինակ, ժամանակին մի օգտակար ձեռնարկ է համահեղինակել, որից ստորև կատարվելիք մեջբերումները, ենթադրում ենք, կաշխատեն հօգուտ «այո»-ի: Խոսքը 2016-ին հրատարակված «ՀՀ  2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը. Համառոտ պարզաբանումներ» գրքի մասին է: Նկատենք, որ այն պատրաստվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ջանքերով: Նախ նշենք, որ ՍԴ-ին վերաբերող պարզաբանումների հատվածում հեղինակը գործածում է ոչ թե «ՍԴ անդամ», այլ «ՍԴ դատավոր» եզրույթը, ինչի շուրջ ցայսօր բանավեճ է ընթանում` նույնակա՞ն են արդյոք այդ երկու հասկացությունները: «2005թ. խմբագրությամբ սահմանադրությամբ նախատեսված` Հանրապետության նախագահի և ԱԺ-ի մասնակցությամբ ՍԴ-ի կազմի ձևավորման փոխարեն փոփոխված Սահմանադրությամբ դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ...: Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում առաջնային մանդատով օժտված միակ ներկայացուցչական մարմնի որոշումը ՍԴ դատավորների ընտրությանը հաղորդում է ժողովրդավարական բարձր լեգիտիմություն: Միևնույն ժամանակ, կարևոր նորույթ է դատավորների ընդհանուր ժողովի մասնակցությունը այս գործընթացին, որը առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորներին ևս հնարավորություն է տալիս դառնալ ՍԴ դատավոր և իրենց պրակտիկ փորձառությամբ նպաստել դատարանի գործունեությանը»,- ասված է գրքում:  

Մինչդեռ, ինչպես քանիցս նշվել է, այսօր ունենք ԱԺ-ի կողմից ընտրված միայն երկու դատավոր՝ Ա. Դիլանյան, Վ. Գրիգորյան: Մնացած անդամները նախկին, և, ինչպես օրերս ասաց ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը, «նախկինի նախկինի նախկին ռեժիմի օրոք» նշանակված անդամներ են, որոնցից մեկն էլ հենց ինքն է: ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին` ՀՀ նախագահի հրամանագրով, Արայիկ Թունյանը՝ ԱԺ որոշմամբ, 2014-ին, Հրանտ Նազարյանը` ՀՀ նախագահի հրամանագրով 1996-ին, Ֆելիքս Թոխյանը՝ ՀՀ նախագահի հրամանագրով, 1997-ին, Աշոտ Խաչատրյանը՝ 2010-ին, ԱԺ որոշմամբ, Արևիկ Պետրոսյանը նույնպես՝ 2010-ին, ՀՀ նախագահի հրամանագրով: Այսինքն, գործող կազմի անդամներից 7-ը ոչ թե ընտրվել է ԱԺ-ի կողմից, այլ նշանակվել տարբեր ինստիտուտների (ԱԺ, ՀՀ նախագահ) կողմից:

Պարզաբանումներում ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման (12 տարի) համատեքստում նշվում է մի շատ կարևոր հանգամանք. «Առանց վերընտրվելու հնարավորության պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը առավել նպաստում է ՍԴ դատավորների անկախության ամրապնդմանը` միևնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն և գաղափարական փոփոխություններ»,- ասվում է գրքում: Գրքի հեղինակներն այս տողերը գրելիս վստահաբար նկատի են ունեցել, որ սերնդափոխություն ասվածը պետք է գործի ոչ թե 30-40 տարի հետո, երբ ՍԴ անդամները ՍԴ-ում աշխատելու ընթացքում կհասցնեն ոչ միայն պապիկ դառնալ, այլև իրենց թոռներին ու ծոռներին պսակել, այլ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն` այսօր իսկ: Ֆ. Թոխյանն, օրինակ, արդեն շուրջ 23 տարի պաշտոնավարում է, Հ. Նազարյանը` 24 տարի: Խոսք կա, որ հիշյալ երկու անդամները առաջիկայում կբացեն ՍԴ-ի սերնդափոխության ճանապարհը` կօգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: 

Ինչ վերաբերում է ՍԴ-ում «գաղափարական փոփոխություններին», ապա դրանք առարկայական կդառնան թերևս միայն սերնդափոխությունից հետո` դատարանը նոր, բարձր հեղինակությամբ, որևէ կլանային ուժերից չկախված դատավորներով համալրելով:  

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ