...

Արցախի հերոս լինելը ալիբի չէ

Արցախի հերոս լինելը ալիբի չէ

Նախօրեին, երբ ՀՀ երկու տարբեր դատարաններում տեղի էին ունենում ՀՀ նախկին երկու նախագահների գործերով դատավարությունները, շատերը սյուրռեալիստական սարսուռների մեջ էին` չէին պատկերացնում, որ մի օր իրականություն կդառնա այս երկուսին դատարանի առաջ կանգնած տեսնելու փափագը: 

Իսկ այդ նույն ընթացքում ռևանշիստներին սպասարկող քարոզչամեքենան ցավագլոր էր լինում` «թուրքը տեսնում, ուրախանում է, թե ինչպես է Նիկոլը դատում Արցախի երկու հերոսներին»: Մասնավորապես Սերժ Սարգսյանի պաշտպանը դժգոհում էր, որ դիզվառելիքի գործով մեղադրական եզրակացությունը բաղկացած է 82 թերթից ու որևէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին: Ասենք` այն, որ Սերժ Սարգսյանը աշխատել է ազգային անվտանգության նախարար, 1989-ին ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, ռազմական գործիչ է եղել, գլխավորում է Շախմատի ֆեդերացիան. «Քննիչը մոռացե՞լ է, որ Շուշիի օպերացիայի վրա առկա է Սերժ Սարգսյանի ստորագրությունը, այդ հանգամանքը մոռացե՞լ է քննիչը, մի՞թե սա կարևոր չէ, որ քրեական գործում չկա: 1994թ. զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, այս փաստաթուղթը ստորագրել է Սերժ Սարգսյանը, արդյոք դա կարևո՞ր չէ։ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, քննիչն այդ մոռացե՞լ է: Զարմանում եմ: Այսօր Արցախի հերոս կոչումը շնորհվել է 27 անձի, որից մեկը Սերժ Սարգսյանն է: Այդ կոչումը շնորհում են պետությանը ցուցաբերած բացառիկ ծառայության համար»: 

«Բաց թողնված» այս կենսագրական տվյալները, փաստորեն, կարող են ծառայել որպես ալիբի և դիտվել որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց»` ազատելով դրանց համար պատասխանատվություն կրելուց: Արցախի հերոս լինելը, փաստորեն, այդ կոչումը կրողներից առնվազն երկուսին` նախկին երկու նախագահներին, բացառիկ արտոնություն է տվել անել այն, ինչը ծառայել է վերջիններիս անձնական բարեկեցությանն ու իշխանության վերարտադրմանը` ընտրությունների, հանրաքվեների պերմանենտ կեղծումից, իշխանության մոնոպոլացումից, ռազմավարական օբյեկտների օտարումից, մարդկանց ունեզրկելուց, տնավեր անելուց, կոռուպցիայի մեջ թաթախվելուց մինչև «Մարտի 1»-ի սպանդ: Արցախի հերոս լինելը, մինչդեռ, ինդուլգենցիա չէ, այլ նախևառաջ հերոսի ձեռքն ու ոտքը կաշկանդող կապանք` չանել այնպիսի բաներ, որոնք բարոյազրկում են հերոսի կերպարն ու հետապնդվում քրեական կամ որևէ այլ օրենսգրքով: Արցախի հերոս լինելը Արցախի հարցը շահարկումներից զերծ պահելու նախանձախնդրությունն է, այլ ոչ թե էժանագին պոպուլիզմի, քաղաքական սակարկությունների մակարդակի իջեցնելը, այն «Սերժի շինծու դատ»-ի համար պատրաստված պլակատների վրա հոլովելն ու զրահաբաճկոն դարձնելը` հանուն թիկունքից ներքև գտնվող մարմնամասի փրկության: Դիզվառելիքի գործով դատավարության մեկնարկը, սակայն, ցույց տվեց, որ մասնավորապես 10 տարի նախագահի պաշտոնում աշխատած Սերժ Սարգսյանի վերջին հանգրվանը եղել է և կա Արցախի հարցի շահարկումը: Վերջին հանգրվան, ինչպես գիտենք, հայտնի ասույթում ընդունված է համարել հայրենասիրությունը, իսկ որպես այդտեղ հանգրվանողներ` սրիկաներին:

Սերժ Սարգսյան սպեկուլյանտը 

Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո երեք անգամ է խախտել լռությունն ու երեք անգամ էլ զերծ չի մնացել Արցախի հարցի շուրջ սպեկուլյացիաներից, ինչը, նկատենք, նրա քաղաքական թիմն անում է ամենօրյա ռեժիմով, թերևս հենց իր` Սարգսյանի ցուցումով: 

Դեռ մինչև իրեն մեղադրանք առաջադրելը Սարգսյանը հայտարարում էր. «Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասի համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»։  

Զագրեբում` ԵԺԿ համագումարի ժամանակ, Ֆրանկլին Գոնսալեսի անվախ հորեղբայրը ի լուր աշխարհի իր մտահոգությունն էր հայտնել ԼՂ հարցով ընթացող բանակցությունների վերաբերյալ, կրկնելով այն, ինչ ասաց նախօրեին` դատարանի բակում, «ռուպռը ձեռքին». «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: «Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»: Թե ինչ է արել Սարգսյանի իշխանությունը հանուն իր գերագույն նպատակի, ցույց տվեցին նրա կառավարման 10 տարիներն ու մասնավորապես Ապրիլյան պատերազմը` երբ ի հայտ եկավ 80-ականների զենքերի փաստն ու 800 հեկտար «անպետք հողերի» կորուստը:  

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի քարոզչական թիմը այժմ մեկ գերխնդիր ունի` հետին թվով հոգատար ու երկրի անվտանգությամբ մտահոգ գործչի կերպար կերտելը, որին պետք է ներել ու «ետողորմեա» անել, քանի որ նա ինչ արել է` հանուն Ղարաբաղի է արել: Մինչդեռ բարոյականության չնչին նշույլի առկայությունը պետք է հուշեր թիմին ու թիմի «կապիտանին» առնվազն հանգիստ թողնել Արցախի թեման` դադարելով ողջ հայ ժողովրդի գերագույն նպատակը եզակի թվով, առաջին դեմքով ներկայացնելուց և որ ամենակարևորն է` այդ հավաքական նպատակը ռևանշի օրակարգի սպասարկման նպատակով օգտագործելուց: 

Փոխարենը Սարգսյանը հարկ է, որ օրակարգային դարձնի իր և իր ազգականներին, իր կառավարման տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցրած տասնյակ գործիչների հանցանք-զանցանքների «ջառման քաշելու» հարցը, քանի որ երբ ասում ենք Գագիկ Խաչատրյան, Ալեքսանդր Սարգսյան, Ռուբեն Հայրապետյան, Միհրան Պողոսյան, Գևորգ Կոստանյան..... միանգամից հասկանում ենք Սերժ Սարգսյան: Այսպիսով նախկին նախագահը մեծապես կնպաստի ՀՀ ու Արցախի անվտանգության ամրապնդմանը, քանի որ սահմանների անվտանգությունը սկսվում է ներքին անվտանգությունից ու կայունությունից, երբ ամեն ոք և ամեն ինչ իր տեղում է` ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կառավարության կաբինետներում, հանցագործները` բանտերում, պետությունից գողացված միջոցներն էլ վերականգնված` պետական բյուջեում: 

Հեղինե Մանուկյան  

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ