...

«Դուխով»-ի «ոգով»-ն է ճիշտը

«Դուխով»-ի «ոգով»-ն է ճիշտը

Հանրաքվեի քարոզարշավը, որը մինչ այս հարաբերական պասիվության ռեժիմում էր, կարծես մտել է ակտիվ փուլ. Փաշինյանն ու այո-ի քարոզչական խումբը այցելում են մարզեր ու տետ ա տետ ֆորմատով «բացատրական աշխատանքներ» տանում հանրության հետ:

Մինչդեռ «ոչ»-ականները, քանի որ ենթադրաբար տառապում են գորաֆոբիայով (երբ մարդուն թվում է, թե շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի), գերադասում են ոչ թե մարդկանց հետ կենդանի շփումը, այլ ոչ-ը ռասկրուտկա անելու «հով ու ապահով» տարբերակը` օգտվելով եթերից ու մամուլի ակումբներից: «Ոչ»-ականների քարոզչության մեխը սա է` հանրաքվեի անցկացման որոշումը չի անցել պատշաճ իրավական ընթացակարգերով, հետևապես` հակաօրինական է և հակասահմանադրական, որը հետո «շատ թանկ է նստելու ՀՀ քաղաքացիների վրա»: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «ոչիստները», ինչպես և ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանությունը, ծայրահեղության հասնող ձևապաշտներ են: Նախկին պալատական իրավաբանները, ինչպես գիտենք, ամեն ինչ անում էին ժողովրդավարական և իրավական պետության ֆասադին կուռ տեսք տալու համար, որը, սակայն, իրականում բուտաֆորիկ էր, քանի որ այդ ֆասադի տակ թաքնված էր կա՛մ դատարկություն, կա՛մ ձևական բովանդակություն: 

Ինչի մասին է խոսքը. Սարգսյանի իշխանությունը, օրինակ ձևավորել էր Կոռուպցիայի դեմ պայքարի, Էթիկայի և այլազան հակակոռուպցիոն հանձնաժողովներ, սակայն համակարգային և քաղաքական կոռուպցիան ծաղկում ու փթթում էր` ի հեճուկս այդ հանձնաժողովների: Բավական է հաշվել, թե կոռուպցիոն բնույթի քանի հանցագործության դեպք է բացահայտվել ու դրանց հետ կապված քանի քրեական գործ հարուցվել հեղափոխությունից հետո: Նույնը պետք է ասել նաև այլ օրենքների և հատկապես մայր օրենքի մասին, որոնց տեքստերը գուցե հիասքանչ են ու կատարյալ, սակայն, ինչպես ցույց էր տալիս փորձը, նախկին ռեժիմը չուներ քաղաքական ազնվության ու բարոյականության այնպիսի ներուժ, որ եվրոպական փորձագետների հավանությանն արժանացած օրենքները կիրառեր ըստ էության, այլ ոչ թե խարդախելով` ըստ կլանային շահերի ու նպատակահարմարության: Մասնավորապես Ընտրական օրենսգիրքն իր տխրահռչակ «ռեյտինգային» ընտրակարգով հանդերձ, եվրոպացիների գնահատմամբ «մե չքնաղ, մե հիասքանչ» օրենսգիրք է, սակայն դրա նպատակը ամենևին էլ քաղաքացիների ազատ կամարտահայտման իդեալականացումը չէր, այլ` ՀՀԿ-ի կողմից իշխանության մոնոպոլացմանը իդեալական տեսք հաղորդելը, ինչին ականատես եղանք 2017-ին. այդ մասին վերոնշյալ ընտրակարգի ճարտարապետներից մեկը ստիպված եղավ խոստովանել միայն հեղափոխությունից հետո: Այնպես որ, շատ կարևոր են ոչ միայն օրենքներն ու իրավական ընթացակարգերը, այլև դրանց կիրառման արդյունքներն ու հետևանքները:

Բուքիքիոյի ասածով  

Ոչ-ականները շատ են շահարկում այն հանգամանքը, որ հանրաքվեի դրվող հարցը չի ստացել իրենց պաշտելի Վենետիկի հանձնաժողովի «օքեյը», և սա ևս մեկ փաստարկ է հօգուտ հանրաքվեի «ապօրինի» լինելու: Նիկոլ Փաշինյանը նույնպես Սյունիքում այո-ի քարոզչության շրջանակում անդրադարձավ այս դիտարկմանը. «Հայաստանում կան բազմաթիվ «ոչիստներ», որոնք ասում էին՝ եկեք ՍԴ-ի այս խնդիրը լուծենք միջազգային համագործակցության արդյունքում, բայց մենք ասացինք, որ այս խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ։ Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային գործընկերությունից հրաժարվում ենք։ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, եթե նա իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պետք է հաշվի նստի այդ կամքի հետ»։ Ակնհայտ է, որ Փաշինյանը «միջազգային համագործակցություն» ասելով նկատի ուներ հենց ԵԽ Վենետիկի հանձնաժողովը, որի գնահատականներին առանձնակի երկյուղածությամբ էր վերաբերվում մասնավորապես նախկին ռեժիմը:  

Այս մարմինը, գրեթե բոլոր օրենքները, այդ թվում և 2005-ի և 2015-ի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչպես գիտենք, մեծամասամբ արժանացրել է գովեստի ու հավանության` «մեկ քայլ առաջ է նախորդից» վճռով: Այդ մարմինը գնահատում է օրենքի տեքստը, թե որքանով է այն ներդաշնակվում միջազգային չափանիշներին ու համընդհանուր հռչակագրերին: Իսկ թե ինչպիսի կիրառում կգտնի «հիանալի» բնորոշված տեքստը այն հեղինակած երկրում, Վենետիկի հանձնաժողովի իրավասության և հոգածության տիրույթում չէ: 

Այդ հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, որը, ինչպես հայտնել ենք, խիստ անհանգստացած էր ՍԴ-ի շուրջ ստեղծված կոնֆլիկտով, թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ ՀՀ-ում անցկացվում էր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորհրդաժողովը, ՍԴ մամուլի խոսնակին տված հարցազրույցում ասում է. «2015թ. Սահմանադրությունը լավագույններից մեկն է Եվրոպայում, այսօր, այնուհանդերձ, կա խնդիր սահմանադրության գրավոր տեքստի և դրա կենսագործման միջև: Դա, հավանաբար, թավշյա հեղափոխության պատճառներից մեկն էր, որովհետև հայերը ավելի մեծ սպասումներ ունեին Սահմանադրությունից, որը, ցավոք, չիրականացավ: Սա անմիջականորեն կապ ունի նաև երկրում սահմանադրական մշակույթի զարգացման հետ»: Իսկ ինչպիսին պետք է լինի նոր հազարամյակի սահմանադրականությունը` հարցին Բուքիքիոն արձագանքում է. «Սահմանադրականությունը ավելի շատ ոգի է, քան սահմանադրական տեքստ: Այդ ոգին պետք է արտացոլված լինի հասարակության, իշխանության, քաղաքացիների մտածելակերպում: Այդ գործընթացը սկսված է և շատ հետաքրքիր է դրսևորվում ՀՀ-ում»: 

ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու գործընթացը, ի հեճուկս նախկին ռեժիմի հյուսած ինտրիգների, նույնպես շատ հետաքրքիր է դրսևորվում. Բուքիքիոն և նրա մյուս գործընկերները վստահաբար տեսնում են, որ ՀՀ-ում առկա է ՍԴ-ն նախ սահմանադրական տեքստի տառին և ոգուն համապատասխանեցնելու, ինչպես նաև այդ դատարանը սահմանադրականության հունի մեջ դնելու հասարակական-քաղաքական ոգի, որի իրացման համար էլ նշանակվել է ապրիլի 5-ի հանրաքվեն: 
 
Հեղինե Մանուկյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ