...

Հակահեղափոխական դիմադրությանը պետք է հակազդել Սերժ Սարգսյանի բանաձևով

Հակահեղափոխական դիմադրությանը պետք է հակազդել Սերժ Սարգսյանի բանաձևով

Նիկոլ Փաշինյանի` կառավարող թիմին տրված հայտնի ախտորոշումը` ողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, մինչ օրս լայնորեն քննարկվում է հանրային տարբեր հարթակներում և ոչ միանշանակ հետևությունների տեղիք տալիս: Այն, որ այդ դիմադրության համար կային բավականաչափ օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալներ ու պատճառներ, կարելի էր ենթադրել: Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության կառավարման ուղենիշներից մեկը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է ու անկախ դատական համակարգի ձևավորումը: Սրանք այն հասկացություններն են, որոնք օրգանապես անհամատեղելի էին նախկին իշխանության կառավարման փիլիսոփայության հետ, թեև վերջինս իմիտացիոն պայքար էր մղում կոռուպցիայի դեմ ու դատաիրավական համակարգը բարեփոխելու բուտաֆորիկ միջոցառումներ իրականացնում: 

Արժե հիշեցնել, որ դեռևս ս.թ. օգոստոսին Փաշինյանը սենսացիոն բացահայտում էր արել` գաղտնազերծելով Սերժ Սարգսյանի կառավարման վերջին շրջանում կազմված մի փաստաթուղթ և դրանից բխող եզրակացություն արել. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է: ...Կարդալով այս փաստաթուղթը՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ Հայաստանում կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակն էլ կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է»։ 

Փաշինյանը նշեց նաև, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե կայացած են, լիարժեք գործունակ են, բայց երբ սկսում ես խորը փորել, հասկանում ես, «որ դեկորատիվ կեղևի տակ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ»: «Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար՝ այն առումով, որ մենք պետք է ոչ թե խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ մարտավարական, ռազմավարական առաջնահերթություններ ունենանք ու հերթով, առանց տուրք տալու էմոցիոնալ ֆոներին, այդ պրոբլեմները լուծենք»: Այդ փաստաթղթի հանրայնացումից ամիսներ անց կառավարման համակարգում «դիմադրության» առկայության և այն ջարդելու մասին վարչապետի հուզական հայտարարությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանի օրոք պետական ինստիտուտներին տրված այս ախտորոշումը շարունակում է արդիական մնալ, պետական մարմինները չեն կարողացել թոթափել իրենց կաթվածահար վիճակը: Սրանով է թերևս բացատրվում վարչապետի դժգոհությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից, քանզի ստացվում է, որ պետական համակարգը, որպես օրգանիզմ, իր օրգան-համակարգերի փոխազդեցությունը հոգացել է կոռուպցիայի «արյունատար անոթների» միջոցով: Այսինքն` եթե չլիներ կոռուպցիան, չէր լինի պետական համակարգը: Այժմ էլ, փաստորեն, համակարգը դիմադրում է, քանի որ կոռուպցիան, որպես փոխազդեցության պայման ու երաշխիք, «արանքից հանելու» խիստ հրահանգ է իջեցվել վարչապետի մակարդակով: 
      
Հայտարարության ազդեցությունն ու հակազդեցությունը  

Փաշինյանի հայտարարությունը նման էր պատերազմի ժամանակ սեփական բանակի մարտունակության ու բարոյահոգեբանական վիճակի մասին հակառակորդի հետախուզությանը անզգուշորեն հաղորդված հույժ գաղտնի տեղեկության: Աներկբա է, որ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը այս ամենի մասին հայտարարելով նպատակ ուներ բարձրացնել թիմի` «կառավարող զորքի» դիմադրողականությունն ու զգոնությունը` ուժեղացնել միջգերատեսչական մրցակցությունը: 

Հիշյալ հայտարարությունից արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն դրան դեռևս չի հաջորդել «դիմադրության ջարդման» որևէ առարկայական դրսևորում` կադրային համատարած փոփոխություններ կամ տեղաշարժեր, «դիմադիրների» հանդեպ պատժի որևէ տեսակի կիրառում, ինչպես, ասենք, «բանակային ավանդույթով» պատժում են դասալիքներին կամ դավաճաններին, սակայն ենթադրվում է, որ վարչապետի դիտողությունը ռեզոնանսներ կունենա ու թիմի ներսում անհրաժեշտ հետևությունների տեղիք կտա: Իսկ եթե ոչ... ապա  այս ախտորոշումը կարող է շահեկանորեն օգտագործվել  պայմանական «թշնամու»` հակահեղափոխական ուժերի կողմից` իշխանության ներսում պառակտում ու քաոս առաջացնելու նպատակով: 

Նկատենք, որ կառավարման ապարատի բոլոր օղակների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը հեղափոխական կառավարություն է «փոխադրվել» նախկին ռեժիմից: Նախարարների մեծ մասը նախկին իշխանության օրոք աշխատած պաշտոնյաներ են, այսինքն՝ հազար ու մի թելերով կապված են մերժված ռեժիմի հետ: Պետության կենսագործունեության հիմնական օրգան-համակարգերը, մասնավորապես` ֆինանսները, եկամուտները, պաշտպանությունը, անվտանգությունը, արտաքին քաղաղաքականության սպասարկումը իրականացնում  են նախկին ռեժիմի օրոք աշխատանքի սոլիդ փորձ կուտակած մարդիկ, որոնք կարող են բախվել կառավարման հին իներցիան հաղթահարելու խնդրին, ինչը կարող է դժվարացնել հարմարվելու գործընթացը` նոր իրավիճակում, նոր վերադասի «հրամանատարությամբ» աշխատելը:

Նորություն չէ, որ հեղափոխությունից հետո այս ողջ շրջանում նախկին իշխանությունն օրնիբուն զբաղված է հեղափոխական թիմի առաջին դեմքերի հակաքարոզչությամբ, նրանց ներկայացնելով որպես պատուհաս` արտաքին ուժերի թելադրանքով գործող անփորձ ու անգետ, իրենց կայացրած ժողովրդավարական ինստիտուտները խեղող, կուտակած կապիտալը մսխող «փողոցայիններ», որոնք ժամանակավոր են, շուտով պետք է հեռանան, ուստի` նրանց ցանկացած հրահանգ կամ  նախաձեռնություն խնդրահարույց է, դեմ է մեր պետական շահին, հակաիրավական, և հետևապես` չպետք է կատարել, իսկ կատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելն անխուսափելի է լինելու: Թարմ օրինակը ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի ընդունման ընթացքում և դրանից հետո արված գուժումներն են, ըստ որոնց` այն, ինչ անում է իշխանությունը, հակաիրավական է, և գալիք իշխանության առաջին անելիքների թվում կյանքի կոչվելիք այդ մեխանիզմը վերացնելն է լինելու, իսկ դրանից օգտվածներն ու թոշակի գնացածները պատասխանատվության են ենթարկվելու: 

Չենք կարծում, որ կառավարությունում աշխատող պաշտոնյաները զուրկ են ինտելեկտից ու վերլուծական մտքից և իրենց պարտականությունները կատարելիս առաջնորդվում են ոչ թե կանոնակարգերով ու օրենքներով, այլ նախկին ռեժիմի «դլե յամանին» ականջալուր լինելով: Բայց որ տարատեսակ մանիպուլյացիաներն ու «իրենց օրոք աշխատածների» նկատմամբ պերմանենտ կիրառվող հոգեբանական գրոհները իրենց նստվածքն են թողնում ու աշխատանքի տրամադրելու փոխարեն ցայտնոտ առաջացնում` դա բացառել չի կարելի: 

Ուստի, հեղափոխությանը ցուցաբերված դիմադրությունը ջարդելու կարիք չի լինի, եթե ցանկացած պետական պաշտոնյա կարողանա դիմադրություն ցույց տալ ցայտնոտին ու տրամադրվի բարեխիղճ ու երկարաժամկետ աշխատանքի: Դրա բնույթն, ի դեպ, իր պաշտոնավարման վերջին շրջանում շատ սիրուն ու լակոնիկ բանաձևել էր Սերժ Սարգսյանը`ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա:     

Հեղինե Մանուկյան 

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   2489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ