Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է «հեղափոխության պահապանների» գործողություններին:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել «Հեղափոխության պահապաններ» գրառմամբ տարբերանշանով, որտեղ երևում է՝ ինչպես է մարդկանց մի խումբ քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողություններ թույլ տալիս: Այդ անձինք ճնշում են գործադրում քաղաքացու նկատմամբ՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետին հայհոյելու համար։
Եվ ահա վարչապետն ասել է. «Ուզում եմ ասել, որ անընդունելի եմ համարում այդ գործողությունները և դատապարտում դրանք»:
«ՉԻ». Բա հետո՞: Ուրիշ լավ ե՞ք: Ի՞նչ է նշանակում՝ անընդունելի եմ համարում: Լավ է, Փաշինյանը չի հայտարարել, որ այդ պահապան կոչվածներին կասի, որ խելոք մնան:
Մինչդեռ վարչապետը միայն մի բան պետք է հայտարարեր. որ դեպքը իր անմիջական վերահսկողության տակ է, որ ոստիկանապետին կարգադրել է սեղմ ժամկետներում հայտնաբերել այդ պահապաններին, դրանց ասֆալտին փռել, «Վրեմյայով» ցույց տալ, քրեական գործ հարուցել: Վերջում էլ պետք է զգուշացներ բոլոր նրանց, ում մտքով կանցնի նման քայլեր կատարել, կծեփվեն պատերին:
Փոխարենը՝ ընդամենը մի հատ թավշյա հաթաթա: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը ճանաչում է այդ պահապան կոչվողներին և չի ցանկանում առանձնապես խիստ արտահայտվել: Լավ չի, լավ չի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020